Դուք շարունակեք աջակցել

Դուք շարունակեք աջակցել

Իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանը, որ առաջիններից մեկն էր թիմակիցներից, ով նոյեմբերի 10-ի խայտառակության ամենաթունդ պահին վարչապետին հայտնեց իր «անվերապահ աջակցության» մասին, սոցիալական ցանցում էլի մի գրառում է արել, որտեղ հիմա էլ մեղքը գցում է ժողովրդի վրա, թե բա՝ «Ձեզանից ոմանք համոզված են, որ ռազմական գործողությունների ընթացքում չեն իմացել ճշմարտությունը ռազմաճակատի եւ բանակցությունների մասին։ Միեւնույն ժամանակ քաղաքական շառլատանների կողմից փորձ է կատարվում ձեզանից ոմանց համոզել, թե չեք իմացել ճշմարտությունը։ Ձեզանից ոմանք էլ՝ իմ համոզմամբ գերակշիռ մեծամասնությունը համոզված է, որ իմացել է ճշմարտությունը, քանի որ այդ ճշմարտությունը հնչել է»։ 

Ահա այսպես՝ հեշտ ու հանգիստ։ Ապա հետեւում է տիկնոջ մեկնաբանությունն այն մասին, թե ինչո՞ւ են պատերազմի դժնդակ օրերին իրականությանն անհամարժեք հաղթական կոչեր հնչել։ «Իհարկե ռազմաճակատում ծանր մարտերի եւ բանակցությունների ցավոտ բովանդակության մասին ճշմարտությանը զուգահեռ քաղաքական եւ ռազմական գործիչները հնչեցրել են հաղթելու կոչը։ Առանց դրա հնարավոր չէ փորձել հաղթել կամ նույնիսկ դիմադրել պատերազմում»,- փիլիսոփայել է իմքայլականը։

Մենք էլ, սույն տիկնոջ տրամաբանությամբ շարժվելով, ընդունենք եւ արդարացնենք ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի «հաղթական» ապատեղեկատվությունները, թեեւ դրանք ամենեւին էլ կոչերի ձեւաչափի մեջ չէին, համարենք, որ ամբողջ 44 օր ֆեյսբուքյան կեղծ տեղեկություններով սնվող հասարակությունը, այնուամենայնիվ, «գիտեր» ճշմարտությունը եւ նոյեմբերի 10-ի ստորացումին «պատրաստ» էր, այդ դեպքում ի՞նչ ասենք իշխանական «պրավդայի» մասին։ Կապիտուլյացիայից երկու օր առաջ՝ նոյեմբերի 7-ին,  «Հայկական ժամանակը», որի գլխավոր խմբագիրը պաշտոնապես վարչապետի տիկինն է, խմբագրական հոդվածով ահա թե ինչ ինքնավստահությամբ հայտարարում է․ «Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ մենք պիտի շուտափույթ օգնություն ակնկալենք ու սպասենք, թե երբ է արտաքին աշխարհն ու առաջին հերթին Ռուսաստանը գալու եւ ֆիզիկապես կանգնելու հայ զինվորի կողքին, որովհետեւ արդեն ակնհայտ է, որ սա նաեւ իրենց պատերազմն է։ Իհարկե ոչ, որովհետեւ որքան էլ այդ հեռանկարն իրատեսական լինի՝ մենք պիտի ապավինենք բացառապես մեր ուժերին։

Առավելեւս, որ այդ հեռանկարն իրատեսական է դարձել միայն մեր կանոնավոր բանակի, պահեստազորի եւ կամավորականների բացառիկ մարտունակության ու հերոսության շնորհիվ։ Բայց մենք զուգահեռաբար պիտի աշխատենք (եւ հաջողությամբ աշխատում ենք) նաեւ արտաքին հարթակներում, ու քայլ առ քայլ, նաեւ մեր ջանքերի շնորհիվ, աշխարհը հասկանում է, որ քաղաքակրթության դեմ համաշխարհային չարիքի հիբրիդային պատերազմը սկսված է, ու այդ պատերազմում առաջնագիծն անցնում է Հայաստանով ու Արցախով։ Հիմա մեր խնդիրն է, որ առաջնագիծը դառնա միջնաբերդ։ Որովհետեւ, որպես կանոն, «հիմնական ուժերն» օգնում են միայն այն միջնաբերդերին, որոնք ամրության ու կանգուն մնալու մեծ ռեսուրս ունեն։ Իսկ մենք, վստահաբար, ունենք ե՛ւ այդ ամրությունը, ե՛ւ այդ ռեսուրսը։ Անկախ նրանից՝ արտաքին աշխարհը կնկատի դա, թե ոչ»։

Հիշեցնեմ․ այս խմբագրականը հրապարակվել է նոյեմբերի 7-ին՝ կապիտուլյացիայից երկու օր առաջ, երբ նրա գլխավոր խմբագիրը մարտական դիրքերում էր, հետեւաբար եւ՝ վերջինիս տեղեկություններն ու գնահատականները՝ «կանոնավոր բանակի, պահեստազորի եւ կամավորականների բացառիկ մարտունակության» մասին, կռվի դաշտից էին, իսկ նրա վստահությունը՝ «Մենք, վստահաբար, ունենք ե՛ւ այդ ամրությունը, ե՛ւ այդ ռեսուրսը», պատերազմի մոտալուտ հաղթական ավարտի ուղղակի հավաստում էր, համարյա ավետիս: Ուրեմն՝ որտեղի՞ց կարող էր հանրության  «գերակշիռ մեծամասնությունը» իրազեկված լինել դառը ճշմարտությանը, նոյեմբերի 10-ի ազգային ամոթի հնարավոր լինելուն, եթե նրան  ապակողմնորոշում էին այսքան բարձրից՝ իշխանական «պրավդաներից»։ 

ՀԳ․ Ձեր արձագանքը չի ակնկալվում, տիկին պատգամավոր․ Դուք իրավիճակին համապատասխան չեք։ Դուք շարունակեք աջակցել։