Ստեփանավանի նախկին քաղաքապետը, որին դատարանը որոշել էր կալանավորել, կորել է

Ստեփանավանի նախկին քաղաքապետը, որին դատարանը որոշել էր կալանավորել, կորել է

Ստեփանավանի նախկին քաղաքապետի նկատմամբ օրեր առաջ դատարանը խափանման միջոց ընտրեց կալանավորումը։ Մեր տեղեկություններով՝ թեպետ նման որոշում է կայացվել, սակայն Սարգիս Ղարաքեշիշյանն, ըստ էության, չի կալանավորվել։ Ավելին, երբ նա իմացել է, որ կալանավորման որոշում է կայացվել,հանկարծակի կորել է անհայտ ուղղությամբ եւ արդեն մի քանի օր է՝ նրանից տեղեկություն չկա։

Նույն այդ տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունը՝ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի դեմքով, որն ի դեպ եւս լոռեցի է, առաջարկել է նախկին քաղաքապետին վերադարձնել այն բոլոր անշարժ գույքը, որն ըստ մեղադրանքի, սեփականաշնորհել է, սակայն Սարգիս Ղարաքեշիշյանը չի համաձայնել։

«Հրապարակ»-ի հետ զրույցում նախկին պաշտոնյայի փաստաբան Կարեն Սարդարյանն ասաց՝ իր պաշտպանյալը ոչ թե փախել է, այլ չի ներկայացել,․ «Անձը դեռեւս չի ներկայացել իրավապահ մարմիններին, որպեսզի կալանավորվի։ Ավելին ասեմ, մենք անգամ չունենք ստույգ տեղեկություն, որ ինքը տեղյակ է, որ իր նկատմամբ կա կալանքի որոշում, չի բացառվում, որ ինքն անգամ տեղյակ էլ չլինի»։

-Իսկ ո՞ւր է։ Անհայտ ուղղությամբ է գնացե՞լ։

-Ես տեղյակ չեմ՝ ինքը որտեղ է, բայց իր ձերբակալման ժամկետը լրացել է շաբաթ առավոտ ժամը 7-ին, իրեն բաց են թողել, ինքը դուրս է եկել շատ ուրախ ու մարդն իր գործերով է գնացել, մենք չգիտենք՝ ուր է։ 

-Երկրի սահմանը հատե՞լ է։

-Չգիտեմ, երկուշաբթի օրը՝ երկու օր անց, դատարանը կայացրել է կալանավորման մասին որոշում, ինքը ներկա չի եղել հրապարակմանը, արդյոք ինքը տեղյա՞կ է, թե՞ ոչ, ստույգ տվյալ չկա։ Այստեղ ոչ միայն փախուստի, այլ նաեւ խուսափելու մասին չենք կարող խոսել, խուսափելու համար մարդը պետք է ստանար ծանուցում, որ մենք կարողանայինք վստահաբար ասել, որ հա, մարդը տեղյակ է եւ ինքը խուսափում է ներկայանալ, բայց նման ապացույց չկա։ 

-Գուցե իմացե՞լ է, որ կալանավորելու են, անհետացել է։

-Ունե՞ք ապացույց, որ ծանուցումը ստացել է։ Դրա համար ասացի՝ հնարավոր է նաեւ ինքը չիմանա։

-Դա արդյոք տրամաբանության մեջ տեղավորվո՞ւմ է։

-Ինչի՞ չէ որ, մարդ կա իր կնոջն ամեն ինչ ասում է, մարդ էլ կա կարող է ոչինչ չասել եւ ամիսներով կորել։

-Երբ անձը գիտի, որ իր դեմ քրգործ կա, կալանքի հարց է քննվելու, չի՞ հետաքրքվում՝ իրեն կալանավորեցին թե՞ ոչ։

-Ես տեղյակ չեմ։ Շաբաթ օրն, երբ ինքն ազատվել է, դրանից հետո ես իրեն չեմ տեսել ու չեմ շփվել հետը։

-Հետախուզում հայտարարե՞լ են։

-Պաշտոնական չեմ ստացել հետախուզման որոշում, բայց ենթադրում եմ, որ կարող է լինի, ըստ էության, իրավապահ մարինները, երբ որոշումը ստանում են, գնում են բնակության վայր, տեսնում են անձն այնտեղ չէ, իրավական հիմքերն ունեն հետախուզում հայտարարելու։ Բայց նորից եմ ասում՝ մենք չունենք տվյալ, որ ինքը տեղյակ է, որ իր նկատմամբ կալանքը ընտրված է։ Ես մի բան ասեմ․ առաջադրված մեղադրանքի նկարագրած մեղադրանքները, բայց, եթե անգամ արել է, դա հանցագործություն չէ, պատկերացնո՞ւմ եք ինչ աբսուրդ է։ Տվյալ պարագայում մարդը կարող էր ողջամտորեն ենթադրել, որ կալանք չպետք է լինի։ Ես էլ ողջամտորեն ենթադրում էի, որ դատարանը չի կալանավորի։ Մարդը, երբ իմանում է, որ իր վրա քրգործ կա, Ռուսաստանից տոմս է առնում եւ գալիս է Հայաստան։

-Պարոն Սարդարյան, իշխանությունը գործարք առաջարկե՞լ է Ղարաքեշիշյանին՝ վերադարձնի գույքերը ազատության դիմաց։

-Ես չեմ կարող ոչ հաստատել ոչ ժխտել։ Եթե նման բան կա ուրեմն պետք է պարզվի։  Ես իմ պաշտպանյալի հետ նման հարցեր չեմ քննարկել, ինքը նման տեղեկություններ ինձ չի հայտնել, գուցե այդպես է՝ չեմ բացառում։

ՀԳ. դատախազությունից Ստեփանավանի նախկին քաղաքապետի չկալանավորված լինելու վերաբերյալ փոխանցեցին, որ կալանավորումը չի կատարվել, քանի որ հնարավոր չի եղել գտնել Ղարաքեշիշյանին, պարզել գտնվելու վայրը․ «Հոկտեմբերի 29-ին Ստեփանավանի նախկին քաղաքապետ Ս. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Նույն օրը Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությամբ պայմանավորված, վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում էր կայացվել Ս.Ղ.-ին ձերբակալելու մասին, և վերջինս ձերբակալվել  էր։ Դրանից անմիջապես հետո միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որի քննարկմանը ինքը՝ Ս. Ղ.-ն, մասնակցել է: Միջնորդությունը բավարարելու վերաբերյալ դատական ակտը հրապարակվել է միջնոդրությունը ներկայացվելուց հետո օրեր անց. մինչ այդ ձերբակալման ժամկետը լրանալու կապակցությամբ Ս. Ղ.-ն ազատ էր արձակվել: Կալանավորումը, սակայն, չի կատարվել, քանի որ հնարավոր չի եղել գտնել նրան, պարզել գտնվելու վայրը: Այսինքն ազատ արձակվելուց հետո, մինչև կալանքի վերաբերյալ դատական ակտի հրապարակումը, նա թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից:   Նրա նկատմամբ նոյեմբերի 2-ին հայտարարվել է հետախուզում: Նրա կողմից ՀՀ տարածքը օրինական ճանապարհով լքելու վերաբերյալ տվյալներ առկա չեն»։

Հիշեցնենք՝ Սարգիս Ղարաքեշիշյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար: Ըստ իրավապահների, իր պաշտոնավարման տարիներին՝ 2004-12 թվականներին, համայնքին պատկանող մոտ 15 անշարժ գույք, այդ թվում օտարման ոչ ենթակա տարածքներ ու շենք-շինություններ է սեփականաշնորհել իր մտերիմների ու ընտանիքի անդամների անուններով։ Հետագայում այդ գույքի ապօրինի ծագումը թաքցնելու նպատակով 2014 և 17 թվականներին փոխել է դրանց սեփականատերերին, ինչը իրավապահները դիտարկում են որպես փողերի լվացում։