«Հրապարակ». Դուք քանի՞ հոգու հետ եք ինտերվյու արել, որ ինձնից շատ գիտեն երեւանցու ուզածը

«Հրապարակ». Դուք քանի՞ հոգու հետ եք ինտերվյու արել, որ ինձնից շատ գիտեն երեւանցու ուզածը

Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը պատրաստվում է մասնակցել սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին։ 

Ամիսուկես առաջ նա մեր թերթի հետ զրույցում ասել էր, որ պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել, քանի որ Հայաստանում գրանցված մի քանի տասնյակ կուսակցություններից եւ ոչ մեկի գաղափարներն ու սկզբունքները չեն համընկնում իր տեսլականին։ Երեկ զրուցեցինք Մնացականյանի հետ, պարզվեց, սակայն, որ թեկնածուն չի շտապում։ Նա վստահեցրեց, որ ստեղծվելիք կուսակցության ծրագիրն արդեն պատրաստ է, կորիզն ավելի քան երեք տասնյակ երեւանցիներ են, ավագանու ցուցակն էլ է պատրաստ՝ 35 հոգուց բաղկացած, որոնք ակտիվ աշխատանքներ են տանում, սակայն կուսակցության փաստաթղթերը դեռեւս պետռեգիստր չեն ներկայացվել: Մնացականյանի հաշվարկով՝ ընթացիկ ամսում այդ խնդիրն էլ կլուծեն։ «Քաղաքական անցյալով հայտնի դեմքեր չկան։ Մենք երեք սկզբունքներով ենք ընտրել, բայց առայժմ չեմ ուզում փակագծեր բացել»,- ասաց Մնացականյանը։ Եվ չնայած այս ամենին՝ կուսակցության անվանումը դեռ չեն որոշել, բազմաթիվ են տարբերակները, քննարկում են քաղտեխնոլոգների եւ այլ մասնագետների հետ, որպեսզի, ինչպես մեր զրուցակիցն ասաց, խուսափեն ասոցիացիաներից (նույնացվելուց)․ «Փիառ մասնագետներ, հոգեբաններ, սոցիոլոգներ, մարկետոլոգներ․ այս ոլորտի մասնագետների հետ ակտիվ քննարկումների մեջ ենք, պարզվում է՝ անունը կարեւոր նշանակություն ունի, ասոցիացիաների հետ կապված»։

- Իսկ ի՞նչ ասոցիացիաներից եք հատկապես խուսափում։

- Այստեղ ես ընկա Ձեր թակարդը` շատ են, չեմ կարող պատասխանել։

- Նախկինների հետ նույնացվելո՞ւ, թե՞ ներկաների, ո՞ր ասոցիացիաներն են Ձեզ վանում։

- Տարբերությունը ես լավ չեմ հասկանում, այնքան է թացը չորի հետ խառնվել, որ դժվար է ասել։

- Ավագանու ընտրություններին հայտ ներկայացրածներից շատերի մոտ այն համոզմունքն է, որ չի կարելի գնալ՝ զուտ քաղաքի մենեջերի ընտրության մասնակցել, սեպտեմբերի 17-ը պիտի դարձնել իշխանությունների դեմ պայքարի միջոց։

- Ես այդ բոլորից կտարբերվեմ հենց դրանով, որ բոլորն ուզում են զբաղվել քաղաքականությունով, ես՝ քաղաքային խնդիրներով։ 

- Ինչո՞ւ։

- Բոլորը չեն հասկանում, որ «քաղաքականություն» բառն առաջացել է «քաղաք» բառից։ Առաջին հերթին պիտի քաղաքում արդար լինի, կոկիկ լինի, գրագետ, հարմար, ապահով, որ  հետո այդ ամբողջը պրոյեկտես երկրի վրա։

- Նկատի ունենալով ներկա ժամանակները, երբ երկրում վաղուց ոչինչ անվտանգ չէ, Հայաստանի առջեւ անվտանգային  լրջագույն խնդիրներ են ծառացած, իսկ իշխանության պահվածքը բոլորին տեսանելի է, կարծում եք՝ այս իրավիճակում Ձեր դիրքորոշումը մրցակցային կլինի՞, որ միայն քաղաքի խնդիրներին անդրադառնալով մասնակցեք։

- Այո, որովհետեւ մենք մասնակցում ենք քաղաքային ընտրություններին, ոչ թե համապետական։

- Երեւանի ընտրությունները համապետական ընտրություններ են` քաղաքական ուժերի, գաղափարների պայքար է ընթանում։

- Կարծում եմ՝ այդ հարցերից խուսափել չի լինի, դրա ժամանակն էլ կգա, եւ կխոսենք այդ մասին։ Հիմա կարեւորը՝ կենտրոնանալ քաղաքի խնդիրների վրա, որովհետեւ, գիտեք, տարիներով այդ առիթն էլ չի լինելու։

- Իսկ Ձեզ համար կարմիր գծեր կա՞ն, թե հետընտրական իրավիճակում որ ուժերի հետ դաշինքներ, կոալիցիաներ չեք ձեւավորի։

- Եթե ինձ համար կարմիր գծեր չլինեին, ես ժամանակին դուրս չէի գա աշխատանքից, հիմա էլ չէի ցանկանա մասնակցել եւ որոշում չէի կայացնի՝ հիմնել քաղաքական կուսակցություն եւ մասնակցել քաղաքական ընտրությունների։

- Ճի՞շտ հասկացա, որ ներկաների հետ բացառում եք համագործակցությունը։

- Ես չեմ կարող ասել այն, ինչ Դուք հասկացաք, ժամանակից շուտ չենք ուզում քաղաքական գնահատականներ տալ, մենք ունենք ստրատեգիա, եւ այժմ ժամանակը չէ։

- Բազմաթիվ թեկնածուներ ամիսներ առաջ են քարոզարշավը սկսել, օրինակ, Դավիթ Խաժակյանն աղբահանությանն է մասնակցում, Մանե Թանդիլյանի պաստառներն ամենուր են, Ավինյանի մասին ավելորդ է խոսելը: Այսինքն՝ նախընտրական չհայտարարված քարոզչություն են իրականացնում։

- Ես շատ ուրախ եմ բոլորի համար, ոչ մեկն այս քաղաքում իմ թշնամին չէ, շատերը նույնիսկ իմ ընկերներն են։ Թող ես հենց դրանով տարբերվեմ, որ բարություն, քաղաքակրթություն եւ ավելի գործնական ու ընկերական էմոցիաներ փոխանցեմ։ Երեւանցին, հավատացեք, հոգնել է խժդժություններից, երեւանցին ուզում է տեսնել, որ իրենց բակերում է բան փոխվում, իրենց փողոցներում, իրենց կառավարման մոդելը, իրենց ձայնը լսելի է։

- Դուք ծածուկ քարոզարշա՞վ եք արել, որ գիտեք, թե երեւանցիներն ինչ են ուզում։

- Իսկ Դուք քանի՞ հոգու հետ եք ինտերվյու արել, որ ինձնից շատ գիտեն երեւանցու ուզածը, թող անհամեստություն չհնչի։

- Մեր ինտերվյուներում երեւանցիներին, ինչպես բոլոր հայաստանցիներին, ոչ այնքան իրենց բակի սահարաններն են հետաքրքրում, որքան պետության անվտանգությունը, սահմանները, ապագան, դրա համար էի հարցնում` գուցե առաջնային խնդիրը քաղաքական գնահատականներ տա՞լն է։

- Դուք խոսում եք ավելի խորքային պրոբլեմից, ճիշտ եք, բայց ես չեմ որոշել, որ այդ օրը պետք է լինի սեպտեմբերի 17-ին, եւ ես չեմ որոշել, որ էս երկիրը նման խնդիրների առջեւ է կանգնած, եւ քաղաքային խնդիրներն ընկել են երկրորդ պլան։