Պարադոքսների ժողովուրդ

Պարադոքսների ժողովուրդ

Այսքան հակասական ու այսքան իրարամերժ, որքան հայ ժողովուրդն է, դժվար է պատկերացնել: Դուրս ես գալիս փողոց` կարեկցող, սրտացավ, պատրաստակամ մարդիկ են, մտնում ես Ֆեյսբուք` նախանձը, չարությունն ու ատելությունը հորդում են: Զրուցում ես գյուղամիջում նստած ծերերի հետ` իմաստնության ու քաղաքագիտական վերլուծությունների պրոֆեսորներ են, մեկը մեկից խելացի, խորաթափանց, հեռուն նայող: Կարդում ես պրոֆեսիոնալ քաղաքագետների ու քաղաքական գործիչների վերլուծությունները՝ պրիմիտիվիզմն ու կողմնակալությունը զզվանք են պատճառում: Կարդում ես լուրերի մեկնաբանությունները, անգամ եղանակի տեսության, Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրությունների տակ անպայման մի քանի «կասկածող» է միշտ հայտնվում. «սուտ է», «չի եղել տենց բան»,- գրում են այդ թերահավատները: Բայց այս կասկածամիտ, թերահավատ, ձվի մեջ մազ ման եկող հասարակությունը 2 անգամ եւ 6 տարի հավատում է Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին, ասում են` մինչեւ հիմա էլ հավատացողներ կան, որ սրանք «պայծառ ապագա» են իրենց բերելու:

Իր իշխանությունից միշտ դժգոհ, միշտ ընդդիմադիր կեցվածք ունեցող, ամեն ինչին քննադատաբար վերաբերվող հասարակությունը ոչ մի կերպ չի կարողանում նորմալ ընդդիմություն ձեւավորել, իր միջից առաջնորդներ աճեցնել եւ երկրում խաթարված քաղաքական բալանսը` իշխանության եւ ընդդիմության միջեւ, վերականգնել: Իր նախկին նախագահներին ու բարձր պաշտոնյաներին միշտ հայհոյող ժողովուրդը ոչ մեկին ընդդիմության լիդերի կարգավիճակում չի պատկերացնում, բացի այդ նախագահներից ու բարձրաստիճաններից: Ինչ խոսք` մենք պարադոքսների ժողովուրդ ենք, եւ դա ամեն ինչում է արտահայտվում: Բայց հատկապես՝ նրանում, որ շինարար ժողովրդի համարում ունեցող հայն այդպես էլ լավ պետություն չկարողացավ կառուցել: