Ծույլ ենք

Ծույլ ենք

Ինչո՞ւ մեզանում գրեթե ոչ մի նախաձեռնություն չի հասնում իր վերջնանպատակին: Այս տարիներին ինչքա՜ն նախաձեռնությունների, աղմկոտ մեկնարկների ենք ականատես եղել: Ասուլիսներ, հայտարարություններ, շնորհանդեսներ ու ֆուրշեթներ են մարդիկ կազմակերպել, կարմիր ժապավեններ կտրել, հետո պարզվել է, որ մեռյալ ծնունդ է` չունի հեռանկար, չկան թիմ ու ծրագիր, իսկ եթե կա թիմ, ապա` աշխատունակ չէ: Առաջին իսկ դժվարությունից ու խոչընդոտից, առաջին իսկ անհաջողությունից ընկրկում են եւ վհատվում․ սկսված գործը տապալվում է, թիմը` ցրվում, գաղափարը` մոռացվում: Մնում է ափսոսանքը` հերթական չստացված պրոյեկտի համար: Նման չկայացած հազարավոր պրոյեկտների օրինակներ կարող ենք նշել եւ վերլուծել, թե ինչու գաղափարը չի աշխատել: Ընդ որում` ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներով: Բայց ինձ թվում է՝ գլխավոր պատճառը մեր ծուլությունն է: Իհարկե, շատերը չեն համաձայնի, թե` հայերն աշխատասեր են, քարից հաց քամող, անապատներ ծաղկեցնող: Բայց դա նույնպես ազգային միֆերի շարքից է:

Հայերն աշխատասեր են, երբ աշխատում են կայացած երկրում, կայացած համակարգում, երբ ունեն ստիմուլ եւ ղեկավար: Այնտեղ, որտեղ մենք պետք է ստեղծագործական տաղանդ ներդնենք եւ ինքնուրույնաբար դժվարություններ հաղթահարենք,  շատ ծույլ ենք: Ինչո՞ւ են մեր հայրենակիցներն այդքան հեշտությամբ արտագաղթում. կայացած ու ռեժիմ մշակած երկրներում աշխատելը միշտ հեշտ է: Իսկ սեփական երկիրը կայացնելը, աշխատանքային ռեժիմ ստեղծելն ու դրան ենթարկվելը` բարդ: Ինչո՞ւ անգամ մեր պետության առաջին դեմքերը չեն կարողանում համակարգ ստեղծել, ծրագիր առաջ մղել: Ինչո՞ւ տապալվեց ՀՀ նախագահների ու Վեհափառի ֆորմատը: Պատճառը նույնն է` ծուլություն եւ դժվարություններ հաղթահարելու անընդունակություն: