Հայկ Զաքարյանին կոմայի մեջ տարել են Գերմանիա, կոմայով հետ են բերել. Անիմաստ ծախսված գումարներ

Հայկ Զաքարյանին կոմայի մեջ տարել են Գերմանիա, կոմայով հետ են բերել. Անիմաստ ծախսված գումարներ

44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայող Հայկ Զաքարյանը, որը մոտ մեկ տարի բուժումներ էր ստանում Գերմանիայում, օրերս տեղափոխվել է Հայաստան: Նա այժմ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում է: 

Ծնողները դեմ են եղել, որ տեսախցիկներ ու լրագրողներ բերվեն, եւ նկարահանեն հերոսի վերադարձը: Երբ մեկ տարի առաջ Հայկ Զաքարյանին տանում էին Գերմանիա, նա կոմայի մեջ էր: Մեկ տարի արտերկրում բուժվելուց հետո նա կրկին մի վիճակում է, որը բժիշկներն ախտորոշում են որպես արթուն կոմա:

Հիշեցնենք․ Հայկը վիրավորում էր ստացել Քարվաճառի Օմարի լեռնանցքում: Նա ընդամենը 18 տարեկան էր, երբ մասնակցեց պատերազմական գործողություններին ու հոկտեմբերի 13-ին բեկորային վնասվածք ստացավ գլխի շրջանում: Նախ վիրահատվել է Վարդենիսի հոսպիտալում, ապա՝ «Աստղիկ» ԲԿ-ում: «Աստղիկի» վերակենդանացման բաժանմունքում 6 ամիս կայուն ծանր վիճակում անցկացնելուց հետո տեղափոխվել է Գերմանիա եւ բուժվել ՀՀ կառավարության հատկացրած գումարներով: 

Հայկ Զաքարյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հայդելբերգ քաղաքի SCHMIEDER բուժհաստատությունում իրականացվող բուժման ծախսերը վճարելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանն անցյալ տարվա մարտին հատկացվել է 71 մլն 389 հազար դրամ: Հետագայում բուժումը երկարացվել է, եւ նոր հատկացումներ են արվել: Հայկի եւ մեկ այլ վիրավոր զինծառայողի՝ Արսեն Յավրումյանի՝ Գերմանիայում մեկ տարի շարունակ բուժվելու համար մեր կառավարությունը գերմանական հիվանդանոցներին ահռելի գումար է հատկացրել՝ 567 մլն 622 հազար 517 ՀՀ դրամ: Այսինքն, 1200-1600 եվրո՝ մեկ օրվա համար: Նման գումարով կարելի էր մի ամբողջ վերականգնողական կենտրոն մեկ տարի շարունակ պահել ու բուժել հարյուրավոր վիրավոր ու հաշմանդամ տղաների: Գոնե եթե այս ծախսերն արդարացված լինեին, եւ բուժումն օգներ, կարելի էր համարել, որ պետությունն իր պարտավորությունն է կատարում հայրենիքի համար հաշմանդամ դարձած տղաների առաջ։ Ամենավատն այն է, որ բուժումը ցանկալի արդյունք չի տվել: Հայկ Զաքարյանին կոմայի մեջ տարել են, կոմայով հետ բերել: 

Արսեն Յավրումյանը դեռ գտնվում է Գերմանիայում: Նա այնտեղ է արդեն մեկ տարուց ավելի: Նախնական տվյալներով, Գերմանիայում նրա բուժման համար պահանջվում էր 130 հազար եվրո: Նա պետք է վիրահատվեր 3 անգամ: Ի դեպ, արտերկիր տեղափոխման ծախսերը հոգացել են կամավորները, սոցցանցերում դրամահավաք կազմակերպելով՝ մարդիկ հավաքել էին մոտ 3 հազար դոլար: 

Բայց ամբողջ հարցն այն է, որ պետությունը, որը նման շռայլ փոխանցումներ է արել զինվորների բուժման համար, չի հետաքրքրվել, թե ինչ արդյունքներ են գրանցվել։ Եվ արդյոք այդ գումարներն արդյունավե՞տ են ծախսվել։ Մեր տեղեկություններով, պաշտոնյաներից Հայկ Զաքարյանին այցելել է միայն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Առողջապահության նախարարությունից ոչ ոք չի եկել այցի, որ գոնե տեսնեն, թե ինչ վիճակում է զինվորը, հասկանան, թե որքանով է արդյունավետ եղել բուժումը: Որ գոնե հաջորդ անգամ նման սխալները չկրկնվեն, եւ պետական սուղ միջոցները քամուն չտան։ Իսկ նման հատկացումներ անելուց էլ պարզեն՝ արդյո՞ք Հայաստանում նման բուժօգնություն չէին կարող ցուցաբերել։

Հայկ Զաքարյանի մայրը՝ Մարինե Խալոպյանը, լավատես է: Նա փոփոխություններ է նկատում որդու վիճակում: «Իհարկե, փոփոխություն եղավ մեկ տարում: Հայկի բոլոր օրգանները վնասված էին, հիվանդ էին, կարելի է ասել՝ թոքերը, երիկամները, այնտեղ կարգավորեցին: Դե, գիտակցականով դեռ չի արձագանքում մեզ, բայց այդ առումով էլ առաջընթաց ունենք: Առաջ ոչ մի արձագանք չկար, բայց հիմա ինձ թվում է, որ նա աչքերով հետեւում է, մեզ լսում է: Վստահ եմ, որ լսում է: Գերմանիայում նա անընդհատ նույն հիվանդանոցում է եղել: Այնտեղ ինչ որ պետք է, իրենք արել են, երկու վիրահատություն է տարել: Եթե մենք Հայկին չտանեինք Գերմանիա, չգիտեմ, թե ինչ կլիներ: Այստեղ բժիշկներն իրենք էլ չգիտեին, թե ինչ անեն: Նման պատերազմ մեզ մոտ չէր եղել, թունավոր բեկորներ էին, փամփուշտներ էին գլխում: Մերոնք ինչ կարողացան, արեցին, բայց ընդհանուր օրգանիզմը Հայկի բուժեցին Գերմանիայի բժիշկները»,- ասում է վիրավոր զինվորի մայրը: 

Հայկ Զաքարյանը շնչում եւ սնունդ է ընդունում խողովակների՝ ստոմաների միջոցով: Նրան բուժող բժիշկը՝ Արամ Նավասարդյանը, էական փոփոխություններ նրա վիճակում չի տեսնում: «Այո, ծնողները նկատում են ինչ-որ ռեակցիաներ, բայց դրանք, ըստ փաստաթղթերի, Գերմանիայում էլ կային: Մենք էլ ենք տեսնում, որ հայացքն ավելի ակտիվ է հետեւում, որոշ օրգան-համակարգեր կայունացել են, բայց գիտակցական մակարդակի փոփոխություն չկա: Ենթակեղեւի մի մասն այն ժամանակ էլ էր գործում, հիմա էլ»,- ասում է մասնագետը: Նա վստահ է՝ եթե անցյալ տարի Հայաստանն ունենար ինտենսիվ թերապիայի բաժանմունք, մեր վիրավոր տղաներին կբուժեին հենց այստեղ, բայց ինտենսիվ թերապիայի բաժանմունքը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բացվել է հունվարին: