2019-ի «լավագույն» ճնշումները ԶԼՄ-ների նկատմամբ

2019-ի «լավագույն» ճնշումները ԶԼՄ-ների նկատմամբ

Անցնող տարում՝ 2019-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենահաճախ հնչեցրած մտքերից մեկն այն էր, որ Հայաստանում մամուլը երբեւէ այնքան ազատ չի եղել, որքան իր իշխանության ժամանակ է, եւ որ մամուլի ու խոսքի ազատությունը Հայաստանում այլընտրանք չունի։ Մինչ վարչապետը հասարակությանը պարբերաբար ներշնչում է, որ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներ չեն գործադրվում, կյանքը ճիշտ հակառակի մասին է վկայում։

2019-ին սոցցանցերում լրատվամիջոցներն արգելափակելու ու բոյկոտելու կոչերին փոխարինելու եկան կոնկրետ գործողություններ՝ լրատվամիջոցներն ու լրագրողները սկսեցին արդեն ֆիզիկական հարձակումների ենթարկվել, իսկ վարչապետը եւ իշխանական պատգամավորներն ու պաշտոնյաները շարունակում են ձեւացնել, թե նման բան չկա։ Սակայն գնալով ամրապնդվում են կասկածները, որ այդ ճնշումներն ուղղորդվում են հենց իշխանությունների կողմից։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը միայն․

1. Այս տարվա հոկտեմբերի 5-ին 4 հոգի՝ իշխանական համակիրներ, Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը եւ Հայկ Ստեփանյանը, պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում։ Դավիթ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասում էր, որ պահանջում է փակել լրատվամիջոցը, եւ Անժելա Թովմասյանն ու նրա եղբայրը՝ Հրայր Թովմասյանը, պետք է հեռանան երկրից։ Նման ակցիայի «պատճառը», իրենց հայտարարությամբ, Hayeli.am կայքում հրապարակված «Ալիեւի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն էր։ Ակցիայի մասնակիցներն ասում էին, որ նույնը կանեին ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է մինչ այժմ, սակայն նախաքննության մարմինը ոչ մի գործողություն չի կատարում եւ ակնհայտորեն գործը տանում է «ջրելու»։

2. Անհայտ անձինք դեկտեմբերի 19-ի գիշերը ներխուժել էին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, տակնուվրա արել գույքը, փորփրել դարակները, կոտրել շքամուտքի տեսախցիկները: Եվ այդ ամենը՝ ձեռնոցներով, առանց մեկ հատիկ մատնահետք թողնելու։ Թերթի հիմնադիր, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնել էր, որ խմբագրություն ներխուժած անձինք որեւէ բան չեն գողացել: Օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանի գնահատմամբ՝ միջադեպը լրատվամիջոցին ճնշելու եւ լռեցնելու փորձ է, որն առնչություն ունի Մարտի 1-ի գործի վերաբերյալ թերթի հրապարակումների հետ: Տարբեր անձինք եւ կազմակերպություններ հանդես եկան հայտարարություններով, սակայն ո՛չ այս, ո՛չ «Հայելիի» պարագայում Նիկոլ Փաշինյանի եւ իշխանությունների հստակ գնահատականը չհնչեց։

3. Հոկտեմբերի 28-ին Ստյոպա Սաֆարյանը լրատվամիջոցներին հրավիրել էր հաջորդ օրը ՄԱՀՀԻ-ում կայանալիք քննարկմանը, որին պետք է մասնակցեին քաղաքական եւ հասարակական գործիչներ, սակայն հայտարարությանը կցել էր լրատվամիջոցների մի «սեւ ցուցակ», որոնց արգելել էր լուսաբանել միջոցառումը․ news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am լրատվական կայքեր, ինչպես նաեւ «5-րդ ալիք» ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններ։ Ստյոպա Սաֆարյանի այս արարքը  քննադատությունների արժանացավ, այն քննարկվեց ու դատապարտվեց Հանրային խորհրդի հանձնաժողովի նիստում, սակայն Սաֆարյանն այդպես էլ ներողություն չխնդրեց լրատվամիջոցներից ու լրագրողներից, որոնց նա վիրավորել էր։ Ավելին՝ նման արարքների համար «պարգեւատրվեց»՝ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվեց ՀԽ նախագահ։

