Մնում է նստվածքը, որ կադրային քաղաքականությունը չի համապատասխանում այդ ամենին

Մնում է նստվածքը, որ կադրային քաղաքականությունը չի համապատասխանում այդ ամենին

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ Հայաստանն այնքան անհրաժեշտ միավոր է տարածաշրջանում Ռուսաստանի համար, որ մեր իշխանությունների քաղաքականությունն իրենց քիչ է հետաքրքրում։


Այս մասին նա հայտարարեց Hraparak.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին են հայ-ռուսական հարաբերությունները թավշյա հեղափոխությունից հետո։

«Կա մի պարզ իրողություն՝ Նիկոլ Փաշինյանը մինչեւ ՀՀ վարչապետ ընտրվելը, իր պատգամավորական գործունեության ընթացքում, դրանից առաջ էլ  ուներ հակառուսական կեցվածք, սակայն հիմա տեսնում ենք, թե ինչպիսի պրոռուսական դիրքորոշում է որդեգրել ինքը։ Եվ հիմա ով էլ լինի իշխանություն, հասկանա, թե Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական եւ անվտանգության խնդիրները որքանով են իրար շաղկապված, ստիպված է լինելու այդ քաղաքականությունն իրականացնել։

Ամբողջ խնդիրն այն է, որ իրականացվի արժանապատիվ քաղաքականություն։ Սա՛ պետք է լինի Հայաստանի իշխանությունների գերխնդիրը։ Պետք է իշխանությունները կարողանան արժանապատիվ եւ վստահելի հարաբերություններ ձեւավորել ՌԴ-ի հետ։ Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ մեկ տարվա ընթացքում որքան էլ Հայաստանի իշխանությունները ներկայացնում են իրենց դիրքորոշումը, մնում է այն նստվածքը, որ եղել է կադրային քաղաքականություն, որը չի համապատասխանում այդ ամենին։ Եղել է ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրը, որը հարթված չէ։ Կարծում եմ, որ պետք է վերանայել քաղաքականությունը եւ ոչ միայն ՌԴ-ի, այլեւ մեր բարեկամ երկրների հետ  ունենալ լավագույն հարաբերությունները։

Թուրք-ադրբեջանական տանդեմն այսօր մեծ վտանգ է ներկայացնում մեզ համար։ Եվ պատերազմ չլինելը ոչ թե մեր հզորությունից է կախված, այլ ԱՄՆ-ն, Եվրոպան, ՌԴ-ն, Չինաստանը, Իրանը չեն ցանկանում, որ այս տարածաշրջանում պատերազմ լինի։ Մենք պարտավոր ենք ավելացնել մեր բանակի հզորությունը, զարգացնել տնտեսությունը, բայց այդ ամենը չի զրկի Թուրքիային եւ Ադրբեջանին մեր դեմ ռազմական գործողություններ սկսելու մտադրությունից։

Օրինակ՝ Նախիջեւանում կուտակված է 50 հազարի մոտ բանակ։ Ի՞նչ եք կարծում, նրանք այդպիսի լուրջ եւ ծախսատար զորավարժություններ են անում այդ տարածքում, որ մեր ագրեսիան զսպե՞ն։ Այնտեղ թուրքական աշխարհի միավորման խնդիր է դրված։ Մենք այս պայմաններում պարտավոր ենք անընդհատ աչալուրջ լինել եւ հասկանալ, որ բարեկամ երկրների հետ պետք է ունենալ լավագույն հարաբերությունները»,- նշեց Արամ Սարգսյանը։