Շիրակի մարզն առանց մարզպետի ու տեղակալների, անտերունչ է. ով ում է մեղադրում

Շիրակի մարզն առանց մարզպետի ու  տեղակալների, անտերունչ է. ով  ում է մեղադրում

Շիրակի մարզպետարանում, ինչպես աշխատակիցներից մեկն ասած, անտերունչ վիճակ է: Մարզը մնացել է առանց մարզպետի ու փոխմարզպետների: Այսօր արդեն հրաժարական է տվել փոխմարզպետ Արա Մելիքջանյանը, ինչը մարզպետարանի աշխատակիցների համար անակնկալ չէր: Մարզպետարանի շենքի պատերից դուրս շշուկներն օրեր առաջ էին լսվում, թե Արան Սարուխանյանից հետո մնացողը չէ: Արա Մելիքջանյանը ՔՊ անդամ է , նրան այս պաշտոնին առաջարկել էր կուսակցությունը, սակայն մարզպետ Կարեն Սարուխանյանի ԱԺ գործուղվելուց հետո խաղի կանոնները փոխվել են:

Մարզպետի պարտականություններն ընկել են փոխմարզպետ Վարդան Գրիգորյանի ուսերին: Նա անկուսակցական, է եւ խոսակցություններ էին տարվում, որ հենց նա էլ կնշանակվի մարզպետ, բայց ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, ՔՊ-ն Շիրակի մարզում մարզպետի այլ թեկնածու ունի, եւ մարզպետարանում թիմային փոփոխություն է սպասվում: Երրորդ փոխմարզպետը՝ Սոֆյա Հովսեփյանը, նույնպես ԱԺ է գործուղվել:

Բայց ինչպես երևում է, մարզպետարանի խնդիրները դեռ նրան հուզում են: Երեկ նրա եւ Շիրակի նախկին դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանի միջև ֆեյսբուքյան էջում տհաճ խոսակցություն է գրանցվել: Արդեն պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը մեղադրում էր ՀՅԴ-ին Շիրակի մարզը ավերելու մեջ: Արթուր Խաչատրյանն այնքան էր վրդովվել, որ տարածել էր իր եւ ԱԺ պատգամավորի խոսակցությունը: «Սոֆյա Հովսեփյան կոչված նորելուկ պատգամավորն ինձ, ի թիվս այլոց, մեղադրել է Շիրակի մարզն ավերելու մեջ: Եթե հավես ունենայի գլուխ դնել, դատի կտայի զրպարտության համար: Բայց եթե ինքը փաստեր ունի, թող դիմի դատախազություն: Ուրախ կլինեմ հետը դատարանում հանդիպել:

Հա, մեկ էլ, եթե այդքան քաջ էիր, ինչու՞ դրա մասին ինձ չէիր ասում, փոխարենը պատիվ էիր համարում, որ քեզ ընդունում էի»: «Արթուրը շատ կարճ է եղել այնտեղ և որակի տեսանկյունից միշտ էլ ափսոսացել եմ, որ այդ կուսակցության անդամ է,…..միակ արտահայտությունս պարոն Խաչատրյան ձեր մասին, և կխնդրեմ դիմեք դատարան, ես կլռեմ մինչև դատարան հասնելը»,-խոսակցությունը փորձել է մեղմել պատգամավորը։