Սառը ջուր մաղեմ նմանների ու նրանց հավատացողների գլխին

Սառը ջուր մաղեմ նմանների ու նրանց հավատացողների գլխին

Քաղաքականությունը սուբյեկտների պայքարի դաշտ է։ Այնտեղ են միայն նրանք, ովքեր ատամներով պաշտպանում եւ առաջ են տանում իրենց շահը։ Սուբյեկտ են ինքնուրույն, միայնակ, առանց կողմնակի օգնության կամ խորհրդի որոշում կայացնողները։ Սուբյեկտներ են անհատ մարդիկ, քաղաքական կառույցների, օրինակ, կուսակցությունների, տարբեր կազմակերպությունների ղեկավարները։ Մի խոսքով՝ այն անհատները, որոնք հարց լուծող են։ Սուբյեկտ չեն կուսակցության անդամները, մարդկանց խմբերը, ժողովուրդը, ազգը, ցույց ու հանրահավաքը, քանի որ դրանք որոշումերի կայացման մեխանիզմներ չունեն։

Ի դեպ, ո՛չ մարդկությունը եւ ո՛չ էլ գիտությունը դեռ չեն հայտնագործել խմբերով որոշումներ կայացնելու ու սուբյեկտայնություն դրսեւորելու որեւէ տարբերակ։ Հետեւաբար՝ անհատապես գործ անելու փոխարեն համախմբման ու խմբով իբր գործ անելու կոչեր տարածողներին պետք է հակադարձել, թե՝ այ, ոչ հարգելիներ, ձեր հիմար, իրականությունից կտրված տեսակետները հեռացրեք քաղաքական հարթակներից ու հանրային-ազգային տեսադաշտերից։ Ձեր տխմարություններով վաղուց համը հանել եք ու մարդկանց ստվար զանգվածներին դարձրել ձեր հիմարությունների զոհը։ Իրեն քաղաքագետ համարող, քաղաքական դաշտ խուժած ցանկացած մեկին խոսեցնես, հիմարության մաստեր-կլաս է ցուցադրելու ու պարտադիր ասելու է՝ թող 50 հազար կամ 100 հազար հոգի փողոց դուրս գա ու կողքիս կանգնի, տեսեք ինչեր եմ անելու։

Սառը ջուր մաղեմ նմանների ու սրանց հավատացողների գլխին՝ անգամ եթե 150 հազար մարդ էլ փողոց դուրս գա, դարձյալ ոչինչ չեն կարողանալու անել։ Ճառ են ասելու, բարձրախոսով հոխորտալու են, մարդկանց փողոցներով քայլեցնեն եւ ուղարկեն տուն, ասելով՝ ժողովուրդ ջան, եթե 200 հազարով դուրս գաք, իշխանափոխություն ենք անելու։ Համացանցում մի աղջկա գրառում կարդացի ու ապշեցի, որ այդ աղջկա մեջ երիցս ավելի ռացիոնալ մտածողություն կա, քան մեր մի քանի տասնյակ քաղաքական այրերի մեջ՝ միասին վերցրած, ու հատկապես նրանց մեջ, ովքեր Ազգային ժողովում թուխս նստած, ազգային աղետին հարցեր են տալիս, բարձր աշխատավարձ ստանում ու կարեւոր գործ արածի պես երջանիկ գնում տուն։ Հա, վերոհիշյալ աղջիկը մոտավորապես այս միտքն էր հայտնել, որ դատարկ-մատարկ, պատճենած միտինգների, հազար անգամ ասված, ծամծմված ճառերի փոխարեն եթե մի լուրջ, կազմակերպված հանրահավաք անեք՝ ուղղված միայն հայ ոստիկանությանը, եւ հրապարակավ ամոթանք տաք, ասեք, որ դուք մի փոր հացի, մի խղճուկ գումարի համար վաճառում եք ձեր հայրենիքը, ծառայում եք թշնամու շահեր սպասարկող մեկին, որը եկած օրվանից միայն պատերազմներ, աղետ է բերել երկրի գլխին, հազարավոր ջահել տղաների հողում դրել։

Որ վաղը, երբ նրա ապազգային գործունեության արդյունքում թշնամին մտնի Երեւան, ապա հոշոտելու է նաեւ ձեր զավակներին։ Սթափվեք վերջապես ու հասկացեք, որ նրան ծառայելով, դուք ձեր եւ ձեր ընտանիքի գերեզմանն եք փորում... Ու այսպիսի մի հանրահավաքը շատ ավելի մեծ արդյունք է տալու, քան միանման, անատամ ու անիմաստ մեր հազարավոր հանրահավաքները՝ միասին, գրել էր այդ աղջիկը։ Բայց սա՝ իմիջիայլոց։ Թեման եզրափակեմ քաղաքագետ ընկերոջս խոսքով. «Իշխանությունը գայլություն է պահանջում, որովհետեւ իշխանություն մտնում են պետություն կոչված պատառից առավել մեծ բաժին փախցնելու համար։ Եվ որովհետեւ իշխանական գայլն ավելի լավ կպահպանի այդ պատառը՝ հարեւան կազմակերպված գայլերից։ Բայց սրանից ամենեւին չի բխում, որ իշխանությունից դուրս եղածներն էլ պարտավոր են ոչխար լինել։ Դոգմաներով պարտադրվող ոչխարությունը գենետիկ ոչխարության տեղ մի դրեք ու փորձեք դիմադրել ձեզ հոշոտող գայլ ձեւացողին։ Կովբոյ-շերիֆ՝ իրար գյուլլող ամերիկյան ֆիլմային կերպարները հենց էս պարզագույն սխեմայի դիդակտիկան են։ Մի մեծարեք այծի դիմակ հագած ոչխարներին ու մի ընկեք էդ նարցիսների ջրերը։ Ինքնուրույն ձեր վրեժը հանեք գայլերից, իսկ հայկական իշխանության դեպքում՝ ընդամենը գայլ ձեւացող հավերից»։

Գարեգին Վարդանյան