Ո՞վ ենք մենք

Ո՞վ ենք մենք

Աստված հեռու պահի ապերախտներից, որոնք չգիտեն՝ երախտագիտությունն ինչ է, եւ նրանցից, ովքեր իրենց մեղքն ուրիշների վրա են բարդում ու հպարտանում ջրից չոր դուրս գալու իրենց ունակությամբ: Մարդը ձախողվել է, չեն ստացվել ծրագրերը, չի կարողացել իրականացնել խոստումները, ստացել է մի երկիր, հանձնելու է բոլորովին այլ երկիր: Երկրի բնակչությունն է նվազել` ֆիզիկական կորուստների եւ արտագաղթի հետեւանքով, երկրի տարածքն է խիստ նվազել` պարտությունների եւ միակողմանի զիջումների հետեւանքով, երկրի հեղինակությունն է ընկել` սխալների եւ իշխանության թուլության հետեւանքով: Բայց ինքը շարունակում է մարդկանց համոզել-ներշնչել, թե մեծ ձեռքբերումներ ունի. ինքնիշխանության վերելք, դեպի Եվրոպա ընթացք, սահմանազատում եւ այլն:

Մարդկանց մի ահռելի բազմություն փորձում է հերքել ու հակադրվել, բացատրել ու հակառակն ապացուցել, բայց դա այնքան էլ հեշտ չէ, երբ դիմացդ պետական լծակներ տնօրինող, մանիպուլյացիաների արվեստին լիարժեք տիրապետող, բարոյական սահմաններ ու կարմիր գծեր չունեցող մի անձնավորություն է: Մենք հիմա պետք է ոչ թե նրան համոզենք ու հակադրվենք, ոչ թե նրա մի բուռ թիմակիցներին ու երկու բուռ համակիրներին ինչ-որ բան ապացուցենք, այլ՝ ինքներս մեզ: Հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում հայը, եւ ինչպիսին է հայ հանրությունը: Մենք զոհվածի մորը յոթհարկանի քֆուր տվող, սրբազանին սրբապիղծ կոչող, Կիրանցի ու Տիգրանաշենի վրա թքած ունեցող, խորոված ու խաշլամա լափող սրբապիղծների հանրո՞ւյթ ենք, թե՞ ունակ ենք ինքնակազմակերպվելու եւ մեր երկիրը ոտքի կոխան դարձրած հրոսակների դեմն առնելու: Ի վիճակի՞ ենք պաշտպանելու մեր ազգային արժեքները, թե՞ թույլ ենք տալու, որ Մասիսը մեզնից խլեն ու մեր Սահմանադրությունը Ստամբուլում գրեն: