«Հրապարակ». Իմ կարծիքով՝ արդարացված էր Հայկ Մարությանի հեռանալը

«Հրապարակ». Իմ կարծիքով՝ արդարացված էր Հայկ Մարությանի հեռանալը

Պոլիկլինիկաների միավորման, Տիգրան Ավինյանի հավակնությունների եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի հետ։

- Պոլիկլինիկաների միավորումը, այդ թվում՝ Կոնդինը, լուրջ դժգոհություն է առաջացրել տարածքի բնակիչների շրջանում։ Ինչո՞ւ որոշեցիք գնալ միավորման ճանապարհով։

- Խնդիրները եւ պատճառները, որոնք բերեցին այդ որոշման կայացմանը, շատ ավելի բազմաշերտ են՝ սկսած շենքային պայմանների բարելավումից, սկսած սարքավորումներով հագեցման խնդիր, կադրային հագեցվածության խնդիրներից մինչեւ մի շարք այլ խնդիրներ, օրինակ՝ պոլիկլինիկաների փոքր լինելը։ Այսինքն՝ փոքրությունը բերում է փոքր ֆինանսների, բերում է ցածր աշխատավարձերի, թույլ չի տալիս նոր սարքավորումներ ձեռք բերել, ընթացիկ վերանորոգումներ իրականացնել։ Ու... ոչ մեկը պոլիկլինիկա չի գնում, կամ շատ քչերն են գնում, իսկ ով վճարունակ է, գնում է արդեն մասնավոր կլինիկաներ։

- Փորձում եք վերականգնե՞լ վստահությունը պոլիկլինիկաների հանդեպ։

- Այո, փորձում ենք կոտրել էդ կարծրատիպը։ «Պոլիկլինիկա» բառն իրենով արդեն բացասական ենթատեքստով է ընկալվում։ Մենք ուզում ենք էդ նեգատիվ ասոցիացիաները, որոնք պոլիկլինիկաներն առաջացնում են, իսպառ վերացնել ու այդ ուղղությամբ մի շարք քայլեր ենք ձեռնարկում։ Երեւանի քաղաքապետարանը 5 կամ 10 տարին մեկ պետք է ինչ-որ մասնակի վերանորոգում աներ պոլիկլինիկաներում, սարքավորումներ նվիրաբերեր, բայց պոլիկլինիկան չէր կարողանում դրա մաշվածությունը կոմպենսացնել, այսինքն՝ չէր կարողանում էդ սկզբնական կապիտալը 5-10 տարի հետո թարմացնել։ Հիմա խոշորացնում ենք, վերազինում ենք, վերակառուցում ենք, որից հետո ունենում ենք Երեւան քաղաքում լրիվ ինքնաբավ, առողջապահական ծառայություններ մատուցող կազմակերպություն։

- Քանի՞ պոլիկլինիկա է միավորվելու, ինչպիսի՞ շենքային պայմաններում, եւ ե՞րբ է ավարտվելու պրոցեսը։

- Մայիս ամսին էր ավագանու նիստը, որոշումն ընդունվեց, յոթ փակ բաժնետիրական ընկերություն, վերակազմավորման ձեւով, միացան մյուս ՓԲԸ-ներին։ Էդտեղից փաստացի, որ փակվելու է ու տեղափոխվելու այլ վայր, երկուսն են՝ Արաբկիրի մանկական պոլիկլինիկան եւ Լեոյի կամ, այսպես կոչված, Կոնդի պոլիկլինիկան։ Սցենարը հետեւյալն է․ Արաբկիրի մանկականը միանալու է թիվ 11 «Նոր Արաբկիր» պոլիկլինիկային, Քոչարի փողոցի վրա է գտնվում, տրանսպորտային հասանելիության զոնայում է ու մի շարք այլ առավելություններ ունի իր տեղակայմամբ, որը չուներ մանկականը։

- Իսկ ի՞նչ է լինելու փակվող շենքերի ճակատագիրը։ Կարո՞ղ է ինչ-որ նոր օլիգարխ հայտնվի, վերցնի այդ շենքերը եւ դարձնի, ասենք, բիզնես-կենտրոն։

- Եկեք զերծ մնանք նման մեկնաբանություններից, բայց եթե Երեւան համայնքի շահերից բխի էդ տարածքն արդյունավետ տնօրինել, պետք է քննարկել։ Միգուցե նաեւ Երեւան համայնքն իր կարիքների համար օգտագործի։ Բայց բնակիչներն ու նաեւ բուժանձնակազմն իրենց մաշկի վրա էս պահին որեւէ փոփոխություն դեռ չեն զգացել, այսինքն՝ ոչ մեկն աշխատավայրից չի տեղափոխվել, ամեն ինչ իր տեղում է։ Ես անձնակազմի հետ էլ զրուցել եմ, ասել եմ՝ ժողովուրդ ջան, եթե մենք ձեզ ավելի լավ աշխատանքային պայման չառաջարկենք, դուք էստեղից դուրս չե՞ք գալու։

- Ի դեպ, Դուք առողջապահության փոխնախարարն էիք, ինչո՞ւ տեղափոխվեցիք քաղաքապետարան։ Խնդիրնե՞ր կային Անահիտ Ավանեսյանի հետ։

- Բացարձակ։ Քաղաքապետարանի՝ առողջապահական ոլորտում կուտակված խնդիրներին, որպես առողջապահության փոխնախարար, շատ լավ տեղյակ էի, ու էն ժամանակ խնդիր կար համայնքի հետ աշխատելու, որովհետեւ համագործակցությունն էդքան էլ սերտ չէր։ Ու էդ մտքերը, էդ խնդիրների մասին պատկերացումները, որոնք կուտակվել էին, շատ մեծ մարտահրավեր էին, ինչո՞ւ չէ, գալ ու էդ փոփոխությունները կյանքի կոչել։

- Դուք Տիգրան Ավինյանի թիմակիցն եք համարվում, ճի՞շտ է։

- Գործընկերը․․․ Թիմակիցը՝ հա, ինչո՞ւ չէ։

- Ասում են՝ գործող քաղաքապետի եւ Ավինյանի միջեւ հարաբերություններն այնքան էլ խաղաղ չեն, Հրաչյա Սարգսյանն էլ, ասում են, ամեն կերպ փորձում է խոչընդոտել Ձեր գործունեությանը։

- Ես նման տեղեկությունների չեմ տիրապետում, Հրաչյա Սարգսյանի հետ ես՝ ինքս, շատ լավ աշխատում եմ, շատ արդյունավետ ստացվում է մեր համագործակցությունը։ Իսկ պարոն Ավինյանի՝ քաղաքապետարան գալուց հետո, կարող եմ ասել, որոշակի ոգեւորվածություն կա անձնակազմի մոտ` հաշվի առնելով նրա հեղինակությունը, նրա կապերը կառավարության հետ:

- Ավինյանը շանս ունի՞ 2023 թվականին քաղաքապետ դառնալու։

- Իսկ Դուք ո՞նց եք կարծում։

- Չգիտեմ, մյուս թեկնածուներին ծանոթ չեմ։ Բայց հաշվի առնելով, թե 2018-ին Հայկ Մարությանն ինչպես ՔՊ-ի ռեսուրսով դարձավ քաղաքապետ, հավանականությունը մեծ է, որ Տիգրան Ավինյանն էլ վարչական ռեսուրսով կդառնա։

- Կոռեկտ չեմ համարում էդ համեմատությունը՝ 2018 թվականն ուրիշ էր, 2022 թվականն ուրիշ է։

- Այդ դեպքում 2018 թվականին ինչի՞ հաշվին եկան իշխանության, ընդամենը հեղափոխության ալիքի՞։ Օրինակ՝ Դուք ինչի՞ց ելնելով եք այդ ժամանակ ձայն տվել Մարությանին ու «Իմ քայլին»։

- Հավատացել եմ, լավատեսական եմ եղել․․․ Թիմի անդամ է եղել Մարությանը, թիմին եմ ձայն տվել։

- Ի դեպ, նայե՞լ եք Հայկ Մարությանի «Քաղաքապետը» ներկայացումը։

- Չէ, բայց որ հարմար լինի, անպայման կգնամ կնայեմ։ Զուտ ժամանակի մեջ չեմ հասցրել նայել։ Ասում են՝ հումորը բավականին լավ է ստացվել։

- Իսկ Մարությանի գործունեությանը՝ որպես քաղաքապետի, ինչպե՞ս եք վերաբերվում։

- Առողջապահության մասով կարող եմ ասել՝ շատ բարձր չեմ գնահատում։ Մնացած ոլորտներին էդքան խորությամբ չեմ տիրապետում։ Երբ ես փոխքաղաքապետ էի նշանակվում, ավագանու հետ իմ հանդիպմանն էլ ասացի, որ 2018 թվականից ի վեր ամենաքիչ բարեփոխումները տեղի են ունեցել Երեւան քաղաքի առողջապահական համակարգում։

- Այսինքն՝ արդարացվա՞ծ էր Հայկ Մարությանի հեռանալը պաշտոնից։

- Իմ մասով կարող եմ ասել՝ այո։

- Կարծում եք՝ շանսեր կունենա՞ Մարությանը՝ վերադառնալու քաղաքային իշխանության։

- Չեմ կարող ասել։ Միանշանակ, մարդիկ կան, ովքեր իրեն համակրում են, ովքեր իրեն ձայն կտան։ Բայց էդպես շատ մարդիկ կան, ում համակրում են, ում ձայն կտան, չեմ կարող գնահատականներ, կանխատեսումներ անել։

Մանրամասն՝ տեսանյութում