Ալիեւն առեւտուր է անում նավթով, Փաշինյանը՝ կեղծ ժողովրդավարությամբ

Ալիեւն առեւտուր է անում նավթով, Փաշինյանը՝ կեղծ ժողովրդավարությամբ

Բրիտանական BBC-ն Ադրբեջանում մնացած միակ արեւմտյան լրատվական ծառայությունն է, որը մինչ այժմ չի փակվել միայն Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունների հատուկ հարաբերությունների պատճառով: BBC-ն Բաքվում թղթակցական կետ ունի՝ ընդամենը մեկ աշխատակցով, որը Մագերամ Զեյնալովն է: Վերջինս մշտապես ենթարկվում է ադրբեջանական իշխանությունների հետապնդումներին, նրա հեռախոսները գաղտնալսվում են, չնայած «գաղտնալսել» բառը տեղին չէ, որովհետեւ գաղտնալսողները մշտապես հասկացնում են, որ Զեյնալովն իրենց ուշադրության կենտրոնում է, նրան, ամենայն հավանականությամբ, կալանավորած կլինեին, եթե նա չլիներ BBC-ի միակ աշխատակիցն Ադրբեջանում եւ այդկերպ չգտնվեր բրիտանական պաշտպանության ներքո: Բայց Ադրբեջանի հատուկ ծառայությունները շուտով կարող են նրան եւս կալանավորել, եթե չհասցնի ժամանակին լքել երկիրը, քանի որ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փակել ադրբեջանական իշխանություններից քիչ թե շատ անկախ գործող թղթակցական կետը:

Ադրբեջանի մամուլի խորհուրդն արդեն հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով, որ BBC-ն կա՛մ հրապարակայնորեն ներողություն խնդրի օրերս իր եթերով հեռարձակված Արտակ Բեգլարյան-Սերժ Թանկյան հարցազրույցի համար, որտեղ անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու միջոցով իրականացվող էթնիկ զտման քաղաքականությանը, կա՛մ իրենք հետ կկանչեն ընկերությանը տրված գործունեության լիցենզիան եւ կփակեն թղթակցական կետը: Քանի որ BBC-ն չի գնա նման ստորացուցիչ եւ ուլտիմատիվ պահանջի կատարմանը, Ադրբեջանի իշխանությունը կիրականացնի սպառնալիքը, եւ արեւմտյան վերջին տեղեկատվական կառույցը եւս կփակվի այդ երկրում: Ադրբեջանի իշխանությունները ցույց են տալիս, որ իրենք ամենեւին մտահոգված չեն, որ իրենց գործողությունները կարող են ազդել Ադրբեջան-Մեծ Բրիտանիա հարաբերությունների վրա, ընդհակառակը՝ Ալիեւն իր հասարակությանը ցույց է տալիս, որ ինքն այնքան ուժեղ եւ ինքնուրույն է, որ առանց վարանելու կարող է գնալ երկրի հեղինակությունը ոտնահարած հեռուստաընկերության գործունեության դադարեցմանը, եթե անգամ դա բրիտանական BBC-ն է:

Նախկինում Ադրբեջանի իշխանություններն արգելել էին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության գործունեությունը՝ կալանավորելով մի շարք թղթակիցների, որոնք ազատ արձակվեցին արեւմտյան դեսպանատների համառ պահանջների արդյունքում, չնայած որ պատանդի կարգավիճակում գտնվում են Ադրբեջանում, եւ երկրի իշխանությունները նրանց ելքի թույլտվություն չեն տալիս, ինչպես, օրինակ, Խադիջա Իսմայիլովային: Ադրբեջանի իշխանության պահանջով անցյալ տարի գրեթե ամբողջ կազմով աշխատանքից դուրս եկան ռուսական «Սպուտնիկ-Ադրբեջան» գործակալության աշխատակիցները՝ հրաժարվելով թողարկել ՌԴ պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունը, ըստ որի՝ ադրբեջանական կողմն արցախաադրբեջանական շփման գծում հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը:

Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ցույց են տալիս, որ արեւմտյան աշխարհի կողմից քարոզվող եւ պաշտպանության տակ վերցված ժողովրդավարական արժեքները, այդ թվում՝ ազատ խոսքը եւ մարդկանց անաչառ տեղեկատվություն ստանալու իրավունքը, իրենց համար որեւէ արժեք չունի, եթե այդ խոսքը չի համապատասխանում Ադրբեջանի պաշտոնական քարոզչության չափանիշներին: Ադրբեջանի իշխանությունները, փակելով ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանը կամ պատրաստվելով փակել բրիտանական BBC-ն, մտավախություն չունեն, որ կարող են ենթարկվել պատժամիջոցների: Պատճառն այն է, որ Ալիեւի վարչակազմը շատ լավ գիտի, որ ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի իշխանություններին Ադրբեջանում հետաքրքրում են ոչ թե ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, այլ ադրբեջանական նավթն ու գազը: Ժողովրդավարության կամ մարդու իրավունքների պաշտպանության պատրաստակամության մասին արեւմտյան պետությունների եւ գործիչների հայտարարություններն ընդամենը լծակ են՝ նավթն ու գազն անարգել եւ իրենց ուզած պայմաններով գնելու եւ արտահանելու համար:
Ալիեւը շատ լավ հասկանում է, որ արեւմտյան երկրներն Ադրբեջանում ժողովրդավարության բացակայության կամ մարդու իրավունքների տոտալ ոտնահարումների մասին կհիշեին, պատժամիջոցներ կկիրառեին, եթե Ադրբեջանի իշխանությունները ոչ թե փակեին «Ազատությունը» կամ BBC-ն, այլ հայտարարեին արեւմտյան նավթագազային ընկերությունների հետ գործարքները դադարեցնելու մտադրության մասին կամ որոշեին ազգայնացնել այդ ընկերությունների` իրենց երկրում ունեցած սեփականությունը: Ալիեւը նման քայլի չի գնա` վտանգելով իր իշխանությունը եւ իր հարստությունը: 

Աշխարհն առաջնորդվում է շահերով եւ ոչ թե արժեքներով, արժեքների պաշտպանության անհրաժեշտությունն առաջանում է միայն այն ժամանակ, երբ պետք է դրանց միջոցով ծխածածկույթ ստեղծել՝ սեփական շահերը քողարկելու եւ պաշտպանելու համար: BBC-ի հետ կապված օրինակը ցույց է տալիս, թե Ալիեւը որքան լավ եւ ռացիոնալ պատկերացում ունի արեւմտյան շահերի եւ արժեքների մասին, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների: Երբ Նիկոլ Փաշինյանը պահանջում է, որ արեւմտյան աշխարհն օժանդակի եւ պաշտպանի Հայաստանին Ադրբեջանից, միայն այն պատճառով, որ Հայաստանը, իր պատկերացմամբ, ավելի ժողովրդավարական է, քան Ադրբեջանը, իրեն դնում է ծիծաղելի վիճակում: Երբ դու ոչինչ չունես առաջարկելու` ո՛չ նավթ, ո՛չ գազ կամ այլ արժեքավոր հանածոներ եւ ուզում ես աշխարհի վրա ծախել քո անպետք ու կեղծ ժողովրդավարությունը, ապա պետք է պատրաստ լինես տեսնելու, թե ինչպես են գնորդները նախապատվությունը տալիս նավթին եւ գազին՝ արհամարհանքով անցնելով քո առաջարկած անպետք ապրանքի կողքով: 

Ի վերջո, Հայաստանի իշխանություններն էլ են գործում նույն սկզբունքով՝ առաջնորդվելով բացառապես իրենց անձնական եւ խմբային շահերով,  բռնանալով իրենց իշխանությանը սպառնացողների նկատմամբ, արհամարհելով եւ ոչնչացնելով ազատ խոսքն ու ժողովրդավարական մյուս արժեքները: Թե՞ Փաշինյանին թվում է, որ դա թույլատրելի է միայն իրեն, կամ աշխարհում միայն իր միտքն է ունակ նման ինքնատիպ լուծումներ գեներացնելու:

Ավետիս Բաբաջանյան