Ինչպես պայքարել հիշողության կորստի դեմ

Ինչպես պայքարել հիշողության կորստի դեմ

Մեզնից շատերի համոզմունքն այս հարցում, հասկանալի է, մեկն է. թեկուզ հանուն սեփական առողջության, հարկ է լինել ազնիվ, մանավանդ որ նման առիթները կյանքի երկարուձիգ ճանապարհին անթիվ են։ Դե, ասենք, շաբաթվա ընթացքում ծանրաբեռնված եք գործել եւ չեք հասցրել կատարել շեֆի հանձնարարություններից մեկը։

Արդարացման ինչպիսի՞ միջոց կօգտագործեք, եթե տնօրենը երկուշաբթի առավոտյան հանկարծ հիշի այդ առաջադրանքի մասին. «Ներեցեք, գործերն այնքան շատ էին, որ ես, խիստ զբաղված լինելով, չհասցրեցի դա կատարել», կամ` «Ներեցեք, ես էլ իմ հերթին դա հանձնարարել էի Լուսինեին, իսկ նա, չգիտես ինչու, մոռացավ...», կամ` «Ներեցեք, իմ ավտոն փչացավ, մյուս կողմից էլ՝ երեխաս իրեն վատ էր զգում... Վայ, այս ինչ գեղեցիկ փողկապ եք կրում...»։ Հոգեբանները, ինչ խոսք, նախապատվությունը կտան առաջին տարբերակին` գոնե հօգուտ ձեր իսկ առողջության։

Կյանքը ցույց է տվել, որ ցանկացած հարցի անկեղծ ու շիտակ պատասխանը ձեզ զերծ է պահում տագնապալից հոգեվիճակից, վստահություն է ներշնչում, բարելավում է փոխհարաբերությունները ոչ միայն շեֆի, այլեւ ուրիշ մարդկանց հետ։

Իսկ եթե ձեզ համար սովորություն է դարձել ամեն առիթով ու անհարկի ստելը, ամենայն հավանականությամբ, դա «ժառանգություն» է մնացել դեռ մանկուց։ Բանն այն է, որ մեկ «հաջող փորձից» հետո հեշտ չի լինում կանգ առնել, իսկ հետագայում ընդհանրապես դառնում է բնավորության գիծ։ Թեեւ կա համոզմունք, որ դեռեւս ոչ մի մարդ իր անձնական կյանքում տեղի ունեցած արտասովոր միջադեպերի մասին անկեղծորեն ու մինչեւ վերջ չի խոստովանել ամբողջ ճշմարտությունը։

Չի բացառվում, որ այս միտքն ասողը ինչ- որ առումով կատակել է։ Իսկ ահա հանրահայտ Օմար Խայամն ամենայն լրջությամբ համոզված է. «Ցավալի է ոչ այն, երբ քեզ խաբում են, այլ երբ այդ ամենը տեսնում ու զգում ես»։ Եվ սա միանգամայն հասկանալի է։ Իրականությունը կեղծելու, սքողելու հիվանդությամբ տառապողներին թվում է, թե մի թեթեւ անճշտությամբ իրենք կարող են կյանքում ինչ-որ դրական փոփոխությունների հասնել։ Իսկ հաճախ ստացվում է, որ նման հոգեբանությունը լուրջ խնդիրներ է առաջացնում։ Չէ՞ որ, հաստատ, դուք հենց ձեզ եւ ուրիշներին խոստանում եք անել այնպիսի բան, ինչը, ինքներդ էլ լավ հասկանում եք` պարզապես հնարավոր չէ։ Մանավանդ շատ քչերն են կարողանում ճիշտ կողմնորոշվել ու օգտակար հանդիմանությունները գերադասել վտանգավոր գովեստներից։ Եվ արդյունքում ի՞նչ է ստացվում` հիասթափություն։ Ձեզ հավատ չեն ընծայելու, դուք շարունակ տագնապի մեջ եք հայտնվելու, եթե չապաշխարեք, մի օր էլ, անկասկած, մերկացվելու եւ խայտառակվելու եք։

