Շուշին հիասքանչ է նաեւ այս վիճակում

Շուշին հիասքանչ է նաեւ այս վիճակում

«Reuters»-ը հունիսի 6-ին մի «հոգեցունց», թե՞ «հոգեթով» հրապարակում է արել (հոդվածագիր Նաիլիա Բագիրովա) : Հոդվածագիրը գրում է. «Շուշայի շրջակայքը ժամա­նակին կոչվել է «Ադրբեջանի Շվեյցարիա»՝ իր անտառապատ բլուրների և մեղմ կլիմայի համար. մականուն, որը հերքում է էթնիկ ադրբեջանցիների և հայերի միջև ավելի քան մեկ դար ձգվող պարբերական բռնությունների պատմությունը: Բայց, խորհրդային տարիների զբոսաշրջային հանգստավայրի համբավ ունեցած, նրանց կողմից զավթված, Շուշան նախկինի ստվերն էր դարձել: Մոտ 4000 էթնիկ հայեր, որոնք բնակվել էին այստեղ և այն անվանել Շուշի, փախան՝ իրենց ետևից թողնելով դատարկ քաղաք, որի վրա մինչ օրս պահպանվել է 1992 թվականի սպիների մեծ մասը»:

Վերջապես պարզ դարձավ հետևյալ «խորիմաստ» միտքը. «Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին, եթե պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում»: Պարզ դարձավ նաև, որ Շուշին դժբախտ ու դժգույն էր դարձվել 1992 թվականից ի վեր:

Այդ դեպքում, ինչպե՞ս հասկանալ Ահիդ Ալեքպերովին, ով, ըստ իր պատմելու, Շուշին լքել է, երբ եղել է 25 տարեկան, իսկ վերադարձել 56 տարեկանում: Վերադարձել է որպես շինարար, սակայն անհամբերությամբ է սպասում այն օրվան, երբ Շուշիի նախկին բնակիչներին կթույլատրվի վերադառնալ իրենց նախկին բնակավայր: Նա այցելել է իր ընտանիքի հին տան ավերակները: «Դրանից մնացել են պատերը».-ասում է նա՝ պոկոտելով դեղին պաստառը: «Ես աշխատում եմ ընկերությունում, որը զբաղվում է քաղաքի վերականգնմամբ: Բայց, այս վիճակում էլ Շուշան հիասքանչ է».-ասում է նա: Այսինքն՝ Ահիդի համար, նույնիսկ, ռմբակոծված, ավերված Շուշին դժբախտ և դժգույն քաղաք չէ, հակառակը՝ այն սքանչելի է: 

Հավանաբար՝ ինչ-որ բան կորցնելուց ու գտնելուց հետո է միայն ամեն ինչ արժևորվում:

Գագիկ Վարդանյան