50 ոստիկան է տուժել․ Վրաստանի ՆԳՆ-ի հայտարարությունը

50 ոստիկան է տուժել․ Վրաստանի ՆԳՆ-ի հայտարարությունը

Վրաստանի ոստիկանությունը մարտի 7-ի երեկոյան Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ 66 մարդու է բերման ենթարկել։ 
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ նրանք մեղադրվում են մանր խուլիգանության եւ ոստիկանությանը չենթարկվելու մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ հետաքննություն է սկսվել պետական ​​պաշտոնյաների նկատմամբ բռնություն գործադրելու և գույքին վնաս պատճառելու հատկանիշներով։ Ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ ցուցարարների հետ բախումների արդյունքում տուժել է շուրջ 50 ոստիկան, նրանցից մի քանիսը հոսպիտալացվել են։ Նշվում է, որ քաղաքացիների մեջ նույնպես կան տուժածներ։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցածը դուրս է եկել խաղաղ բողոքի ակցիայի շրջանակներից և հանգեցրել է մի քանի ժամ տևած օրենքի և կարգի խախտման։ Նշվում է, որ ակտիվիստները վառել են խորհրդարանի շենքը, քարեր են նետել և կոտրել ապակիները։

Վրաստանի խորհրդարանը մայիսի 7-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը։ Երեկոյան շենքի մոտ հավաքվել է ցուցարարների բազմություն, ակցիան վերածվել է բախումների ոստիկանների հետ, որոնք արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են կիրառել։