Դեռ 1993թ․ Տեր-Պետրոսյանից պահանջում էին ինձ հեռացնել աշխատանքից 

Դեռ 1993թ․ Տեր-Պետրոսյանից պահանջում էին ինձ հեռացնել աշխատանքից 

Հայ-ռուսական հարաբերություններում խաղաղ ու անվրդով ժամանակներ չեն։ Եվ Պուտին-Փաշինյան  հաճախակի հանդիպումները, փոխադարձ գրկախառնությունները,  դաշնակցային հարաբերությունների մասին հավաստիացումները չեն ցրում մտավախությունը, որ ՌԴ-ն պարբերաբար կարող է խնդիրներ ստեղծել Հայաստանի համար։

 Օրերս համացանցում աղմուկ բարձրացրեց  Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմիի հետ կապված միջադեպը, երբ Հայաստանի սահմանապահները արգելել էին նրան մուտք գործել մեր երկիր՝ ՌԴ-ի պահանջով։ 

«Զվարթնոց» օդանավակայանում հայաստանցի սահմանապահները նրան ասել են, որ ինքն «անցանկալի անձ» է երրորդ երկրի համար, չեն նշել այդ երկրի անունը, սակայն հրաժարվել են պատգամավորին թույլատրել մուտք գործել Հայաստան։ 
Երկուսուկես ժամ օդանավակայանում անցկացնելուց հետո Նայեմը կարողացել է հատել սահմանը՝ Երեւանում Ուկրաինայի  դեսպանատան աշխատակիցների եւ երեւանյան միջոցառման կազմակերպիչների ջանքերի շնորհիվ։ 

ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կարդացել է ինչ-որ պետիցիայի մասին, որով պահանջում են «Զվարթնոց» օդանավակայանից հեռացնել ՌԴ սահմանապահ զորքերին։

«Ես դրա դեմ պայքարել եմ դեռ 1993 թվականից, նույնիսկ մի սահմանապահի ապտակել եմ, որ նա ուղեւորից գումար էր վերցրել սահմանը հատելու համար։ Եվ այդ ժամանակ հայ-ռուսական հարաբերությունները վատթարացան այնքան, որ նույնիսկ  ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար Նիկոլաեւը Տեր-Պետրոսյանից  պահանջում էր ինձ հեռացնել աշխատանքից։  Ի դեպ, հետագայում նրան մեղադրեցին կոռուպցիայի մեջ եւ ազատազրկեցին։ Հիմա միջպետական պայմանագրով կա Իրանի եւ Թուրքիայի սահման, ի՞նչն են վերահսկում ՌԴ սահմանապահ զորքերը, թե ով եկավ, ով գնաց Հայաստան Թուրքիայի ճանապարհով։ Բայց ցամաքային սահմանն իրենք չեն վերահսկում։ Մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ վասալային են։ Իսկ մեր վասալային հարաբերությունները կմնան այնքան ժամանակ, քանի դեռ կա ռուսական կայսրապաշտությունը։ Վերջերս լսում էի ռուս հաղորդավար Նեւզորովին, ինքը շատ սիրուն քննադատում էր ռուսական քաղաքականությունը, հիմնականում անդրադառնում էր ռուս-ուկրաինական հարաբերություններին։ Հիմա կա վտանգը։

Քանի դեռ Հարավային Կովկասի երեք հանրապետություններով լեզու գտնել, ռուսական շահերն այստեղ միշտ էլ առաջ են մղվելու։ Եթե մենք կարողանանք Ադրբեջանի հետ նորմալացնել մեր հարաբերությունները, չգիտեմ, թե ինչ մեխանիզմով, ապա ռուսական շահերը կթուլանան։ Կան տարբեր միտումներ, որ մեկ տարի հետո կարող է ՌԴ-ից  ութ  հարյուր հազար հայ վերադառնալ Հայաստան։ Մենք պատրա՞ստ ենք դրան։ Ես չգիտեմ, թե ինչքան կտեւի Պուտինի ռեժիմը»,-ասաց Շահեն Պետրոսյանը։

ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետի աչքից չեն վրիպել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ, մասնավորապես, որ նա հայտարարել է, թե ոչ ոքի ավելի շատ չի քննադատել, որքան ԱՄՆ-ին։

Շահեն  Պետրոսյանը հիշում է․ «Կարծեմ ԱՄՆ-ի կոնգրեսմեններից մեկն էլ արձագանքեց Փաշինյանին, որ գործ արա 
քննադատության փոխարեն։ Ես, իհարկե, ողջունել եմ թավշյա հեղափոխությունը, դրա ջատագովն եմ։ Սակայն կարծում եմ, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում մի քիչ ավելի արժանապատիվ պետք է պահեն իրենց մեր իշխանությունները»։