Ցանկացած ասածս ուժի մեջ է․ Թորոսյանը վերահաստատում է իր խոսքերը Արա Մինասյանի մասին

Ցանկացած ասածս ուժի մեջ է․ Թորոսյանը վերահաստատում է իր խոսքերը Արա Մինասյանի մասին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը հունիսի 7-ին պարտավորեցրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին Ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ եթերի միջոցով հրապարակային ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» տնօրեն Արա Մինասյանից։ Թորոսյանը, հիշեցնենք, Մինասյանի ղեկավարած բուհաստատությունում տեղի ուենցած չարաշահումների մաիսն խոսելիս հետևյալ արտահայտություններն էր թույլ տվել՝ նկատի ունենալով հենց Մինասյանին․ «Կազմակերպված, խմբակային հանցավորություն է, ոչ թե սովորական: Ու էդ կազմակերպված հանցավորության բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը հանկարծ չզրկվի իր աթոռից»։

Hraparak.am-ն այսօր հետաքրքրվեց Արսեն Թորոսյանից, թե պատրաստվո՞ւմ է, արդյոք, ներողություն խնդրել Արա Մինասյանից։

«Երկուշաբթի, ժամը 1-ին փաստաբանս մամուլի ասուլիս կտա հետագա դատավարական քայլերի մասին՝ պատասխանելով ձեր հարցերին»,-ասաց նախարարը։

-Հնարավոր է՝ բողոքարկե՞ք դատարանի որոշումը։

-Բոլոր հարցերին փաստաբանս կպատասպանի։

-Հիմա, եթե դատարանը վերջնական որոշի, որ Արա Մինասյանը ճիշտ էր, Ձեր արժանապատվությունը թույլ կտա՞ ներողություն խնդրել։

-Ես կարող եմ ասել, որ բոլոր ասածներս ուժի մեջ են։

-Ամեն դեպքում, դատարանի որոշումը մեր երկրում գերակա է՝ անկախ նրանից, որ դուք երբեմն շրջափակում եք դատարանների դռները։ Հիմա Դուք պատրաս՞տ եք ենթարկվել դատարանի որոշմանը։

-Ես պատասխանեցի Ձեր հարցին, մեր բոլոր հետագա քայլերի հետ կապված մամուլի ասուլիս կտանք և բոլոր հարցերին կպատասխանենք, այդ թվում՝ փաստաբանն իր մասնագիտական կարծիքը կհայտնի վճռի վերաբերյալ։

-Այսինքն՝ հնարավոր է, որ դատարանն իր վճիռը փոխի՞։

-Հայաստանում կա եռաստիճան դատական համակարգ։

-Այսինքն՝ կբողոքարկե՞ք։

-Պատասխանը փաստաբանը կտա։

-Անկախ նրանից՝ ինչ կլինի, գուցե Վճռաբեկում շահեք դատը, այս գործըթնացը կարո՞ղ է առիթ հանդիսանալ, որ Դուք հետայսու ավելի զգույշ լինեք Ձեր խոսքում, որ նորից դատի չտան Ձեզ։

-Ես արդեն ասացի՝ ցանկացած ասածս ուժի մեջ է, և ես միշտ պատասխանատու եմ իմ բոլոր ասածների համար ու կլինեմ։

-Այսինքն՝ այն, որ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գործել է բանդա, և այդ բանդայի պարագլուխը եղել է Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյա՞նը։ 

-Դա Ձեր խոսքերն են։ Ես ասել եմ այն, ինչ ասել եմ։

-Ոչ, Ձեր խոսքերն են։ Ես բառացի մեջբերեցի Ձեր խոսքերը։

-Դուք բառացի չեք կարդացել, ես ասացի այն, ինչ ասացի։