Արա այդ քայլը, Նիկոլ

Արա այդ քայլը, Նիկոլ

Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա: Դա է այս իրավիճակից բխող միակ տրամաբանական քայլը, որ կարող է անել թավշյա հեղափոխության առաջնորդը: Քիչ է ասել, թե նա պարտվել է պատերազմում: Այս պատերազմը ցույց տվեց նաեւ թավշյա հեղափոխության ողջ գաղափարական ու բարոյական սնանկությունը: Չխորանամ, որովհետեւ այս պահին այլ խոսքեր պետք չեն այլեւս: Փաշինյանը կապիտուլացվել է, Փաշինյանը պետք է հեռանա:

Շատ ավելի զգույշ պետք է լինել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պարագայում: Ինչքան էլ մենք սիրենք Արցախը, եւ պատերազմական ինչ մեղքեր էլ ունենա Արայիկ Հարությունյանը, պետք է հասկանալ, որ այս պահին, որպես Արցախի Հանրապետության նախագահ, որպես չճանաչված Արցախի Հանրապետության պետականության սիմվոլ հանդես է գալիս Արայիկ Հարությունյանը, որի կողքին գործելու շանսեր են պահպանում նաեւ Արցախի Հանրապետության կառավարությունը, Ազգային ժողովը, պետական մյուս ինստիտուտներն ու ուժային կառույցները: Արայիկ Հարությունյանի այսրոպեական հրաժարականը կարող է դառնալ Արցախի Հանրապետության վերջնական պարտությունը: Սա, անշուշտ, չի նշանակում, որ Ստեփանակերտում պետք է հապաղել Արայիկ Հարությունյանի հեռացման հարցում:

Ստեփանակերտում պետք է սկսել կառավարության կազմի լրջագույն փոփոխություններից եւ առանցքային պաշտոններում այն մարդկանց նշանակումից, որոնք բավականին խելահասություն ունեն եւ կարող են աշխատել նոր իրադրության պայմաններում: Այդ կադրերին կարելի է բերել նաեւ Հայաստանից: Ոչ մի ամոթ բան չկա դրա մեջ: Ես լավ եմ ճանաչում ազատատենչ արցախցուն, բայց ինչ արած, հիմա պետք է, որ նաեւ քաղաքական տոկունության եւ ճկունության դասեր տանք աշխարհին: Հասունացրեք Արայիկ Հարությունյանի հեռացումը եւ այդ ընթացքում ստեղծեք կառավարող այն մարմինը, որն իրավասու կլինի Արայիկ Հարությունյանից ստանձնել Արցախի Հանրապետության պետականության խորհրդանիշը:

Այս հարցում Հայաստանը պետք է ամեն կերպ աջակցի Արցախի Հանրապետությանը, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ առաջին հերթին հրաժարական տա Նիկոլ Փաշինյանը, այն մարդը, որի ճնշման տակ ճակատագրական սխալներ է գործել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Դարձյալ չարժե երկար-բարակ բացատրել, թե ինչու պետք է հրաժարական տա Նիկոլ Փաշինյանը: Նա կապիտուլացրել է երկու հայկական պետություն, նա պետք է հրաժարական տա եւ վերջ: Մնացածի մասին խոսել մենք դեռ կհասցնենք, իսկ առայժմ պետք է որ նա հեռանա իշխանությունից, որպեսզի այս պահին, այս ժամին, օրվա ընթացքում կամ եկող գիշերը հերթական դավադրությունը չնյութի Հայաստանի դեմ:

Քաղաքական դիակի կարգավիճակն ավելի նախընտրելի է, քան այն կարգավիճակը, որ ունի Նիկոլ Փաշինյան այսօր: Նա չունի քաղաքական թիմ, չունի համակրանք հանրության մեջ, չունի որեւէ քաղաքական թիմի մազաչափ աջակցություն: Նա այն պատահական անցորդն է, որին բախտ վիճակվեց նստել Հայաստանի վարչապետի աթոռին եւ քանդել այն երկիրը, որը չէր սիրել իր ծնված օրից եւ որի համար ոչինչ չէր արել իր գիտակցական կյանքում: Ասում են՝ Հռոմի պապերի շարքում կին է եղել: Փաշինյանն այդ «կինը» եղավ Հայաստանի Հանրապետության ղեկավարների մեջ:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, ՀՀ իրավապահ կառույցների ղեկավարներ, Մարդու իրավունքների հարգելի պաշտպան, հարգելի փաստաբաններ, խնդրում եմ՝ կազմակերպեք Նիկոլ Փաշինյանի անցնցում հեռացումը ՀՀ վարչապետի պաշտոնից: Սահմանադրության ուժով լինի, սիրաշահելով, ապահովության երաշխիքներ տալով, թե այլ կերպ, վերջապես պոկեք նրան վարչապետի աթոռից, որովհետեւ նրա մնալու ամեն վայրկյանն արդեն մարտահրավեր է Հայաստանին, Արցախին ու հայ ժողովրդին:

Անելիքներ շատ ունենք: Մենք դեռ արցախցիներին պետք է հետ վերադարձնենք իրենց տները, պետք է վերականգնենք Արցախի ավերված բնակավայրերը, վերականգնենք ու վերաշինենք մեր խոնարհված եկեղեցիներն ու հավատի տները: Մենք պետք է պայքարենք Նիկոլ Փաշինյանի տված Շուշին, Քարվաճառն ու Քաշաթաղն անմարդկային ջանքերով փրկելու համար: Գիտակցված, կանխամտածված, դավադրաբար ամեն ինչ տալ կարելի է 1.5 ամսում, բայց այդ ամենը վերականգնելու համար մեզնից տասնյակ տարիներ են պահանջվելու: Իր պաշտոնում Փաշինյանի մնալու ամեն օրը կարող է մի ամբողջ տասնամյակ ավելացնել այդ ժամանակին, եթե ոչ անիրագործելի դարձնել երբեւէ նորից Արցախի Հանրապետություն ունենալու եւ Հայաստանի հետ Արցախի միավորման երազանքը:

Նիկոլ Փաշինյան, հուսով եմ կարդում ես այս տողերը, գիտեմ, որ ուշադրությամբ հետեւում ես Հայաստանի եւ Արցախի փրկության հանրահավաքներում հնչող ամեն մի ելույթի, ամեն մի գործողության, որ մարդիկ իրականացնում են փողոցում՝ արհամարհելով արտակարգ, ռազմական եւ չգիտեմ էլի ինչ տեսակի իրավիճակները: Հալածանքներն ու հետապնդումները, որ իրականացվում են ռազմական իրադրության պատճառաբանությամբ, քեզ ոչինչ չեն տալու, եթե չասեմ, որ ավելի են խորացնելու քաղաքական ճգնաժամը եւ հանգեցնելու են քաղաքացիական անհնազանդությունների ու պատերազմի: Եվ ուրեմն քեզ ճիվաղի նման մի պահիր, սարսափելի պատերազմից դեռ դուրս չեկած ժողովրդին մի տար նոր պատերազմի:

Իսկ հիմա բարեկամաբար եմ ասում: Նիկոլ, դու գիտես, որ քո այսպես կոչված քաղաքական թիմն արդեն լքել է մեզ եւ ԱԺ նիստ հրավիրելը դարձել է անհնարին: Հեռանալուդ ճանապարհը մեկն է՝ հրաժարականի տեքստ կարդալ հեռուստաէկրանից եւ տեսախցիկների առաջ իշխանությունը հանձնել Ազգային փրկության կոմիտեին, որ պատրաստ է հենց այս պահին ստանձնել պատասխանատվությունն ու կյանքը մեր երկրում գցել հունի մեջ: Իմացիր՝ որքան ձգվի այդ պահը, այնքան դժվար է լինելու այդ մարմնի համար: Այնպես որ, աշխատիր գործածդ մեղքերին նոր մեղքեր չավելացնել: Արա այդ քայլը: