Ո՞նց համոզեմ կովիս, որ դա իր Հողը չէ․․․

Ո՞նց համոզեմ կովիս, որ դա իր Հողը չէ․․․

Հող սիրող մարդն ուրիշ է։ Հող սիրող մարդը սեփական հողի մասին չի ասի՝ քանդված, փլատակ, ամայի, ողջ տարին ձյունածածկ տարածքներ։ Հող սիրող մարդը հողի հոտից անգամ զգում է, որ դա իր Հողն է․․․ Անգամ կենդանին է դա զգում։ Վերջերս Տեղ գյուղից մեկն ասում էր․ «Կովիս ո՞նց համոզեմ, որ դա իր արոտավայրը չի, որ թշնամին բռնազավթել ու ասում է՝ իմն է։ Մարդուն ավելի հեշտ է համոզել, խաբել։ Կենդանին ռունգերը, քթանցքները լայն բացում, աչքերը խոշորացնում ու թշնամու զավթած, բայց իր հողն է գնում։ Նա կանաչի հետևից չի գնում, հողի հոտը զգու՜մ է։

Դելիմիտացիան ու դեմարկացիան մեր անասունի պնչի մեջ է»։ Անի,Կարս, Վան , Էրզրում գնացողներն ասում են՝ «Ոնց որ մի հարազատ Հող գնանք, որտեղ ուզում ես պառկել ու լացել, պառկել ու գոռալ, պառկել ու գրկել Հողը։ Չգիտենք՝ դա ի՜նչ զգացում է»։ Իսկ ես գիտեմ։ Դա Հողի կանչն է, Հողի բույրն է․․․»։

Գուրգեն Մահարին Ակսել Բակունցի մասին գրում է․ «Ամենամեծ անկարգությունը, որ Բակունցը կարող էր թույլ տալ, դա այն էր, որ փողոցում կկռանար,կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր. 

 -Ոչ մի հող այսպես չի բուրում,չէ՜... »

Վախթանգ Անանյանը, աքսորված Բակունցի խոսքերը արցունքոտ տողերով է հիշեցնում․ «Քեզնից հողի հոտ եմ առնում,-մի օր ասաց ինձ կամաց,և ես թախիծ զգացի նրա աչքերում:

...Ախ,ուրիշ բան չեմ ուզում,քեզ հետ ձիերից իջնեինք Իշխանասարի անմահական աղբյուրներից մեկի մոտ, ծաղիկների վրա փռեինք մեր յափնջիները և չոքեինք, խմեինք քչքչացող զուլալ ջուրը:
Արցունքներ երևացին կապույտ աչքերում:
Ես ցնցված էի,վահ,այսքան էլ կարոտ... »։

Իսկ հիմա Իշխանասարում թշնամին է ու ասում է, որ դա իր հողն է․․․ Մեր հողը հայաստանոտ է, մեր հողի հոտն ուրիշ է, մեր հողը մեր հերոսների արյունով է ցողվել ու նրանց պես քաղցր է։ Ով հանձնում է Հողը, նրան Անհող են ասում։ Դա ժողովրդի ամենամեծ նզովքն է։