Ինչպես Ֆրանսիայում 30 տոկոսով կրճատեցին աղբի քանակը

Ինչպես Ֆրանսիայում 30 տոկոսով կրճատեցին աղբի քանակը

«Մոտ 20 տարի առաջ Ֆրանսիայում որոշեցին աղբի վրա հարկ դնել, դրա համար սահմանեցին աղբի որոշակի լիմիտ, որը եթե անցնում ես` բնակիչներից, այսինքն քեզնից հարկ են գանձում։ Դա արվեց պետական մակարդակով ու արվեց ոչ միայն Փարիզում, այլ նաեւ ամբողջ Ֆրանսիայում։ Ու դա նպաստեց նրան, որ 30 տոկոսով կրճատվեց աղբի քանակը, այսինքն մարդիկ արդեն սկսեցին մտածել՝ սա արժե՞ աղբի մեջ գցեմ, թե՞ տանեմ ուրիշ տեղ հանձնեմ, արդյունքում աղբը բավականին քչացավ»,-ասում է «Փարիզ Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանն ու հավելում, որ Ֆրանսիայում վաղուց աղբը վերամշակում են եւ էներգիա ստանում։ Նա չգիտի այդ պրկատիկան ինչքանո՞վ կաշխատի մեր երկրում, բայց փաստ է, որ պետք է աղբի վերամշակման գործարաններ կառուցվեն․ «Աղբը թափելով ու տրամբովկա անելով ոչ մի տեղ չես հասնի, ամբողջ Հայստանի տարածքը աղբավայր հո՞ չես սարքելու»։ 

Նա ընդգծում է՝ քանի որ Ֆրանսիայում վախենում են ահաբեկչությունից, փակ աղբամաններ չկան, թափանցիկ ցելոֆանները օղակների միջոցով ամրացվում են ծառերին, որոնք օրը 2 անգամ հավաքում են. «Այսինքն այնքան չի մնում, որ կուտակվի։ Դրանից բացի բակերում կան փոքր կոնտեյներներ, որոնք ամեն օր առավոտյան ժամը 9-ին գալիս հավաքում են։ Այդպես 3-4 տարբեր կոնտեյներներ կան՝ թղթի, պլաստիկ նյութերի եւ կենցաղային աղբի համար, այսինքն մարդն արդեն տեսակավորած է աղբը գցում»։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Մարիամի կարծիքով, բնակիչներն, անխոս,  ունեն իրենց մեղքի բաժինը աղբակույտերի հարցում, բայց եթե օրը 1-2 անգամ հավաքեն՝ նման պատկեր չի լինի․ «Հայաստանում աղբը իրականում շատ է անկախ Նոր տարուց եւ «Սանիթեքից» բացի երեւի մեկ այլ ընկերություն էլ է պետք, որ կարողանա այդ հարցը կարգավորել։ Մենք եթե օրինակ աղբի մշակման գործարան ունենանք, հաստատ ավելի շատ էներգիա կստանանք, քան Ֆրանսիայում։ Ավելի լավ է 2-3 տարի այլ ծառայությունների քիչ փող հատկացվի՝ ենթադրենք տոնածառը շատ համեստ դրվի կամ ասֆալտապատումը քիչ արվի, բայց աղբի հարցը վերջնականապես լուծվի։ Իսկ այսպես արդյունքը չի երեւում»։