Արևմուտքի եւ Ռուսաստանի հետ ճիշտ քաղաքականության օրինակ է դա

Արևմուտքի եւ Ռուսաստանի հետ ճիշտ քաղաքականության օրինակ է դա

«Շնորհավորանքներս նախագահ Իլհամ Ալիևին և Ադրբեջանի քաղաքացիներին՝ ճիշտ ընտրություն կատարելու առնչությամբ։ Մենք ականատեսն ենք Ադրբեջանի ոսկե դարաշրջանի՝ համաշխարհային մակարդակով առաջատար Իլհամ Ալիևի առաջնորդությամբ, ով առավելագույնն է արել իր երկրի համար, քան որևէ մեկը պատմության ողջ ընթացքում։ Ես վստահ եմ, որ նա հավիտյանս կմնա աշխարհի պատմության մեջ որպես Իլհամ Հաղթանակած ՝ մեծ ազգի մեծ առաջնորդը»։

Սա հատված էր վրացական բանտում իր պատիժը կրող Միխեիլ Սաակաշվիլու նամակից` ուղղված Իլհամ Ալիևին, ընտրություններին հաղթելու կապակցությամբ։ 

Իհարկե, հայերին չսիրող Սաակաշվիլուց նման նամակը բացարձակապես զարմանալի չէ, սակայն առավել հետաքրքիր են աշխարհաքաղաքական խոշոր դերակատարների արձագանքները Ադրբեջանում կայացած ընտրություններին։

Այն, որ Ալիևը հաղթելու է՝ գիտեին բոլորը։ Արցախի օկուպացիայից հետո Ալիևի իշխանությունը, ավելին՝ Ալիևի ընտանիքի իշխանությունն անսասան է մինչ այն պահը, քանի դեռ Արևմուտքը որպես հիմնական գործիք Թուրքիային է դիտարկում՝ տարածաշրջանում իր ազդեցությունը տարածելու համար։ Իսկ այն, որ Ադրբեջանը Թուրքիայի կցորդն է՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո՝ ոչ մեկի մոտ հարցեր չի առաջացնում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում փետրվարի 7-ին կայացած նախագահական ընտրություններում Ալիևը վերընտրվեց երկրի նախագահ՝ 7 տարի ժամկետով, ստանալով 92.12 տոկոս կամ 4 միլիոն 577 հազար 693 ձայն։

ԵԱՀԿ և ԵԱՀԿ/-ՀՄԻԳ դիտորդական առաքելությունը Ադրբեջանում փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների հետ կապված նախնական զեկույցում նշել է, որ դրանք անցկացվել են լուրջ խախտումներով, հակասել են ժողովրդավարության սկզբունքներին։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը ևս հաղորդագրություն է տարածել, նշելով, որ կիսում են ԵԱՀԿ/-ՀՄԻԳ դիտորդական առաքելության կարծիքը։ Չնայած, որ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը ոչ ժողովրդավարական է որակել Ալիևի ընտրությունները, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդտը շտապել է շնորհավորել Ալիևին, այդ մասին տեղեկացնում է Ալիևի պաշտոնական կայքը։
Ալիևի՝ արտահերթ ընտրությունների գնալու հանգամանքը շատերին զարմացրեց, սակայն, ի վերջո, ո՞րն էր նորից նախագահ վերընտրվելու պատճառը։

Քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ այս ընտրություններով Ադրբեջանը կարողացավ ցույց տալ, որ իրենց արտաքին քաղաքականությունը կարող է հաջող լինել թե Ռուսաստանի, թե Արևմուտքի հետ։

«Իրենք ստացան դրական արձագանք Զելենսկուց, ով հիմա հանդիսանում է Արևմուտքի հիմնական ֆրոնտմեններից, որը պայքարում է Ռուսաստանի դեմ։ Դրական արձագանք ստացան նաև Շառլ Միշելից, Ուզբեկստանից, Բելառուսից, բոլոր տեղերից ինքը ստացավ շնորհավորանքներ։ Սա շատ հաջող քաղաքականության օրինակ է»,- նկատեց Մելքոնյանը։

Սա շատ կարևոր ինդիկատոր էր նաև հայերիս համար` առ այն, որ Արևմուտքում որևէ մեկը պատրաստ չի ինչ-որ ճնշում գործադրել ոչ ժողովրդավարական Ադրբեջանի դեմ։ Երբ Շառլ Միշելը, լինելով ժողովրդավարության և մարդասիրության օազիս Եվրոպայի ներկայացուցիչներից մեկը, շնորհավորում է փաստացի բռնապետ Ալիևին, քանի որ բոլորն են գիտակցում՝ Ադրբեջանում արդար ընտրություններ չկան ու չէին էլ կարող լինել, նշանակում է, որ բոլոր արժեքները, որոնց մասին իրենք խոսում են՝ ռեվելանտ չեն։

«Մարդու իրավունքների, ժողովրդավարության, խոսքի ազատության մասին նրանց խոսքերն իրականում քաղաքականության հետ կապ չունեն, պարզապես սա շատ լավ ինդիկատոր էր, որովհետև երբ կայանան ընտրությունները Ռուսաստանում՝ շատ բացասական արձագանքներ կլինեն, բայց ընտրությունները Ադրբեջանում՝ ներկայացվեցին շատ դրական»,-ասաց մեր զրուցակիցը։
Ինչո՞ւ Ալիևը գնաց ընտրության՝ մի քանի պատճառ կա, որոնք մեկը մյուսին չեն բացառում, կարծում է Սերգեյ Մելքոնյանը․ «Համար մեկ. որպեսզի ֆիքսի նոր ստատուս քվոն, որը կա տարածաշրջանում, որ հիմա իրենք բացում են նոր էջ՝ փաստացի ամրապնդելու համար այն հաղթանակը, որը ստացավ 2023 թվականին։ Երբ արտահերթ ընտրությունների որոշում է կայացվում, դա նշանակում է, որ իրոք կա պատրաստակամություն՝ նոր քայլերի, որ ներքին լեգիտիմության կարիք կա։ Դա կարող է լինել ներքին քաղաքականության մեջ, արտաքին քաղաքականության մեջ: Արտաքին քաղաքականության մեջ հիմնականում կա երկու ճանապարհ՝ առաջին. ստանալ մանդատ նոր պատերազմի և երկրորդ. ստանալ մանդատ ինչ-որ պայմանագիր ստորագրելու համար։ Քանի որ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը պատրաստ չի ինչ-որ մի բան ստորագրել, ուրեմն կարող ենք ենթադրել, որ Ալիևը ամրացնում է իր դիրքերը, կոնսոլիդացնում է էլիտային ու հասարակությանն իր շուրջ, որպեսզի կարողանա օրակարգ բերել նոր պայմաններ։ Եվ երրորդը, շատ կարևոր է անցկացնել ընտրությունները, երբ Արդբեջանի ներսում խնդիրներ ստեղծելու ունակ կենտրոնները՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն, իրենք գտնվում էին նախընտրական շրջանում»։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ի կամ ԱՄՆ դեսպանի հայտարարություններին, ապա դրանք զուտ քաղաքական հայտարարություններին էին, որոնց հիմքում բացարձակապես ոչինչ չկա։