Գինին, Սարյանն ու գուրուն

Գինին, Սարյանն ու գուրուն

Գինու փառատոնին չգնալը մի այիբ է, հազարավոր թիկնապահներով գնալը՝ երկու: Չես գնում՝ ասում են՝ խմող չի, գնում ես՝ թիկնազորդ քեզնից կես քայլ էլ չի հեռանում՝ խայտառակվում ես: Իմ լավ բարեկամ Գալուստ Գրիգորիչն ասում էր՝ հարսանիքը հարսանքավորներով է գեղեցիկ: Բնականաբար, գինու փառատոնն էլ պետք է գեղեցիկ լինի գինի համտեսող մասնակիցներով, մինչդեռ Սարյանում այդ օրն ընդամենը մի գեղեցիկ մասնակից կար, իսկ մնացածը թիկնազոր էր, որ եկել էր ոչ թե գինու համտեսի, այլ այնտեղ բերված (բառիս բուն իմաստով) գեղեցիկ այցելուին պաշտպանելու համար: Ահա այսպիսին էր Սարյան փողոցի մթնոլորտը, որն այդ գեղեցիկ այցելուի աշխատակազմի էն իքը՝ ղեկավարը, համեմատել է 2018թ. մթնոլորտի հետ:

Խոսքը հայտնի բանջարաբոստանային կուլտուրայի հետ ասոցացվող Արայիկ Հարությունյանի մասին է, որ գործող իշխանության ընդամենը չորս տարիների ընթացքում հասցրել վաստակել միայն «նախկին» մակդիրը (ԿԳՄՍ նախկին նախարար): Ասոցիացիաներս մի կողմ՝ բայց ինձ մի հարց է հետաքրքրում՝ Արայիկն ինչպե՞ս զգաց Սարյան փողոցի մթնոլորտը, երբ ինքն առհասարակ այնտեղ չէր: Գոնե ես չեմ տեսել իրեն տաղավարների մոտ քայլելիս կամ գինի համտեսելիս: Մինչդեռ գինու փառատոնի գլխավոր այցելուի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է զբաղեցնել այցելուի տիկնոջը, առաջարկել, որ նա համտեսի, օրինակ, 2018թ. բերքից քամված գինու տեսակներ եւ այլն: Արայիկ Հարությունյանը, արդյոք, տանը, դիվանին նստած չի՞ գրել իր ստատուսը, թե՝ Սարյանում 2018-ի մթնոլորտ էր:

Բայց ինչ ճիշտ է՝ ճիշտ, հայ հանրության մի որոշակի հատված մեծ ցնծությամբ դիմավորեց իր կումիրի հայտնվելը գինու փառատոնի կիզակետում, որ տեղի ունեցավ բավականին անսպասելի՝ առանց նախնական ծանուցման: Այդ ինչպե՞ս էլինում, որ Բրյուսել ու Մոսկվա գնալը ծանուցում են, իսկ Սարյան փողոց այցը՝ ոչ: Հայ հանրության այդ որոշակի հատվածն ուղղակի ոռնոց բարձրացրեց սոցիալական ցանցերում, թե «տեհա՞ք ինչ արավ մեր կումիրը, տեհա՞ք ինչ քաջ ա, այցելեց ընդդիմության ճամբարի հարեւանությամբ գտնվող Սարյան փողոց ու չվախեցավ»: Իհարկե՝ չայցելեց… Նրան Սարյան փողոց բերեցին, բերեցին, որ ցույց տան այդ հանրության որոշակի հատվածին եւ մի քանի կադր էլ դուրս-մուրս ուղարկեն, որպեսզի դրսերում էլ տեսնեն գուրուի մեծ ժողովրդականությունն ու գնահատեն: Այսպիսի հնարքով, սակայն, գուրուի աշխատակազմի ղեկավարն ու քարոզչության պատասխանատուները կարող են իրենց գուրուին խաբել, մեկ էլ մեր հանրության այն հատվածին, որ տակավին մնացել է 2018թ. խեղկատակության պանելների տակ: Հենց այդ հատվածն էլ գրոհում է ընդդիմության ճամբարը․ բա ասում էիք՝ ուր գնա, հետեւից գնալու եք… Ժողովուրդ ջան, մի հատ հանգստացեք, ձեզ հնարավորություն է տրվել վայելելու 2018թ. մթնոլորտը… Ի դեպ, դո՞ւք ինչու ներկա չէիք գուրուի գինեկոնծության արարողությանը, չէի՞ն հրավիրել, թե՞ Սարյան փողոցում տեղ չկար թիկնապահների պատճառով:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչու ընդդիմությունը չշրջափակեց գուրուի գինեկոնծության արարողությունը: Սա շատ կարեւոր է, որովհետեւ սոցիալական ցանցերում վխտացող որոշ «ընդդիմադիր» փարթամ կանայք, կիսամերկ վիճակով լայվ մտնելու մասնագետ, անընդհատ այս հարցերն են բարձրացնում՝ բա գնայիք, բա խանգարեիք, բա ասում էիք՝ հետեւից գնալու եք… Մեկ էլ մուննաթով՝ մենակ չասեք՝ չգիտեինք, որ նա լինելու է Սարյան փողոցում… Սիրով պատասխանում եմ, բայց ոչ ձեզ՝ ով «ընդդիմադիր» տիկնայք, այլ ձեր հարցերին: Դիմադրության շարժումը, ի տարբերություն գուրուի, իր քայլերի մասին հայտարարում է նախօրոք: Իսկ այս անգամ հայտարարվել էր, որ կիրակի հանրահավաք եւ երթ չեն լինելու: Ի՞նչ էր պետք անել՝ շտապ հավաք հայտարարել ու գնալ Սարյան փողոցում գուրուին բռնելո՞ւ: Հունիսի 3-ին, երբ պարզ դարձավ, որ գուրուի պատգամավորներն ԱԺ-ից թռել են, որպեսզի արտահերթ նիստ չգումարվի, Ֆրանսիայի հրապարակում հայտարարվեց, որ պետք է գնալ կառավարության տուն՝ նույն հարցով գուրուին «տեսնելու»: Ի՞նչ արեց գուրուն: Չսպասելով աշխատանքային օրվա ավարտին՝ թռավ, որ հասցնի պահմտել դաչաներում: Երթը գնաց նրա հետեւից, իսկ թե մութն ընկնելուն պես ինչ տեղի ունեցավ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների տխրահռչակ խաչմերուկում՝ բոլորը գիտեն, այդ թվում եւ դուք՝ լայվ մտնելու վարպետ «ընդդիմադիր» տիկնայք: Ես ձեզ կառաջարկեի հարցերն ուղղել գուրուին՝ դու էդ ի՞նչ տեսակ գուրու ես, որ փախչում ես քո ժողովրդից, չգիտեի՞ր, որ ժողովուրդը դաչաներ է եկել քո հետեւից: Ու մեկ էլ նեղություն քաշեք գուրուից հետաքրքրվել՝ ինչո՞ւ ներկա չէիր Սարյան փողոցում գինու փառատոնի բացմանը եւ ինչո՞ւ Սարյան այցելեցիր միայն կիրակի, երբ Ֆրանսիայի հրապարակում հավաք չկար: Ընդ որում, սիրելի գուրու, դու գիտեիր այդ մասին, որովհետեւ Դիմադրության շարժումը նախապես էր հայտարարել:

Դիմադրության շարժմանը մեղադրում են նաեւ գուրուի լոգիստիկ շարժերի մասին ինֆորմացիա ունենալու մեջ: Շնորհակալություն, իհարկե, բայց մի մոռացեք ձերդ փարթամություն գեղեցկուհիներ, որ հաճախ հնարավոր չի լինում գուշակել, թե տվյալ պահին որտեղ կարող է հայտնվել «անորսալի Ջոն»: Չմոռանանք, որ նա հետքերը խճճելու մեջ նույնքան վարժ է, որքան դուք կիսամերկ վիճակում լայվ մտնելու մեջ:

Հուսամ՝ այսքանը բավական էր մի այնպիսի իրադարձություն հասկանալու համար, որ կոչվում է գուրուի մասնակցությամբ գինու փառատոն՝ Սարյան փողոցում: