Միութենական պետության թեման դաշտ նետելն ակնհայտ ավանտյուրա է և վտանգավոր արկածախնդրություն

Միութենական պետության թեման դաշտ նետելն ակնհայտ ավանտյուրա է և վտանգավոր արկածախնդրություն

«Հրապարակի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

- 17-րդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է: Օրերն անցնում են, սակայն իրավիճակը չի փոխվում: Ի՞նչ եք կարծում` Ադրբեջանը ե՞րբ կբարեհաճի ճանապարհը բացել:

- Իրավիճակն իսկապես բարդ է: Վստահ եմ, որ Ադրբեջանը չէր նախատեսել Արցախի կողմից այսպիսի դիմադրություն: Չէր կանխատեսել նաև, որ հարցը կհասնի ՄԱԿ-ի ԱԽ: Այդուհանդերձ, Ալիևի վերջին ելութն այն մասին, որ իրենց չեն հետաքրքրում միջազգային արձագանքները, և որ իրենք կշարունակեն իրենց քայլերը, եկավ փաստելու, որ կա միջազգային ճնշում, բայց իրենք չեն ցանկանում տեղի տալ: Եկեք հստակ հասկանանք, որ հանքի հարցը խնդրի միայն փոքր հատվածն է: Սա ճնշման գործիք է` մի շարք հարցեր լուծելու համար: Կրկնում եմ՝ Արցախում կայացված որոշումը՝ չգնալ միակողմանի զիջումների, բարդ և ճիշտ որոշում էր: Արցախում հստակ հասկացել են, որ եթե այս հարցում էլ գնան զիջման, ապա հաջորդը լինելու են անցակետի տեղադրումը, հայերի ձերբակալությունները և Արցախի հայաթափման այլևս անդառնալի գործընթացը: Դրա համար ընտրվել է պայքարի բարդ, բայց խելացի ուղին: Կարևոր է, որ այս իրավիճակն օգտագործվի Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի անխուսափելիությունը ցույց տալու համար: Ժամանակին Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ «նշաձող է իջեցնում» Արցախի հարցում: Հրաժարվեց «ինքնորոշման իրավունքից»՝ շրջանառության մեջ դնելով «իրավունքներ և անվտանգություն» տերմինը: Սա շատ մեծ սխալ էր: Այսօրվա իրավիճակն ապացուցում է, որ դա վտանգավոր քայլ էր: Ինչպե՞ս կարող ենք հրաժարվել Արցախի խնդրի լուծման հիմք հանդիսացող ինքնորոշման իրավունքից: Միայն դրա հիման վրա Արցախի կարգավիճակի ձեռքբերումը կարող է ապահովել արցախահայության անվտանգությունը, այլ ճանապարհ չկա: Էլ ի՞նչ անի Բաքուն, որ ապացուցի մեզ և աշխարհին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: 

- Արցախը որքա՞ն կարող է գոյատևել նման պայմաններում:

- Կարծում եմ՝ այս հարցը պետք է ուղղել Արցախի պատկան մարմիններին, օպերատիվ շտաբին: Ես նկատել եմ, որ Արցախից խուսափում են ժամկետներ նշել՝ հավանաբար, նաև չցանկանալով հակառակորդի առջև բացել քարտերը: Բայց ակնհայտ է, որ վիճակը բարդ է, չկան առաջին անհրաժեշտության ապրանքներ, դեղորայք, Կարմիր Խաչը գործում է բացառապես ծայրահեղ հիվանդներին փրկելու համար, իսկ խաղաղապահների բեռնատարներն էլ խաղաղապահների համար են նախատեսված, ուստի դժվար է հասկանալ, թե որքան հնարավոր կլինի դիմանալ: Բացի այդ, այստեղ լուրջ հոգեբանական ճնշման բաղադրիչ կա, ընտանիքները բաժանված են, հեռու իրարից, գիտենք, որ երեխաներ կան, որոնք չեն կարողանում վերադառնալ իրենց ծնողների մոտ: Նաև առաջիկայում Նոր տարի է և Սուրբ ծնունդ, իսկ հայկական ընտանիքների համար դա նախևառաջ ընտանեկան տոն է, մարդիկ կիլոմետրեր են հաղթահարում հաճախ, որ միասին դիմավորեն այդ օրը: Ասածս այն է, որ սա նաև նյարդերի բարդ կռիվ է, որի նպատակն է` հոգեբանորեն կոտրել հայ ժողովրդին՝ դրդելով հանձնվել ու չդիմադրել: Բայց արդեն ընտրվել է դիմադրության ուղին, որը խափանել է կամ առնվազն բարդացրել Բաքվի պլանների իրագործումը: 

- Ըստ Ձեզ` ե՞րբ կբացվի ճանապարհը:

- Դժվար է ժամկետներ նշել: Ես հույս ունեի, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը որոշակի հանգուցալուծում կբերի, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ: Ակնհայտ է, որ բանակցություններ են ընթանում: Բաքուն չի ուզում հետքայլ անել` առանց որևէ բան շահելու: Ալիևի ելույթներից դատելով՝ այս հարցը նա փորձում է դարձնել սկզբունքային թեմա և չի ուզում նահանջել: Բայց իրենց վիճակն էլ հեշտ չէ: Հայկական որոշ լրատվամիջոցներ հսկայական հետաքննական աշխատանք կատարեցին՝ բացահայտելով կեղծ բնապահպաններին: Հիմա բարդացել է նոր «բնապահպանների» հավաքագրումը, որոնք չլինեն աղավնի սպանող և կաշվե վերարկու հագած տիկիններ կամ էլ ռազմական անցյալով տղամարդիկ: Ուզում եմ ասել, որ եթե մենք խելացի աշխատենք, շատ առումներով կբարդացնենք Բաքվի պլանների իրագործումը, իսկ եթե դա անենք համակարգված, առհասարակ կխափանենք այդ պլանների իրագործումը: Ցավալի է, որ մեզ անզորություն է քարոզվում մեծ մասամբ, կամ էլ կոչ են անում հույս դնել այլոց վրա, բայց քչերն են ասում՝ եկեք հասկանանք մեր հնարավորությունները և դրանից բխող լուծումները: 

- Երեկ Սանկտ Պետերբուրգում վարչապետ Փաշինյանն ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում ասաց, որ, ըստ էության, ռուս խաղաղապահները խնդրին լուծում չեն տալիս, նշեց, որ հարցը ռուս խաղաղապահների տիրույթում է, և եթե նրանք հարցին լուծում չեն տալիս, ուրեմն ստացվում է, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ:

- Փաշինյանն ու նրա թիմն ամբողջ խնդիրը թողնում են խաղաղապահների դաշտում: Դա մի կողմից հասկանալի է, որովհետև, ի վերջո, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության գլխավոր երաշխավորը ՌԴ ղեկավար Պուտինն է: Բայց մյուս կողմից էլ պետք է աշխատել ՌԴ գործընկերների հետ, չեմ կարծում` պետական մակարդակով տարվող «մուննաթն» օգնում է այս իրավիճակում: Շատ հարցեր կարելի է քննարկել և լուծումներ գտնել փակ դռների հետևում: Բայց նաև ընդունենք, որ ՌԴ անգործությունը շատ է նյարդայնացնում նաև հենց մեր հանրությանը, և դա արդարացված է: 

- Փաշինյանը, Ալիևն ու Պուտինը հանդիպում են ունեցել, սակայն ոչինչ չի ասվում, թե ինչ են քննարկել: Սա ի՞նչ կարող է նշանակել: 