Բայց խոստովանենք, որ այնքան էլ դյուրին չէ լինել անկեղծ ու ազնիվ։ Դրա համար նախեւառաջ հարկ է դրսեւորել համարձակություն, ունենալ պատասխանատվության զգացում։ Մյուս կողմից էլ, հոգեբանները խորհուրդ են տալիս զրույցը սկսել «ես» դերանունն ընդգծելով` սա կարեւոր ազդանշան է այն բանի, որ դուք աներկբայորեն ու միանգամայն ազնիվ արտահայտում եք ձեր կարծիքը, հեղհեղուկությունը խորթ է ձեզ։ Սա խորապես կնպաստի ձեր իսկ ինքնագնահատականի բարձրացմանը։ Մտքերն արտահայտելով պարզ ու բարի՝ դուք զգացնել եք տալու նաեւ ձեր խոսքի արժեքն ու նշանակությունը։

Իհարկե, չպետք է մոռանալ նաեւ տակտի մասին։ Միշտ չէ, որ մերկ ճշմարտությունը նպատակակետին է խփում, տեղ է հասնում, մանավանդ եթե գործ ունեք զգայուն, շուտ ազդվող մարդկանց հետ։ Ասենք, կոշտ դիտողություն անելու փոխարեն կարելի է կատակով ու մեղմորեն արտահայտել միտքը։ Ամեն դեպքում, շրջապատի մարդկանց հարգանքին ու վստահությանն արժանանալու ձեւերը շատ են, եւ հանուն դրա կարելի է ինչ-որ բան զոհաբերել` ինքնասիրությունը դրանից չի տուժի։

Մի քանի խոսք էլ հիշողության կորստի մասին.

Դուք մոռացե՞լ եք, թե որտեղ եք դրել բանալին, չե՞ք կարողանում հիշել հարազատ մարդու հեռախոսի համարը։ Շատ մի անհանգստացեք, ծերությանը մի վերագրեք դա` չէ՞ որ պատահում է, երբ անհամեմատ երիտասարդ տարիքի մարդիկ էլ երբեմն չեն կարողանում մտաբերել, թե ինչ են կերել նախորդ օրը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջին տարիքի մարդիկ էլ են հաճախ գանգատվում հիշողության կորստից, եւ գրեթե բոլորն են զգացել նման բան։

Հուսահատվելու հարկ չկա` դուք կարող եք կանխել ու հսկել այդ տհաճ երեւույթը, եթե կանոնավոր մարզեք ուղեղը։ Անգամ 20 տարեկանում մարդու ուղեղը կարող է զրկվել որոշ բջիջներից` ասում են մասնագետները, իսկ մարմինն ավելի նվազ քանակով յուրացնել այն նյութերը, որոնք անհրաժեշտ են ուղեղի նորմալ գործունեության համար։ Տարիքի հետ ուղեղը ենթարկվում է այնպիսի ազդեցության, որ հիշողությունը սկսում է կորցնել իր զորությունը։ Հատկանշական է, որ կարճատեւ եւ երկարատեւ հիշողությունն այնքան շատ չի ենթարկվում քայքայման, որքան ամենաթարմ իրադարձության հետ կապված հիշողությունը։ Երբ մարդը սկսում է ծերանալ, նրա համար ավելի ու ավելի դժվար է լինում հիշել հենց նոր հանդիպած մարդու անունը, թեպետեւ հաճախ հրաշալի ու մանրամասն է կարողանում մտաբերել 20-30 տարի առաջ իր գլխով անցածը։

Եթե դուք լավ եք զգում, նորմալ կյանք եք վարում, հեշտությամբ կարող եք կարգավորել հիշողության թուլացման հետ կապված խնդիրը: Իսկ բժիշկները խորհուրդ են տալիս սովորություն դարձնել ճաշից հետո հետիոտն զբոսանքները՝ դրանց հատկացնելով 30 րոպե։ Նաեւ ուղեղի յուրատեսակ աէրոբիկա կարող է լինել բառախաղերի, սուդոկուների լուծումը, օգտակար է նաեւ, ասենք, սիրված երգի կրկնումները կամ օտար լեզվի ուսումնասիրությունը։ Դե, իսկ որպեսզի բանալի երկար չփնտրեք, այն մշտապես պահեք նույն տեղում։ Բազում այլ միջոցներ էլ կան։ Հարկավոր է միայն ակտիվ կյանքով ապրել։

Կազմեց 
Միսակ Նազարյանը