Սեպտեմբերի 27-ին Փաշինյան վարչապետ չպետք է լինի
Արցախի Հանրապետության Անկախության օրվան նվիրված ընդդիմության հանրահավաքից հետո Նիկոլ Փաշինյանի նյարդերն ակնհայտորեն տեղի են տալիս: Դա ակներեւ զգացվում է պսեւդո-ընդդիմության՝ իշխանություններին ենթակա սեգմենտի զորաշարժից, Երեւանի ավագանու ընտրություններում իշխանության թեկնածուի խոսքի կտրուկ փոփոխությունից, քարոզարշավի հանդեպ հանրության վախեցնող անտարբերությունից եւ բազմաթիվ այլ նյուանսներից՝ Նիկոլի շարժուձեւից, միմիկայից եւ այլն: Այս պահին ամեն ինչ, կարծես, նրա դեմ է՝ Արցախի նախագահի հրաժարական, ընդդիմության բազմամարդ հանրահավաք, ադրբեջանական նոր հարձակում, Արեւմուտքի տոտալ անտարբերություն, դաշնակցի չսպառվող եւ անընդհատ խորացող քննադատություն, սեփական երկրում տեղաշարժվելու անհարմարություն: Հատկապես հետաքրքիր է այս վերջինը: Փաշինյանի մարզային այցերը, որոնք նա կազմակերպում է շփոթմունքն ու այլայլմունքը թաքցնելու նպատակով, վերածվում են ծաղրուծանակի:
Մինչդեռ Փաշինյանը հույս ուներ Երեւանի ավագանու ընտրություններով ավելի ամրապնդել իր իշխանությունը, հաղթանակն այդ ընտրություններում ներկայացնել որպես սեփական քաղաքական կուրսի հաղթանակ: Փողոցներն ընկած ՔՊ-ականների անկապ քարոզչությունը հազիվ թե ընտրազանգված գեներացնի: Մարդիկ իրենց դռներն են փակում նրանց առաջ, ծաղրում կարգախոսը, «անպատեհ» քաղաքական հարցեր տալիս անտեղյակ թեկնածուին: Այս թիմով ոչ միայն հաղթել, այլեւ պատվով պարտվել չի ստացվելու, եւ Փաշինյանը շատ լավ հասկանում է դա: Ճիշտ է, նրա ձեռքի տակ դեռ կան բազմաթիվ լծակներ՝ ծանրության կենտրոնը ՔՊ-ի կողմը թեքելու համար, բայց դրանց գործադրումն էլ պակաս վտանգավոր չէ եւ կարող է շուռ գալ հենց գործադրողի դեմ:
Մրցակիցներն արդեն իսկ խոսում են իշխանության նախընտրական խայտառակ դրամահավաքի մասին, որ անհավասար պայմաններ է ստեղծել մյուս թեկնածուների համար: Նույն ինքը՝ Ավինյանը, ընտրություններին մասնակցում է Երեւանի դե ֆակտո քաղաքապետի կարգավիճակով, ինչը եւս անընդունելի է ժողովրդավարության չափորոշիչներով: Էլ չենք խոսում դպրոց-մանկապարտեզների տնօրեն-վարիչների համակենտրոնացման մասին, որոնց ուսերին է դրված ընտրություններին ծնողների ակտիվ մասնակցություն ապահովելու ծանր բեռը: Այս ամենին ավելացրեք նաեւ դատախազությունը, ոստիկանությունը, հակակոռուպցիոնը, ԿԸՀ-ն, եւ գրեթե կամբողջականանա լծակների այն ցանկը, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու օգտագործել ընտրությունների անբարենպաստ ելքի դեպքում: Հիշենք Վանաձորի, Վարդենիսի, Գորիսի ընտրությունները:
Եվ հանկարծ ընդդիմության բազմամարդ հանրահավաք՝ Փաշինյանի համար ամենաանհարմար թեմայով, ամենաանհարմար սցենարով, ամենաանցանկալի ելույթներով: Վերից վար մերկացվեց նրա վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունը, Արցախի հարցով դրսեւորած խայտառակ կեցվածքը: Հրաժարական, ժամանակավոր կառավարության ձեւավորում, արտաքին քաղաքականության 180 աստիճանով փոփոխություն… Արցախի հարցով Փաշինյանի հայտարարությունների առոչինչ հռչակում եւ արցախյան բանակցային նոր գործընթացի մեկնարկ: Փաշինյանը չունի ո՛չ բացատրություն, ո՛չ էլ որեւէ պատճառաբանություն՝ իշխանության ղեկին իր մնալն արդարացնելու համար: Եվ նա դիմում է հասարակության մեջ հերթական անգամ խառնաշփոթ առաջացնելու հին ու փորձված մեթոդին՝ փողոց է հանում իր գրպանային ընդդիմությանը:
Խոսքն ամենեւին էլ Երեւանի ավագանու ընտրություններում ներգրավված պսեւդո-ընդդիմադիրների մասին չէ: Նրանցից ոչ ոք փողոց իջնող ու փողոցում խժդժություններ սարքող չէ: Բայց Ազգային ժողովրդավարական բեւեռն արդեն՝ ուրիշ բան: Լսել եք, երեւի, թե ինչ մոլեռանդությամբ են բեւեռցիները սկսել քննադատել Նիկոլ Փաշինյանին, թե ինչ լիաթոք են նրան հայտարարում դավաճան, թուրք, որին պետք է անհապաղ հեռացնել: Նիկոլին քաղաքականապես ոչնչացնելու հարցում Սորոսի վաստակներն այսօր առաջ են անցել բոլորից ու դեռ ձեռքի հետ էլ ՊՊԾ գնդի գրավումը հռչակել են 2018թ. հեղափոխության նախերգանք: Հարց է առաջանում՝ ո՞ւմ ցուցումով, ինչո՞ւ հանկարծ այն ուժը, որ տարիներ առաջ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանի թիկունքին լինելու մասին, որ հույժ գաղտնի երկխոսություն ուներ Փաշինյանի հետ, հանկարծ դարձավ ծայրահեղ ընդդիմադիր: Սովորաբար չի լինում այդպես: Ու եթե Բեւեռը միանում է քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի տիրույթը խառնակելու գործին, բայց դա նշանակում է, որ այդ ուժին ինչ-որ մեկը նետում է «պայքարի»՝ սեփական նկրտումներից ելնելով:
Ես համոզված եմ, որ Փաշինյանի այս խաղաթուղթը եւս կխփվի: Խորհրդարանական ընդդիմությունը, իմ կարծիքով, կկարողանա բացահայտել Փաշինյան-Բեւեռ գործարքը եւ Հայաստանը զերծ պահել ներքաղաքական լրջագույն բախումներից: Իսկ դրա համար Հայաստանի օրակարգում միշտ պետք է առաջին տեղում պահել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը: Մնացած հարցերն ածանցվում են այդ մեկ հարցից: Սեպտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյան վարչապետ չպետք է լինի, եթե ուզում ենք խուսափել ներքին արյունահեղությունից:
Կարծիքներ