Հոկտեմբեր ամսվա քաղաքական հետապնդումների մասին զեկույցները պատրաստ կլինեն հունվարին. ՀԿ-ները չեն շտապում

Հոկտեմբեր ամսվա քաղաքական հետապնդումների մասին զեկույցները պատրաստ կլինեն հունվարին. ՀԿ-ները չեն շտապում

Հայաստանում քաղբանտարկյալների թիվն օր-օրի ավելանում է, իսկ վարչապետ Փաշինյանը միջազգային հարթակներում շարունակում է խոսել ժողովրդավարությունից, խոսքի ազատությունից: Մինչ Արևմուտքում Նիկոլ Փաշինյանին հոտնկայս ծափահարում են, նա շարունակում է ընդդիմության շրջանում «վհուկների» որս իրականացնել` փորփրելով, թե նրանցից ով ինչ գրառում է արել Ֆեյսբուքում կամ ամիսներ առաջ ինչ ելույթ է ունեցել հրապարակում, եւ «բռնության կոչի» անվան տակ քրեական գործ հարուցել ու կալանավորել նրանց: Քրեական օրենսգրքում ներմուծված նոր ու նենգ հոդվածը` «Բռնության կոչերը», կիրառվում է բացառապես ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ: Ժամանակին փորձեցինք զրպարտությունն ու վիրավորանքը քրեականացնել, սակայն եվրոպաներից հորդորեցին հրաժարվել դրանից, եւ 11 ամսից այդ հոդվածն օրենսգրքից հանվեց, փոխարենը այս նոր հոդվածը մտցրին եւ հիմա ցանկացած անհասցե հայտարարություն որակում են որպես բռնության կոչ կամ զանգվածային անկարգություններ հրահրելու փաստ ու մեղադրանք առաջադրում: Մինչդեռ մարդիկ կալանավորվում են բացառապես այն պատճառով, որ համարձակվել են դեմ արտահայտվել փաշինյանական ավտորիտար ռեժիմին: 

Մենք դիմեցինք հայտնի արեւմտամետներից մեկին` Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին, պարզելու, թե քաղհասարակությունն ինչ զեկույցներ է պատրաստել քաղբանտարկյալների մասով, ինչպես է արտահայտում իրենց վերաբերմունքն այս բռնապետական քայլերի նկատմամբ: Ի վերջո, ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ ազատ խոսքի համար են կալանավորվում, ինչո՞ւ խոսքի ազատության համար ժամանակին իրենց պատառոտող հայաստանյան ՀԿ-ները չեն դիմում միջազգային իրավապաշտպան կառույցներին, չեն բարձրաձայնում այս մասին: 

-  Հայաստանում արդեն կան քաղբանտարկյալներ, որոնք կալանավորվել են, այսպես ասած` բռնության կոչեր անելու համար: Ո՞րն է բռնության կոչը: Ինչպե՞ս տարբերել քննադատությունը բռնության կոչից:

- Դրանք տարբեր դեպքեր են, և բոլորի վերաբերյալ անհնար է ունենալ նույն կարծիքը: Հիմնականում քրեական հետապնդումների պետք է արժանանան այն բռնության կոչերը, որոնք ներկայացնում են իրացման ռեալ հնարավորություն: Եթե նման հետևանքներ չկան, և այդ կոչերն ավելի շատ անեծքի նման մի բան են, և քիչ հավանական է, որ դրան պրակտիկ գործողություններ կարող են հետևել, ապա այդ պարագայում քրեական հետապնդումներն անընդունելի են: Մենք ապրում ենք բավականին լարված հասարակական-քաղաքական մթնոլորտում, և չգիտես, թե որ խոսքն ինչպիսի արձագանքի կարող է արժանանալ: Գուցե բռնության բուն դրսևորումներ դրանք չառաջացնեն, սակայն պարունակեն կեղծիք, ինչն էլ իր հերթին բերի ագրեսիա: Եթե դրանց վերաբերյալ չի ենթադրվում կոնկրետ գործողություն, ապա մնացած դեպքերում էլ ճիշտ չէ քրեական հետապնդումների ենթարկելը:

- Եկեք հերթով անդրադառնանք քաղբանտարկյալներին` Տաթև Արցախ, Արագած Ախոյան, Նարեկ Մալյան: Նրանցից ո՞ր մեկի գրառման մեջ կա բռնության տարր:

- Ես առավել հայտնի դեպքերն ուսումնասիրել եմ և կարծում եմ, որ դրանց մեջ քրեական հետապնդման բավարար հիմքեր չկան:

- Իսկ կա՞ն դեպքեր, որտեղ հիմքեր տեսնում եք:

- Հիմա կդժվարանամ օրինակներ բերել, բայց տեսականորեն եթե կոչը կոնկրետ է, որտեղ, օրինակ, խոսվում է հստակ վայրի մասին, որտեղ մարդկանց հորդորում են հավաքվել և բռնության դիմել, կա կոնկրետություն, այդտեղ քրեական հետապնդումն արդարացված է:

- Կա՞ նման գրառում, ես չեմ հանդիպել:

- Հստակ նշել չեմ կարող:

- Զեկույցներ պատրաստվո՞ւմ են, ինչո՞ւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին չեք դիմում, ինչո՞ւ չեք ներկայացնում, որ Հայաստանում ազատ խոսքի համար մարդիկ բանտարկվում են:

- Մենք նման դեպքերը քննարկում ենք հիմնականում տեղեկատվական վեճերի խորհրդի կազմում, որի անդամ եմ ես: Կարծում եմ` խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եռամսյակային զեկույցներում տրված կլինեն համապատասխան գնահատականներ:

- Իսկ կոնկրետ միջազգային կառույցներին ինչո՞ւ չեք դիմում:

- Այդ զեկույցները, որոնց մասին ասացի, պարտադիր հասնում են միջազգային իրավապաշտպան կառույցներին:

- Ե՞րբ պատրաստ կլինեն այդ զեկույցները:

- Դրանք եռամսյակային կտրվածքով են: Այսինքն` եթե իրադարձությունը տեղի է ունեցել սեպտեմբերին, ապա զեկույցն արդեն իսկ կա, իսկ եթե հոկտեմբեր ամսվա դեպքերի մասին է խոսքը, ապա զեկույցները պատրաստ կլինեն հունվար ամսին:

- Ո՞ր քաղբանտարկյալների մասով եք զեկույցներ ներկայացրել:

- Բոլոր այն դեպքերը, որտեղ նախատեսված է քրեական հետապնդում:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ առումով:

- Միջազգային կազմակերպություններում կան իրավաբաններ, որոնք համադրում են ու համեմատում են դեպքերը միջազգային ստանդարտների և իրավական նորմերի հետ: Դրան համապատասխան՝ արձագանք է հաջորդում: Ամեն դեպքում, նրանց արձագանքները պարտադիր չէ, որ իշխանությունները կատարեն: Դրանք հիմնականում հանրային կարծիք են ձևավորում: Ամեն դեպքում, կարևոր արձագանքներ են դրանք: