Պատգամավորները երեկ որոշել էին «թռնել դասից»

Պատգամավորները երեկ որոշել էին «թռնել դասից»

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները երեկ որոշել էին «դասից թռնել» ու գնալ Արցախ։ Արդյունքում կառավարության արտահերթ նիստը մի անգամ տապալվեց, քանզի քվորում չկար, ընդամենը 44 պատգամավոր էր ներկա։

Բայց հետո ԱԺ գլխավոր «դասղեկ» Արարատ Միրզոյանն իմացավ, զանգեց, ճամփի կեսից հետ կանչեց «չարաճճի» պատգամավորներին։ Նրանց մի մասը հետ եկավ, որ չորս ժամ անց մասնակցի նիստին։ «Իմ քայլից» որեւէ մեկը չգտնվեց, որ կարողանար հիմնավոր պատասխան տալ այս հարցին։ Ասացին՝ պետք է մեծ խմբով մեկնեին Արցախ, դա վաղուց էր որոշված, ու տեխնիկական խնդիր էր, որ նիստին չգալով, հնարավոր էր իրենց բացակայության պատճառով քվորում չլինի։ Առավոտյան, երբ պետք է մեկնարկեր նիստը, պատգամավորներից շատերը ճամպրուկային տրամադրությամբ հավաքվել էին դահլիճի մերձակա սրահում եւ ներս չէին մտնում։ «Արցախ մեկնող խումբը հիմա դուրս է գալիս, որ մեկնի Արցախ»,- այսպես բացատրեց «Իմ քայլի» պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։ 

Թագուհի Թովմասյանն էլ այսպիսի բացատրություն տվեց․ ««Իմ քայլը» խմբակցության մի մեծ խումբ մեկնել էր Արցախ, դրա համար ֆիզիկապես հնարավոր չէ ապահովել քվորում, ընդամենը տեխնիկական հարց էր»։ Բայց այդպես էլ որեւէ հիմնավոր բացատրություն չհնչեց պատգամավորների կողմից։ Եվ ուշագրավ է, որ «դասից փախչողների» մեջ էր նաեւ «Իմ քայլը» խմբակցության «դասղեկ» Լիլիթ Մակունցը։ Ավելի ուշ, թերեւս տեսնելով, որ իրենց պատիվ չի բերում, որ 132 պատգամավոր ունեցող խորհրդարանում քվորումի խնդիր է առաջանում, զանգեցին Արցախ մեկնած պատգամավորներին եւ հորդորեցին, որ ով շատ չի հեռացել Երեւանից, ետ դառնա ու գա խորհրդարան, գրանցվի, որ նիստը կարողանան սկսել։ Այդպես էլ եղավ․ չորս ժամ անց գրանցվեց արդեն 59 պատգամավոր, քվորումն ապահովվեց, եւ նիստը մեկնարկեց։