Էրիկ Գրիգորյանը բարդ հարցերին պատասխանելուց խուսափում է

Էրիկ Գրիգորյանը բարդ հարցերին պատասխանելուց խուսափում է

Հեղափոխական կառավարության ոչ հեղափոխական նախարարներից շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը երեկ լրագրողների ներկայությամբ ամփոփեց տարին՝ թվարկելով այն աշխատանքները, որ իրականացրել են անցնող մեկ տարվա ընթացքում։ Բնականաբար՝ արձանագրվեցին բազմաթիվ ձեռքբերումներ, օրինակ՝ Սեւանա լճից ջրառի ծավալն է քչացել, փականային ռեժիմի է բերվել 20 խորքային հոր, որի արդյունքում խնայվել է շուրջ 3010 լ/վրկ ջրաքանակ, 152 փոքր ՀԷԿ-երից 100-ում արդեն իսկ տեղադրվել եւ կնքվել են առցանց ջրաչափեր, եւ այսպես շարունակ։ 

Բայց կար մի հարց, որը թերեւս այս պահին ամենաշատն է հուզում հանրությանը՝ հանքերի ու, մասնավորապես, Ամուլսարի հանքի շահագործման հարցը, որի վերաբերյալ, հակառակ մեր համառ ջանքերին, նախարար Գրիգորյանն այդպես էլ սպառիչ պատասխան չտվեց։ Ավելին՝ նրա պատասխանները հիմնականում ցրողական էին՝ ավելի շատ հարցը տեղափոխում էր այլ գերատեսչությունների պատասխանատվության տիրույթ՝ «ձեռքերը» լվանալով։ Նա նախ նշեց, որ «Լիդիան» ընկերության հետ իրենք ջրօգտագործման թույլտվությունների հետ կապված խնդիր ունեին, երկու անգամ ջրառի համար դիմել են, երկու անգամ էլ մերժել են։ Ապա հիշեցրեց, որ իրենք 13 կետից բաղկացած փաստաթուղթ էին ներկայացրել վարչապետի աշխատակազմ, որտեղ որոշման համապատասխանություններ էին բերված, եւ այն կետերից որ մասը որ վերաբերում է իրենց նախարարությանը, հիմա ուսումնասիրում են։

Փորձեցինք հստակեցնել՝ ի վերջո, ի՞նչ է լինելու Ամուլսարի ճակատագիրը, ե՞րբ կունենանք այդ հանքի հետ կապված վերջնական հանգուցալուծում, այստեղ քաղաքակա՞ն որոշում է պետք, որպեսզի հանքը շահագործվի կամ ոչ, թե՞ հարցն իրավական ու բնապահպանական տիրույթում է։ Այստեղ էլ Էրիկ Գրիգորյանը հիշեցրեց, որ կա հարուցված քրեական գործ, եւ այն 13 կետը, որոնք ներկայացրել են իրենք, հիմնականում քննարկվում է այդ քրգործի շրջանակներում։ «Ես բազմաթիվ անգամ առանձին կետերով ներկայացրել եմ, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, թե այդ անհամապատասխանությունները ճիշտ են։ Եթե կպարզվի, որ այդ անհամապատասխանությունները նաեւ խախտումներ են՝ հետեւանքներ ունեցող, դա արդեն քննչական գործի շրջանակներում ի հայտ կգա»,- ասաց նախարարը։

Կրկին հարցրինք՝ քաղաքական կոմպոնենտ կա՞ այս հարցի լուծման մեջ, նախարարը կրկնեց նույնը, որ ինքը կարող է ասել այն գործառույթն ու շրջանակը, որն առնչվում է շրջակա միջավայրի նախարարությանը։ Այսինքն՝ ոչինչ չի կարող ասել այս մասով։

Մենք նաեւ հարց ուղղեցինք՝ կապված Թեղուտի հանքավայրի հետ, որն այսօր, հիշեցնենք, շահագործում է արդեն «ՎՏԲ բանկ»-ը, որը պարտքի դիմաց վերցրեց հանքը «Վալլեքս» գրուպից։ Մեր ձեռքի տակ է հայտնվել Հանքարդյունաբերության եւ մետաղների միջազգային խորհրդի՝ ICMM-ի  նամակը՝ ուղղված շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ Նամակում ICMM-ն ահազանգում է Թեղուտի հանքավայրի ծայրահեղ վատ վիճակի մասին՝ հղում անելով նաեւ միջազգային GRE փորձագիտական ընկերության 2017-2018 թթ․ ուսումնասիրության արդյունքներին եւ հորդորում է ՀՀ կառավարությանը՝ օր առաջ լուծել Թեղուտում առաջացած էկոլոգիական խնդիրները, մասնավորապես՝ պոչամբարի պատվարի հետ կապված վտանգները չեզոքացնել, հակառակ պարագայում այն կարող է հանգեցնել էկոլոգիական անդառնալի աղետի։ Նախարարը, բնականաբար, հաստատեց, որ նման նամակ ստացել են, սակայն դարձյալ ոչ հստակ պատասխան տվեց մեզ։

«Ձեր նշած նամակը մենք փոխանցել ենք լիազոր մարմին, որը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է, քանի որ հարցը բարձրացվում է Թեղուտի պոչամբարի պատվարի հետ կապված, այլ ոչ թե բնապահպանական ավելի լայն խնդիրների մասով, իսկ բնապահպանական խնդիրների մասով մեր նախարարության աշխատակիցներն այս տարի տասը տարբեր հանքերում գնացել եւ մոնիտորինգ են ներկայացրել, հաշվետվություն են ներկայացրել»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է Թեղուտի խնդրին, ապա Գրիգորյանն ասաց, որ եթե Թեղուտի հետ կապված որեւէ խնդիր տեսել են, տեղեկացրել են վարչապետի աշխատակազմ եւ լիազոր մարմին ։