Ամեն ինչ «Շիրակի ձմեռ-2022» ձմեռային փառատոնի մասին

Ամեն ինչ «Շիրակի ձմեռ-2022» ձմեռային փառատոնի մասին

Փետրվարի 26-ին Շիրակի մարզում սպասվում է ձմեռային մեծ փառատոն՝ ամենամյա Շիրակի ձմեռն այս տարի կանցկացվի Մեծ Սարիարի անտառային հատվածում։

ՄԱԶԾ  Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը Շիրակի մարզպետարանի հետ համատեղ կազմակերպում է ձմեռային մարզաձևերի, ժամանցային և մշակութային բաղադրիչների համադրմամբ։

Միջոցառմանն իրենց ցուցադրական ելույթներով կմասնակցեն՝
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան,
 «Վելո» հեծանվային ակումբը,
 «Լեգեոն» փեյնտբոլիակումբը,
 «Ռաֆթինգ Արմենիան»,
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան,
«Հյուսիս» արկածային ակումբը,
Ski and Summer Adventures-ը։

Շիրակի ձմեռ 2022 փառատոնը կմենարկի ժամը 12։30-ին, մինչ այդ առավոտյան ժամը 10։00-ին Երևանից՝ Սևանի փողոցից  ուղևորափոխադրող Ford Transit մեքենաները հյուրերին կտեղափոխեն Գյումրի, բացի այդ Գյումրու Երկաթգծի կայարանից /11։40/,  ավտոկայարանից/12։10/ և Վարդանանց հրապարակից /12։00/ միկրոավտոբուսները կտեղափոխեն Մեծ Սարիար։
Ժամանցի վայրում կլինեն հին վառարաններ՝պլեճի եւ թեյի համար։

Առանձնացված հանգստի գոտիներում, խարույկի շուրջ հյուրերը հնարավորություն կունենան վայելելու գլինտվեյն, մեդովկա և շատ այլ հետաքրքրիր խմիչքներ: 

ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի ղեկավար Նաիրա Գրիգորյանը Hraparak.am-ին տեղեկացրեց, որ շուրջ 3000 հյուր են սպասում «Շիրակի ձմեռ-2022» փառատոնին, այդ թվում՝ միջազգային կառույցներից, «Միջոցառման ընթացքում նախատեսում են անցկացնել պարապլանով թռիչքներ, դահուկավազք, սնոուբորդ, լեռնադահուկ, սնոուկայտինգ, կայտբորդինգ, հեծանվազք, ռաֆտինգ, փեյնթբոլ, բազկամարտ, պարանի ձգում, հրաձգություն, ձյունանուշով տուրեր, իսկ վերջում լինելու է մեծ համերգային ծրագիր։ Լինելու են սիրողական ելույթներ և մրցելույթներ, լինելու են հաղթողներ, որոնց պատվոգրեր ու գավաթներ են հանձնվելու»,-ասաց Նաիրա Գրիգորյանը։ 

Նա նաև բացատրեց, թե ինչու են որոշել հենց Մեծ Սարիարի անտառում անցկացնել այս տարվա «Շիրակի ձմեռ» փառատոնը․  «Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտությունների կենտրոնն ունի ուսումնասիրություններ և նպատակն է, որ ամեն անգամ միջոցառումը գնա մեկ համայնք։ Եվ համայնքը ներկայացվի թե՛ պոտենցիալ ձմեռային սպորտաձևերի  ուղղությամբ, և  թե՛ համայնքին փոքր-ինչ աշխուժություն հաղորդվի։ Ներդողներ կան, ցանկություն կա այդ տարածքում փոքր ճոպանուղի կառուցելու»։ Նաիրա Գրիգորյանը նաև հիշեցրեց, որ 2020 թվականին «Շիրակի ձմեռ»-ն անցկացրել են Աշոցքում։