4. 2018 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2019-ի հուլիսի 1-ը 91 դատական հայց է ներկայացվել ընդդեմ լրատվամիջոցների։ Lրատվամիջոցներն այդ դատական հայցերին պատասխանելու համար ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ եւ ժամանակ են վատնել տարիներով՝ դատարաններում սեփական իրավունքները պաշտպանելու համար՝ մի կողմ թողնելով իրենց հիմնական գործառույթները։ Իսկ երբեմն էլ պարտվել են՝ վճարելով ստացած եկամուտներին ոչ համարժեք տուգանքներ։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, որ բացի հերքման պահանջից, հայցվորներն առավելագույն նյութական պահանջ են ներկայացնում․ կարծես փորձում են պատժել լրատվամիջոցին՝ իրենց քիմքին ոչ հաճելի հրապարակումների համար։ Հայցադիմումները վերաբերում են զրպարտությանն ու վիրավորանքին, եւ ճնշող մեծամասնությունում կա փոխհատուցման պահանջ, հիմնականում առավելագույն չափի՝ 1 կամ 2 միլիոն։ Իր դեմ հրապարակումների համար լրատվամիջոցների նկատմամբ «թավշյա» վրեժխնդրությամբ այս տարի հատկապես աչքի է ընկել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը 6 լրատվամիջոցի դեմ հայց է ներկայացրել։
5․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կողմից հայտարարում էր, որ պետք է լսել քննադատություն եւ դրանում ռացիոնալ տարրեր գտնել, մյուս կողմից՝ իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր «Հրապարակի» լուրը եւ տգեղ որակումներ տվել մեզ ու մեր հրապարակմանը։ Հիշեցնենք՝ մենք ընդամենը գրել էինք, որ Նոր Հայաստանի իշխանությունները ՀՀԿ-ին չեն զիջում անգամ խաշի նկատմամբ սիրո հարցում․ «Կիրակի օրը Էջմիածնի ռեստորանային համալիրներից մեկում տեղի կունենա «Իմ քայլը» դաշինքի մերձեցման առավոտը՝ խաշի սեղանի շուրջ, որպեսզի «Իմ քայլի» պատգամավորական ֆրակցիան եւ կառավարության անդամները միմյանց մոտիկից ծանոթանան»։

Վարչապետին զայրացրել էր այս լուրը, եւ նա գրել էր․ «Ուրախ եմ, որ լրատվամիջոցները լիարժեք վայելում են խոսքի ազատության իրենց իրավունքը եւ իշխանությանը վերագրում են այնպիսի մեղքեր, ինչպես, օրինակ, հանրապետականներին նմանվելն է՝ շնչել-արտաշնչելով, սնունդ ընդունելով եւ նույնիսկ խաշ ուտելով։ Այս չափանիշով Հանրապետականին նմանվում են Հայաստանի միլիոնավոր քաղաքացիներ։ Մենք միայն մի բանով չենք նմանվում հանրապետականներին, որ այս եւ այսօրինակ լրատվամիջոցներին կոնտրոլի տակ չենք առնում։ Եվ նրանց տեքստերից ծորում է նոստալգիան հանրապետական կոռումպացված իշխանության նկատմամբ։ Չէ՞ որ երկար տարիներ կողք կողքի գործելով՝ նրանք համարյա հարազատացել են»։ Ինչին ի պատասխան՝ մենք արձանագրել էինք, որ իրենք սկսել են ամեն ինչով նմանվել հանրապետականներին, եւ անգամ մամուլը կոնտրոլի տակ առնելու ձգտումով, բայց իրենց սպասվում է նույն երազախաբությունը, ինչ ունեցավ ՀՀԿ-ն՝ «եւ ոչ միայն մամուլի հարցերում»։ Եթե մինչ վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանը, ասենք, ֆիզիկայի ուսուցիչ կամ հրետանավոր եղած լիներ, մենք շատ չէինք զարմանա։ Սակայն «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին խմբագրի ու նախկին լրագրողի դեպքում, ով տարիներ շարունակ նման լուրեր է հրապարակել եւ դիտարկումներ արել, հաճախ՝ ավելի սուր ու վիրավորական, բազմիցս հերքումներ տպագրել, հաճախ կանչվել դատարան ու ներողություն խնդրել եւ տուգանքներ վճարել, նման հայտարարությունն առնվազն տարօրինակ է։ Սակայն սա միակ դեպքը չէ, որը փաստում է, որ Փաշինյանը մոռացել է խմբագրի իր անցյալը։ Նա «Իրատես» թերթի հրապարակած լուրի կապակցությամբ, ըստ որի՝ ինքը մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ծնունդին ուղղաթիռով Իջեւան է գնացել, Ֆեյսբուքի իր էջում գրել էր․ «Այ, էստեղ մեզ ուղղված քլնգոցը խիստ տեղին է, որ սրանց ձեռքը դեռ էնքան փող կա, որ բացի պեռաշկիից ուրիշ բան էլ կարող են առնել, այդ թվում՝ լրագրող ու ցուցարար»:

Մենք՝ լրագրողներս, ակնկալում էինք, որ նախկին խմբագրի վարչապետ դառնալը լավագույն հնարավորությունը կլինի, որ մամուլը մեզանում ավելի անկաշկանդ կգործի, ազատ խոսքը լիարժեք կլինի, եւ լրագրողների աշխատանքն էլ կհարգվի, սակայն պարզվեց՝ մամուլի հանդեպ բացասական վերաբերմունքի քարոզն արվում է անձամբ վարչապետի կողմից։ Մինչդեռ նրա ընտանիքին պատկանող լրատվամիջոցը գործում է նույն դաշտում եւ նույն սկզբունքներով։ Առնվազն անհասկանալի է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հասարակությանը տրամադրում ԶԼՄ-ների դեմ, ամեն գնով նվազեցնում մամուլի նկատմամբ հանրային վստահությունը եւ երբեմն էլ պարզապես ցեխ շպրտում ԶԼՄ-ների ուղղությամբ։