- Դատելով, որ ոչինչ ասված չէ՝ ակնհայտ է, որ նաև լուծում չկա: Բացի այդ, երեկ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Բայրամովը հանդես եկավ ամփոփիչ ասուլիսով, որից պարզ էր, որ տարբեր հարթակներում ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղում են: Այդ ֆոնին Ադրբեջանը փորձում է սպառնալ ուժով, նոր տարածքային հավակնություններ ներկայացնել և ավելի բարդացնել իրավիճակը: Խնդիրն այն է, որ գերտերություններից կամ ուժային կենտրոններից որևէ մեկը չի կարողանում կամ չի ցանկանում երաշխավորել, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» իրականացումը, ոչ մեկը չի կարող խոստանալ Հայաստանին, որ զիջումների գնա՝ մենք կերաշխավորենք, որ Ադրբեջանը չի հարձակվի: Նման բան չի լինելու, դա պարզ էր դեռ 2020 թ. նոյեմբերի 9-ից սկսած: Բայց, ցավոք, մենք պատմությունից դասեր քաղելու ունակություն այդպես էլ ձեռք չբերեցինք: Դրա համար էլ բարդ իրավիճակները շարունակվում են, լուծումները՝ հեռանում մեզանից:

- ԱԽՔ Արմեն Գրիգորյանն օրերս հայտարարեց, թե Ռուսաստանը Հայաստանին պարտադրում է միութենական պետության կազմի մեջ մտնել: Նման հայտարարություններն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ, և, վերջապես, սա իրատեսական տարբերակ համարո՞ւմ եք:

- ՀՀ իշխանությունների կողմից միութենական պետության թեման դաշտ նետելն ակնհայտ ավանտյուրա է և վտանգավոր արկածախնդրություն: Այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում լուծումներ գտնելու անկարողությունը դրդում է ՀՀ իշխանություններին` գնալ հերթական ավանտյուրաների, որի գինը վճարում են Արցախում ու ՀՀ-ում ապրող շարքային քաղաքացիները: Անկախ ՌԴ-ի հանդեպ վերաբերմունքից՝ պետք է հավատարիմ մնալ տրամաբանությանը՝ ինչպե՞ս կարող է նման հարց լինել օրակարգում, երբ ՌԴ-ն ու Բելառուսը պատժամիջոցների տակ են, երբ ՌԴ վիճակը բարդ է Ուկրաինայում: ՌԴ-ին դա ընդհանրապես ձեռնտու չէ այս պահին: Պարզ տրամաբանությունն իսկ հուշում է, թե որքան կեղծ է այս հայտարարությունը: Տրամաբանությունը, ցավոք, նաև հուշում է, թե որքան վտանգներ է այն իր մեջ պարունակում ՀՀ-ի համար: Ինքս բազմիցս վերլուծել ու քննադատել եմ ՌԴ քաղաքականությունը, հատկապես՝ ԱԳՆ մակարդակով արվող հայտարարությունները, արել եմ դա փաստերով: Ուստի վստահ եմ, որ միութենական պետության հետ կապված այդ հայտարարարությունը հերթական անհեթեթ օրակարգը ստեղծելու նպատակն ունի, բայց ոչ միայն դա, այն ունի նաև վտանգավոր աշխարհաքաղաքական երանգ: Ցավոք, կենսական հարցերի լուծման համար ունենք անկարող և անպետք իշխանություն, որը միայն ունակ է կեղծ հարցերով զբաղեցնել հանրային դաշտը: Ցավալի է, բայց շարունակաբար ապացուցվող փաստ է դարձել արդեն: Իսկ հայոց պետականության մասին մտածողները վաղուց հասկացած կլինեին, որ պետք է Ադրբեջանի դեմ պատերազմի պատրաստվել, ոչ թե «Արցախը զիջենք՝ ՀՀ-ն փրկենք» քարոզը տանել 2021 թ. հունիսից ի վեր: Միշտ հիշեք՝ Արցախը զիջողը հետո ՀՀ-ն է մաս-մաս զիջելու: