44-օրյա պատերազմի զոհերից քանի՞սն է 24 միլիոն դրամ ունեցել

44-օրյա պատերազմի զոհերից քանի՞սն է 24 միլիոն դրամ ունեցել

Եկածդ օրվանից «աչքներս վրեն մնաց» , որ մի օրենք էլ սոցիալապես անապահով խմբի համար հանես։ Օրենքներդ օլիգարխների, ճոխ աշխատավարձ ստացողների, ունևորների  համար է։ Հարկային համահարթեցման օրենքը քո ու պաշտոնյաներիդ բարձր աշխատավարձերի համար էր։ 60 հազար դրամ ստացողը հարկվում է երկու միլիոն դրամ ստացողի տոկոսադրույքով։ Միայն այս փաստը բավական է՝ հասկանալու, թե ինչ կարգի ղեկավարի հետ գործ ունենք։ 

Հիմա գրում են, թե Հայաստանի պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է դրել հանրային քննարկման,  թե 24 մլն դրամ վճարելու դեպքում զինծառայողը պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակելու հնարավորություն կունենա։ Սա Նիկոլի նախագիծն է։  Ասեմ՝ ինչու։ Նա, ինքն է մի առիթով հայտարարել, որ կարելի է վատից օգուտ քաղել։ Այդ ժամանակ խոսքը կորոնավիրուսի մասին էր։ Հիմա տեսեք ինչ վիճակ է։ 

Պատերազմի խայտառակ պարտությունից հետո մեր տասնակ հազարավոր զոհերի, հաշմվածների, գերիների ողբը երկինք հասավ։ Ծնողները հայտնվեցին սոսկալի իրավիճակում՝  իրենց երեխեքի դիակներին անգամ կարոտ մնացին։ Չեմ հիշեցնում մեշոկների մեջ հայտնված ու հատակին թափվածների մասին։ Զարհուրելի տեսարանները մարդկանց մտքից մինչև մահ չեն գնա։ Սրանից էլ զարհուրա՞նք։ Եվ ահա օրենք է ընդունվում, որ ով 24 միլիոն տա՝ վաղաժամկետ է ազատվելու։ Պատկերացնու՞մ եք սարսափած ծնողների վիճակը։ Տուն-տեղ կծախեն, որ էդ փողով իրենց երեխեքին տեսած դժոխքից ազատեն։  Մի ձեռքով Փաշինյանը երկու ձմերուկ է բռնում։ Մի կողմից ծայրահեղ աղքատ մարդկանց «կքերթի», մյուս կողմից էլ լավություն կանի «փողին փող չասող» իր դասին պատկանող  ունևորներին, որոնք առանց դրա էլ տարբեր ճանապարհներով ազատում էին իրենց երեխեքին։ Բանակից ազատվելու մանրամասներին Փաշինյանը լավ տիրապետում է՝ սեփական օրինակով։ Միանգամից երեք հարց է լուծում՝ բարոյապես կազմաքանդում է Բանակը՝ հարուստ- աղքատ, սև- սպիտակ բաժանումով, ունևորներին տալիս է հնարավորություն՝  իրենց երեխեքի կյանքը խնայելու, աղքատներին էլ ,,քսիֆ է ուղարկում,,՝ չեք ուզու՞մ 44-օրյա պատերազմի դրվագները, ունեցածներդ ծախեք ու մուծվեք։ 

Ուզում եմ հասկանալ՝ 44-օրյա պատերազմի զոհերից քանի՞սն է 24 միլիոն դրամ ունեցել։ Էլի աղքատները, ոչ ունևոր խավն է գնացել ու կռվել։ 24 միլիոն դրամ ունեցողները Նիկոլ Փաշինյանի ու Պապիկյանի շուրջ խմբվածներն են։  Պարզ հետևություն՝ օրենքը հենց դրանց համար է։