Էլիս Ոուքեր. Գրողի ծոցը գնա մահը

Էլիս Ոուքեր. Գրողի ծոցը գնա մահը

«Գրողի ծոցը գնա մահը, - ասում էր հայրս։ - Էս երեխաները պարոն Սուիթին են ուզում»: 
Պարոն Սուիթը դիաբետիկ էր, հարբեցող ու կիթառահար: Ապրում էր մեր տան ներքեւի ճանապարհին` բամբակի մի անտեսված ֆերմայում: Իմ ավագ քույրերն ու եղբայրներն ամենաշատն էին օգտվել պարոն Սուիթից, քանի որ երբ նրանք մեծանում էին, նա առջեւում դեռ բավականաչափ տարիներ ուներ, ուստի դեռ կարող էր բազմաթիվ անգամներ հետ կանչվել մահվան եզրից՝ ամեն անգամ, երբ շունչը փչելիս նրան կհասներ հորս ձայնը: «Գրողի ծոցը գնա մահը, ծերո՛ւկ,- ասում էր հայրս` նրա կնոջը հրելով անկողնուց հեռու (արցունքներն աչքերին, թեեւ գիտեր, որ այս մահն էլ անպայմանորեն վերջինը չէր, եթե պարոն Սուիթն իսկապես չուզեր դա): - Էս երեխաները պարոն Սուիթին են ուզում»: Եվ դա այդպես էր, քանի որ հոր ազդանշանով նրանք կուտակվում էին անկողնու շուրջն ու իրենց նետում էին ծածկոցների վրա, եւ նա, ով այդ պահին ամենափոքրն էր, համբուրում էր նրա ողջ շագանակագույն դեմքը եւ այնպես էր խուտուտ տալիս, որ նա ողջ ուժով ծիծաղում էր, իսկ նրա երկար ու մի տեսակ գզգզված բեղերը թափահարվում էին իսպանական մամուռի պես եւ հենց դրա գույնն էլ ունեին: 

Մանուկ հասակում պարոն Սուիթը հավակնոտ տղա էր, ցանկանում էր դառնալ բժիշկ կամ իրավաբան, կամ էլ նավաստի՝ պարզելով միայն, որ սեւամորթ տղամարդիկ ավելի հաջողակ են, եթե սեւամորթ չեն: Քանի որ չկարողացավ դառնալ սրանցից որեւէ մեկը, դիմեց ձկնորսությանը` որպես իր միակ լուրջ զբաղմունք, եւ կիթառ նվագելուն` որպես միակ ապացույց այն բանի, որ կարող է ինչ-որ բան աննախադեպ լավ անել: Նրա որդին` նրա եւ կնոջ` Մերիի միակ զավակը, որքան հնարավոր է՝ դատարկագլուխ էր եւ այնպես էր ծախսում փողերը, ասես փորձում էր տեսնել դրամահատարանի հատակը, որը, ինչպես պարոն Սուիթն էր ասում, իր մաքուր շագանակագույն ձեռքի ափն էր: Տիկին Մերին, սակայն, սիրում էր իր «փոքրիկին» եւ շատ էր աշխատում` նրան ապահովելու կյանքի «փոքրիկ պետքերով», որոնք, ինչպես պարզվում էր, հիմնականում կանայք էին: 

Պարոն Սուիթը բարձրահասակ, նիհարավուն մարդ էր` ճեփ-ճերմակ խիտ գանգուր մազերով: Մաշկը մուգ շագանակագույն էր, աչքերը՝ շիլ ու մի տեսակ կապտավուն, ծամում էր Բրաուն Մյուլ ծխախոտներ: Նա մշտապես ծայրահեղ հարբածության եզրին էր, քանի որ ինքն էր քաշում իր սեփական լիկյորը եւ ոչ մի կաթիլ չէր պատկանում ժլատ մարդկանց դասին։ Միշտ մելանխոլիկ ու տխուր էր, թեեւ հաճախ, երբ լավ էր զգում, բակում պարում էր մեզ հետ` շուռ գալով հենց այն պահին, երբ մայրիկս գալիս էր տեսնելու՝ այդ ինչ իրարանցում էր: 

Նա բոլոր երեխաներիս հանդեպ բարի էր, ուներ մեզ հետ ամաչկոտ լինելու շնորհը, ինչն անսովոր բան է մեծահասակների մոտ: Նա մեծ հարգանք էր տածում մայրիկիս նկատմամբ, քանի որ մայրս երբեք հարբեցողության փաստը նրա դեմ չէր օգտագործում եւ թույլ էր տալիս մեզ խաղալ նրա հետ, նույնիսկ երբ նա այնքան հարբած էր լինում, որ գրեթե ընկնում էր բուխարու մեջ: Թեեւ պարոն Սուիթը երբեմն ամբողջովին կամ գրեթե ամբողջովին կորցնում էր վերահսկողությունը գլխի եւ պարանոցի նկատմամբ, այնպես, որ փռվում էր աթոռի վրա, նրա միտքը, որքան էլ տարօրինակ է, սուր էր, իսկ խոսքը չէր տուժում: Միաժամանակ հարբած ու սթափ լինելու նրա կարողությունը նրան իդեալական խաղընկեր էր դարձնում, քանի որ նա էլ մեզ նման թույլ էր, եւ մենք սովորաբար հաղթում էինք նրան ըմբշամարտում` ողջ ընթացքում վարելով բավականին խելամիտ խոսակցություն:  

Պարոն Սուիթի հետ խաղալիս մենք երբեք չէինք զգում նրա տարիքը: Մենք սիրում էինք նրա կնճիռները ու նրան նմանվելու համար նկարում էինք մեր հոնքերի վրա: Նրա սպիտակ մազերն իմ յուրահատուկ գանձն էին: Նա գիտեր այդ մասին ու երբեք մեզ այցելության չէր գալիս վարսավիրանոցում մազերը կտրելուց հետո: Մի անգամ նա ինչ-որ բանի համար մեր տուն եկավ, հավանաբար՝ իր մշակաբույսերի պարարտանյութերի մասին հայրիկիս հետ խոսելու, որովհետեւ, թեեւ երբեք չնչին ուշադրություն անգամ չէր դարձնում իր մշակաբույսերին, սիրում էր իմանալ, թե ինչը լավ կլիներ դրանց համար, եթե երբեւէ որոշեր զբաղվել դրանցով: 

Ամեն դեպքում, նա եկավ առանց մազերի․ հենց նոր էր դրանք սափրել վարսավիրանոցում: Նա հսկայական ծղոտե գլխարկ էր կրում՝ արեւից պաշտպանվելու ու նաեւ գլուխն ինձնից թաքցնելու համար: Սակայն նրան տեսնելուն պես ես մոտ վազեցի եւ պահանջեցի, որ գրկի ու համբուրի ինձ իր զվարճալի մորուքով, որից այնքան ուժեղ ծխախոտի հոտ էր գալիս: Անհամբերությամբ սպասելով, թե երբ եմ փոքրիկ մատներս թաղելու նրա բրդոտ մազերի մեջ, դեն նետեցի նրա գլխարկը` հայտնաբերելով, որ նա ինչ-որ բան էր արել իր մազերի հետ. դրանք այլեւս չկայի՛ն: Ես ճչացի, ինչից մայրիկս մտածեց, որ պարոն Սուիթը, ի վերջո, ինձ ջրհորն էր գցել կամ նման մի բան, եւ այդ օրվանից ես զգուշանում եմ գլխարկով տղամարդկանցից: Այնուամենայնիվ, կարճ ժամանակ հետո պարոն Սուիթը հայտնվեց աճած մազերով` նույնքան սպիտակ, գզգզված ու անանցանելի, որքան առաջ: 

Պարոն Սուիթն ինձ իր արքայադուստրն էր կոչում, եւ ես հավատում էի դրան: Նրա շնորհիվ ես ինձ գեղեցիկ էի զգում հինգ տարեկանում, վեց տարեկանում, իսկ բոցավառ տարիքում` ութուկես տարեկանում` պարզապես արտասովոր ավերիչ: Երբ նա իր կիթառով մեր տուն էր գալիս, ողջ ընտանիքը թողնում էր գործերը, նստում նրա շուրջբոլորն ու լսում նրա նվագը: Նա սիրում էր նվագել Sweet  Georgia Brown-ը եւ ամեն տեսակի քաղցրահնչյուն, տխուր ու հրաշալի երգեր, որ երբեմն ինքն էր հորինում: Այս երգերից մեկում էի լսել, որ նա ստիպված էր ամուսնացել տիկին Մերիի հետ, երբ իրականում սիրել էր մեկ ուրիշին (որ այժմ ապրում էր Չի-կա-գո-յում կամ Դետ-րոիթում` Միչիգանում): Նա վստահ չէր, որ Ջո Լին` Մերիի «փոքրիկը», իր փոքրիկն էլ էր: Երբեմն կարող էր լաց լինել, իսկ դա վկայում էր այն մասին, որ նա նորից պատրաստվում էր մահանալ: Եվ այդպես մենք՝ բոլորս պատրաստվում էինք, որովհետեւ համոզված էինք, որ մեզ կանչելու են: 

Ես յոթ տարեկան էի, երբ, իմ հիշելով, առաջին անգամ, ըստ էության, մասնակցեցի պարոն Սուիթի «վերածնունդներից» մեկին. ծնողներս ասել էին, որ ես առաջ էլ էի մասնակցել, հենց ես էի ընտրվել որպես նրան համբուրող եւ խուտուտ տվող` դեռ այն բանից շատ առաջ, երբ կհասցնեի իմանալ պարոն Սուիթի վերածնունդի ծիսակարգի մասին: Նա եկել էր մեր տուն. դա նրա կնոջ մահից մի քանի տարի հետո էր։ Շատ տխուր էր ու, ըստ սովորության, նաեւ հարբած: Նա նստեց իմ ու ավագ եղբորս կողքին` հատակին: Մյուս երեխաները մեծացել էին եւ տեղափոխվել: Նա սկսեց կիթառ նվագել ու լացել: Ես ձեռքերիս մեջ էի առել նրա բրդոտ գլուխը եւ երազում էի, որ այնքան մեծ լինեի, որ ես լինեի այն կինը, ում նա այդքան շատ էր սիրում, եւ որ նա չկորցներ ինձ շատ ու շատ տարիներ առաջ: 

Երբ նա հեռացավ, մայրս ասաց, որ լավ կանենք՝ այդ գիշեր խորը չքնենք, քանի որ, հավանաբար, ստիպված կլինենք մինչեւ լուսաբաց գնալ պարոն Սուիթի տուն: Եվ այդպես էլ արեցինք․ հենց նոր էինք պառկել քնելու, երբ հարեւաններից մեկը թակեց մեր դուռը, կանչեց հորս եւ ասաց, որ պարոն Սուիթի վիճակն արագ վատանում է, եւ եթե նա ցանկանում է մեկ-երկու բառ փոխանակել նրա հետ, լավ կանի՝ շտապի հասնել պարոն Սուիթի տուն: Բոլոր հարեւանները գիտեին, որ պետք էր մեր տուն գալ, եթե պարոն Սուիթին ինչ-որ բան պատահեր, բայց նրանք չգիտեին` ինչպես էր մեզ միշտ հաջողվում առողջացնել նրան կամ, գոնե, հետ պահել նրան մեռնելուց, երբ շատ հաճախ նա մոտ էր լինում մահվանը: Աղաղակը լսելուն պես մենք վեր կացանք ու հագնվեցինք` ես, եղբայրս, հայրս ու մայրս: Մենք շտապ դուրս եկանք տնից եւ վազեցինք ճանապարհն ի վար, քանի որ մշտապես վախենում էինք, որ մի օր, գուցե, կուշանանք, իսկ պարոն Սուիթը կձանձրանա անգործությունից: 
Երբ տուն հասանք, որ իրականում մի աղքատիկ հյուղակ էր, հյուրասենյակը լի էր հարեւաններով ու բարեկամներով։ Ինչ-որ մեկը դիմավորեց մեզ ու ասաց, որ իսկապես շատ տխուր էր՝ պարոն Սուիթ Լիթլին (Լիթլը նրա ազգանունն էր, թեեւ մենք հիմնականում անտեսում էինք այն) տեսնել մահվան շեմին։ Տեսնելով, թե ինչ փոքր էինք մենք, ինչ-որ մեկը ծնողներիս խորհուրդ տվեց՝ ինձ ու եղբորս չտանել «մահվան սենյակ», բայց մենք շատ ավելի սովոր էինք «մահվան սենյակին», քան նա, ուստի արհամարհեցինք նրան ու ներխուժեցինք սենյակ՝ առանց մի երկրորդ անգամ նախազգուշացման մասին մտածելու։ Ես համարյա լալիս էի․ այս մահերը սարսափելի տխրեցնում էին ինձ, իսկ այն միտքը, որ շատ բան ինձնից ու եղբորիցս էր կախված (որն էլ հիմնականում շատ անտաղանդ դերասան էր), ինձ ավելի էր նյարդայնացնում։

Անկողնու վրա կռացած բժիշկը շրջվեց ու մեր ընտանիքի պատմության մեջ առնվազն տասներորդ անգամ ասաց, որ, ավաղ, ծերուկ պարոն Սուիթ Լիթլը մահանում էր, եւ որ ավելի լավ էր՝ երեխաները չտեսնեին անողոք (ես չգիտեի «անողոք» բառի նշանակությունը, բայց հաստատ դա պարոն Սուիթի մասին չէր) մահվան դեմքը։

Հայրս բավականին կտրուկ հրեց նրան ճանապարհից՝ ասելով, ինչպես պարոն Սուիթին էր ասում․ «Գրողի ծոցը գնա մահը, ծերո՛ւկ։ Էս երեխաները պարոն Սուիթին են ուզում»։ Դա այն ազդանշանն էր, որով ես նետվում էի մահճակալի վրա ու համբուրում էի պարոն Սուիթի բեղերի շուրջը, աչքերի տակն ու գիշերազգեստի օձիքի շուրջը, որտեղից այնքան ուժեղ հոտ էր գալիս, հատկապես՝ հեղուկ քսուկի։

Ես հաջողությամբ նրան ուշքի էի բերում․ հենց տեսնում էի, որ նա պայքարում է աչքերը բացելու համար, հասկանում էի, որ նրա հետ ամեն ինչ լավ կլինի, եւ, այդպիսով, կարող էի ավարտին հասցնել վերակենդանացման արարողությունը՝ վստահ հաջողությանս մեջ։ Հենց նրա աչքերը բացվում էին, սկսում էր ժպտալ․ այդպես իմանում էի, որ ես, վստահաբար, հաղթել եմ։ Մի անգամ, սակայն, ես ահավոր վախեցա, որովհետեւ նա չէր կարողանում բացել աչքերը։ Ավելի ուշ իմացա, որ նա ինսուլտ էր տարել, դեմքի մի կողմն անշարժացել էր ու դժվարությամբ էր շարժվում։ Երբ նա սկսեց ժպտալ, ես ամբողջ սրտով սկսեցի խուտուտ տալ նրան․ վստահ էի, որ ոչինչ չէր կարող կանգնել նրա ծիծաղի ճանապարհին, չնայած մի անգամ նա սկսեց այնքան ուժեղ հազալ, որ ստամոքսը գրեթե դուրս էր պրծնում կրծքավանդակից, բայց այդ ժամանակ ես շատ փոքր էի, համարյա՝ նորածին, ու իմ փրչոտ մազերը մտել էին նրա քիթը։

Երբ համոզված էինք լինում, որ նա կլսի մեզ, հարցնում էինք՝ ինչո՞ւ էր անկողնում, երբ նորից կկարողանար գալ մեզ այցի, ու կարո՞ղ էինք արդյոք նվագել նրա կիթառը, որը, ամենայն հավանականությամբ, հենած էր նրա մահճակալին։ Նրա աչքերն ամբողջովին մռայլվում էին, իսկ երբեմն բարձրաձայն լալիս էր, բայց դա երբեք մեզ չէր շփոթեցնում․ նա գիտեր, որ մենք սիրում ենք իրեն եւ որ մենք էլ երբեմն լալիս ենք առանց պատճառի։ Մեր ծնողները գնում էին սենյակից ու մեզ երեքիս մենակ էին թողնում․ պարոն Սուիթն այդ ժամանակ արդեն հենված կլիներ մահճակալին՝ գլխի հետեւում մի քանի բարձեր, իսկ ես՝ պառկած նրա ուսին ու կրծքավանդակին։ Նույնիսկ երբ դժվարությամբ էր շնչում, չէր խնդրում ինձ իջնել։ Նայելով աչքերիս՝ նա թափահարում էր իր ալեհեր գլուխն ու իր կոպիտ ծեր մատը սահեցնում էր մազագծիս վրայով, որ գրեթե հոնքերիս էր հասնում, ինչի պատճառով որոշ մարդիկ ասում էին, որ նման եմ փոքրիկ կապիկի։

Այս ողջ ընթացքում եղբայրս շատ մեծահոգի էր, թույլ էր տալիս ինձ իրականացնել վերակենդանացման ողջ արարողությունը․ նա ինքն էլ իմ ծնվելուց առաջ տարիներով արել էր դա եւ ուրախ էր՝ այդ պարտականությունը փոխանցել նոր մարդու։ Մինչ ես խոսում էի պարոն Սուիթի հետ, նա ձեւացնում էր, թե կիթառ է նվագում. ըստ էության, ձեւացնում էր, որ ինքը պարոն Սուիթի երիտասարդ տարբերակն է։ Դա միշտ ուրախացնում էր պարոն Սուիթին․ մտածել, որ ինչ-որ մեկն ուզում է իր նման լինել։ Իհարկե, այն ժամանակ մենք նվագել չգիտեինք, նվագում էինք լսողությամբ, եւ երբ նրան դուր էր գալիս, մեզ էլ էր դուր գալիս։ Մենք սարսափելի վախենում էինք, որ մի օր նա պարզապես կհեռանար ու մենակ կթողներ մեզ։

Մեր մտքով չէր էլ անցնում, որ ինչ-որ հատուկ բան էինք անում․ դեռ չգիտեինք, որ երբ մահը գալիս է, այն վերջնական է։ Մեզ համար այդքան անգամներ մահին հաղթելը հասարակ բան էր, եւ, ըստ էության, նույնիսկ թեթեւ արհամարհանք էինք տածում նրանց նկատմամբ, ովքեր թույլ էին տալիս մահին տանել իրենց։ Մեր մտքով չէր անցնում, որ եթե մեր սեփական հայրը մահանալիս լիներ, մենք չէինք կարողանա կանխել դա, որ պարոն Սուիթը միակ մարդն էր, ում վրա իշխանություն ունեինք։
Երբ պարոն Սուիթն ութսունն անց էր, ես սովորում էի համալսարանում՝ տնից մղոններ հեռու։ Ամեն անգամ, երբ տուն էի գնում, տեսնում էի նրան, բայց նա երբեք մահվան շեմին չէր լինում, ու ես սկսեցի զգալ, որ իմ անհանգստությունը նրա ֆիզիկական ու հոգեկան առողջության համար ավելորդ էր։ Նա արդեն, բացի բեղերից, նաեւ երկար ու հարթ ձյունաճերմակ մորուք ուներ, որը ես սիրում էի եւ ժամերով սանրում ու հյուսում էի։ Նա շատ խաղաղ էր, փխրուն, մեղմ: Աղմուկի միակ աղբյուրը նրա պողպատյա հին կիթառն էր, որով նա դեռ նվագում էր հին տխուր, քաղցրահնչյուն գյուղական բլյուզ։

Պարոն Սուիթի իննսունամյակին ես ավարտում էի դոկտորանտուրան Մասաչուսեթսում եւ պլանավորում էի մի քանի շաբաթով տուն գնալ՝ հանգստանալու։ Այդ առավոտ հեռագիր ստացա, որում ասվում էր, որ պարոն Սուիթը նորից մահանում էր․ խնդրում էին ինձ՝ թողնել ամեն ինչ եւ տուն գնալ։ Իհարկե, պիտի գնայի։ Ատենախոսությունս կարող էր սպասել, իսկ ուսուցիչներս կհասկանային, երբ վերադառնալուց հետո բացատրություն տայի։ Ես վազեցի հեռախոսի մոտ, զանգեցի օդանավակայան եւ չորս ժամվա ընթացքում արդեն փոշոտ ճանապարհով սլանում էի դեպի պարոն Սուիթի տուն։

Վերջին այցիցս հետո տունն ավելի էր խարխլվել՝ աղքատիկ հյուղակ, թեեւ շրջապատված էր դեղին վարդերով, որ իմ ընտանիքն էր տնկել շատ տարիներ առաջ։ Օդը ծանր ու քաղցր էր ու շատ խաղաղ։ Դարպասի միջով անցնելիս եւ հին երերուն աստիճաններով բարձրանալիս տարօրինակ զգացողություն ունեի։ Բայց այդ զգացումն անհետացավ, երբ աչքս ընկավ իմ շատ սիրելի սպիտակ երկար մորուքին, որ նրա նիհար մարմնի վրայով իջնում էր ծանոթ ծածկոցի վրա։ Պարո՛ն Սուիթ։
Նրա աչքերն ամուր փակ էին, իսկ ձեռքերը, որ ծալված էին ստամոքսի վրա, բարակ ու նուրբ էին, այլեւս կոպիտ չէին։ Ես հիշեցի՝ ինչպես էի առաջ մշտապես վազում ու ցատկում նրա վրա, որտեղ էլ լիներ․ հիմա գիտեի, որ չի դիմանա քաշիս։ Ես նայեցի ծնողներիս ու զարմանքով տեսա, որ հայրս ու մայրս նույնպես ծեր ու թույլ տեսք ունեին։ Հայրս՝ մոխրագույն մազերով, կռացավ հանգիստ քնած ծերունու վրա, որից, ի դեպ, դեռ գինու ու ծխախոտի հոտ էր գալիս, եւ, ինչպես արել էր շատ անգամներ, ասաց․ «Գրողի ծոցը գնա մահը, ծերո՛ւկ։ Իմ աղջիկը տանն է, որ տեսնի պարոն Սուիթին»։

Եղբայրս չէր կարողացել գալ, քանի որ պատերազմում էր Ասիայում։ Ես խոնարհվեցի ու նրբորեն շոյեցի նրա փակ աչքերը, եւ դրանք սկսեցին աստիճանաբար բացվել։ Նրա գինեգույն փակ շուրթերը թեթեւակի ցնցվեցին, ապա ժպտացին ջերմ, փոքր-ինչ ամաչկոտ ժպիտով։ Պարոն Սուիթը տեսավ ու ճանաչեց ինձ, մի պահ նրա աչքերն աշխույժ ու երկչոտ էին։ Ես գլուխս դրեցի բարձին՝ նրա գլխի մոտ, եւ մենք պարզապես երկար նայում էինք իրար։ Հետո նա սկսեց ուսումնասիրել իմ մազերի տարօրինակ եզրագիծը՝ մատը պահելով ականջիս վերեւում (երբ փոքր էի, նրան զվարճացնում էր ականջներիս կեղտը), նրա ձեռքը մնաց այտս բռնած։ Երբ բացեցի աչքերս՝ վստահ, որ ժամանակին եմ հասել նրան, նրա աչքերը փակ էին։

Նույնիսկ քսանչորս տարեկան հասակում ինչպե՞ս կարող էի հավատալ, որ ձախողվել էի, որ պարոն Սուիթն իսկապես հեռացել էր։ Նախկինում նա երբեք չէր հեռացել։ Բայց երբ նայեցի ծնողներիս, տեսա, որ հազիվ էին զսպում արցունքները։ Նրանք ջերմորեն սիրել էին նրան։ Նա ասես հազվագյուտ ու նուրբ հախճապակի լիներ, որին միշտ փրկել էին կոտրվելուց, եւ որը, ի վերջո, ընկել էր։ Ես երկար նայում էի նրա ծեր դեմքին, կնճռոտ ճակատին, կարմիր շուրթերին, այն ձեռքերին, որ դեռ դեպի ինձ էին պարզված։ Շուտով զգացի՝ ինչպես հայրս ինչ-որ սառը բան հրեց ձեռքերիս մեջ։ Պարոն Սուիթի կիթառն էր։ Ամիսներ առաջ նա խնդրել էր այն ինձ տալ․ գիտեր, որ եթե նույնիսկ գայի հաջորդ անգամ, ինքն այլեւս ի վիճակի չէր լինի պատասխանել ինձ հին ձեւով։ Նա չէր ուզում՝ զգայի, որ ուղեւորությունս իզուր էր անցել։

Հին կիթառը։ Ես լարեցի լարերը, նվագեցի Sweet Georgia Brown-ը։ Պարոն Սուիթի մոգությունը շարունակում էր մնալ սառը պողպատե կաղապարի մեջ։ Պատուհանից զգում էի դեղին քնքուշ վարդերի նուրբ անուշաբուրությունը։ Սպիտակ կոկիկ մորուքով տղամարդը՝ պառկած հնաոճ բարձր մահճակալի վրա ու ծածկված վերմակ-ծածկոցով, իմ առաջին սերն էր եղել։

Անգլերենից թարգմանությունը՝ Լիլիթ Պետրոսյանի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