Դատական գործերի մակագրման ծրագրի վերագործարկումը երկար պրոցես է

Դատական գործերի մակագրման ծրագրի վերագործարկումը երկար պրոցես է

Հայաստանի դատարանների էլեկտրոնային մակագրման համակարգչային ծրագրի սերվերի մուտքի եւ կառավարման բանալիները դեռեւս 2021 թվականի հուլիսի 21-ից առգրավված էին ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, եւ այս ընթացքում դատարաններ ստացված գործերը մակագրվում են ձեռքով՝ դատարանների նախագահների կողմից, ինչը մեծ բողոքների ու կասկածների տեղիք էր տալիս։

Առգրավումից շուրջ 8 ամիս անց՝ մարտի 17-ին, գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դատական գործերի մակագրման համակարգի բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտ։ Դրան ի պատասխան՝ Բարձրագույն դատական խորհրդից հայտարարեցին, որ ծրագրի բանալիներն իրենց մոտ չեն, դատախազությունը կրկին իրենը պնդեց։ Եվ մամուլն օրեր շարունակ զբաղված էր այդ «բանալիների» փնտրտուքով, թե դրանք որտեղ են կորել եւ ում մեղքով։

Երեկ մենք տեղեկացանք, որ ծրագրի կոդերը կամ, այսպես կոչված, բանալիները, ի վերջո, արդեն Դատական դեպարտամենտում են, եւ սկսվել են ծրագրի վերագործարկման աշխատանքները։ Այդ աշխատանքներն իրենց անմիջական հսկողության տակ պահելու համար ընտրվել է ԲԴԽ 2 անդամ՝ դատավոր անդամ Անի Մխիթարյանը եւ գիտնական անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ Վերջինս «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ այժմ աշխատանքներ են կատարվում ծրագրավորող ընկերության հետ, որպեսզի կարողանան սկսել համակարգի վերագործարկման աշխատանքները․ «Հետները հանդիպել ենք մի քանի անգամ, իրենք մեզ ներկայացրել են պայմանները, որոնք անհրաժեշտ են աշխատանքները սկսելու համար, որովհետեւ իրենք կարիք ունեն նոր աշխատողներ ներգրավելու։ Մեզ ուղարկել են իրենց առաջարկը, նաեւ՝ գնային առաջարկը, պետք է այդ առաջարկն ուղարկվի արդարադատության նախարարությանը։ Կտեսնենք ինչպես կլինի, հույս ունենք՝ աշխատանքներն առաջիկա օրերին կսկսվեն»։

Նա նշեց, որ չի կարող ասել, թե ինչքան գումար է պահանջել ծրագրավորման ընկերությունը։ Իսկ ինչ վերաբերում է նոր ծրագիր ներդնելու աշխատանքներին, քանի որ իրենք դիմել էին այլ ընկերության՝ մակագրման նոր ծրագիր ձեռք բերելու համար, Բեքմեզյանն ասաց, որ ընկերության ներսում, նոր ծրագրի հետ կապված, խնդիրներ են առաջացել՝ կապված տենդերների հետ․ «Դեռեւս վերջնական ընտրություն չեն կատարել այն կազմակերպության հարցում, որը պետք է աշխատի դրա վրա։ Դրա համար մենք որոշեցինք մի քանի ուղղությամբ աշխատել, չսպասել մեկ աղբյուրի, որպեսզի գործը գլուխ բերվի։ Մենք հստակ ժամկետներ չունենք, այդ ծրագրավորման ընկերության առաջ պահանջ ենք դրել, որ ամենաուշը մեկ ամսվա ընթացքում պետք է սկսի աշխատել։ Ես գիտեմ, որ կառավարությունում կա մոտեցում՝ այս հարցը շուտ լուծելու, նկատի ունեմ՝  ֆինանսավորման հարցում, ես հույս ունեմ, որ շատ չի ձգվի»։

Հարցին, թե ինչու են այդքան աշխատանք ու ժամանակ պահանջվում պատրաստի ծրագրի վերագործարկման համար, ԲԴԽ անդամը նշեց․ խնդիրն այն է, որ, երբ համակարգը մեկ տարի չի աշխատել, փոփոխություններ են տեղի ունեցել հենց իրենց կանոնակարգերում, իրավիճակներում․ «Մեկ օրինակ բերեմ․ անցած տարի նոր կարգ է ԲԴԽ-ն սահմանել, ըստ որի՝ սահմանվել են գործերի բաշխման այլ ընթացակարգեր, որոնք կային մինչ այդ։ Այդ նոր կարգի արդյունքում համակարգը պետք է վերածրագրավորվեր՝ չի արվել, որովհետեւ համակարգն առգրավված էր։ Երկրորդ․ այս մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել դատավորների փոփոխություններ, մի շարք դատավորներ թոշակի են գնացել, որոշների լիազորություններն են դադարեցվել, նոր դատավորներ են նշանակվել։ Սրանք բոլորը պետք է մուտքագրվեն համակարգ»։

Իսկ թե արդյոք վերագործարկման արդյունքում անվստահություն չի՞ առաջանա փաստաբանների կամ թեկուզ դատավորների մոտ, որովհետեւ ծրագիրը եւ դրա բանալիները տեւական ժամանակ ԱԱԾ-ում են եղել, մեր զրուցակիցն ասաց՝ պետք է ամեն ինչ անեն, որ այդ անվստահությունը լինի սուբյեկտիվ, ոչ թե օբյեկտիվ, որովհետեւ այդ անվստահությունը եղել է նաեւ այն ժամանակ, երբ ծրագիրն աշխատել է․ «Մենք ունեցել ենք գրություններ դատավորներից, որով ասում էին, որ ծրագիրը հավասարաչափ չի բաշխում գործերը, այսինքն՝ մտավախություններ միշտ էլ եղել են։ Մենք չենք կարող այս պահի դրությամբ կասկածել ծրագրի օբյեկտիվությանը, բայց քանի որ կա մտավախություն, որ եղել է, պետք է այնպես կազմակերպենք աշխատանքները, որ ծրագրի աշխատանքները կասկածելի չլինեն»։