«Հրապարակ». Եթե կարծիքի համար Իտալիայում մարդկանց կալանավորեին, դա կլիներ Իտալիայի վերջը

«Հրապարակ». Եթե կարծիքի համար Իտալիայում մարդկանց կալանավորեին, դա կլիներ Իտալիայի վերջը

Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում մեկնարկեց Նարեկ Մալյանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք․ նա մեղադրվում է «բռնության կոչ» հնչեցնելու համար։ «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր, գրող Մալյանը, ով երկար տարիներ ոստիկանությունում է աշխատել, կալանավորվել է սեպտեմբերի 19-ի ցույցերից 2 օր անց, այն բանի համար, որ ասել էր, թե ՔՊ-ականների հետ շուտով սուրճ են խմելու ցուցարարները։ Երեկ դատավոր Սուսաննա Գզոգյանը եւս 3 ամսով երկարաձգեց Մալյանի կալանքը։

Նարեկ Մալյանը դատարան ներկայացավ մի քիչ ուշացումով, դահլիճը լի էր մարդկանցով։ Ի դեպ, այդ դատարանի շենքում բավականին ընդարձակ դահլիճներ կան, սակայն Մալյանի նիստն ընթանում էր մի դահլիճում, որտեղ 3-4 նստարան հազիվ էր տեղավորվում։ Մտնելով նիստերի դահլիճ՝ Մալյանը սկսեց կատակել․ ««Յանդեքս կոմֆորտ» էի պատվիրել` ուշ եկավ»: Ապա տեսնելով, որ նիստերի դահլիճը փոքր է, եւ քիչ մարդ է տեղավորվում, կատակեց․ «Եթե մի 2 հոգի էլ լիներ, կկարողանայինք «մաֆիա» խաղալ»։ Հետո իր զարմանքը հայտնեց, որ իր պաշտպան Տիգրան Աթանեսյանը փողկապով է ներկայացել դատարան, նախկինում նրան փողկապով չէր տեսել։

Նիստի մեկնարկին դատավորը նախ ճշտեց, թե կա՞ն միմյանց ու դատարանին ինքնաբացարկի միջնորդություններ, ապա անցավ կալանքի հարցի քննությանը։ Մեղադրող դատախազ Մնացականյանն ինքնավստահ սկսեց պնդել, որ կալանքի նախորդ որոշումից մինչ օրս ոչինչ չի փոխվել, հետեւաբար, կալանքը պետք է երկարաձգել, քանի որ, եթե Մալյանը հայտնվի ազատության մեջ, ապա նոր «հանցանք» կարող է գործել, այսինքն՝ էլի Ֆեյսբուքով լայվ կմտնի ու «բռնության կոչ» կհնչեցնի։ Մալյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հակադարձեց, որ նախորդ որոշումից հետո շատ բան է փոխվել․ օրինակ, գործի նախաքննությունն ավարտվել է, եւ գործը գնացել է դատաքննության, այսինքն` դատախազը նույն հիմքերով չի կարող պահանջել, որ կալանքը երկարաձգվի, դա Քրդատ․ օրենսգրքի պահանջ է։ Սակայն Քրդատ․ օրենսգրքի պահանջը ո՛չ դատախազին, ո՛չ էլ, առավել եւս՝ դատավորին հետաքրքիր չէր։ Մալյանի համախոհներից ու ընկերներից ում ներս չէին թողել՝ դահլիճում տեղ չլինելու պատճառով, դրսում ուղիղ հեռարձակմամբ էին դիտում նիստը։

Նարեկ Մալյանին աջակցելու համար Հայաստան էր եկել նաեւ իտալական ամենահայտնի կուսակցություններից մեկի՝ «Ֆորցա Իտալիա» կուսակցության անդամ եւ քաղաքական գործիչ Ալֆրեդո Վելիանտին: Նա եւս չէր կարողացել դահլիճ մտնել եւ նիստին հետեւում էր ուղիղ հեռարձակման ու թարգմանչի սինքրոն թարգմանության պայմաններում: Սակայն այդքանն էլ հերիք էր, որ նա պատկերացում կազմեր Հայաստանում դատական իշխանության գործունեության մասին։ «Ցավոք, չկարողացանք ներս մտնել դատարան եւ ներկա լինել նիստին, քանի որ տեղերը սահմանափակ էին, բայց դրսում հետեւեցի դատավարության ընթացքին։ Ցավով եմ նշում, որ հիասթափված եմ։ Ինչքանով ես կարողացա դրսից հասկանալ, Հայաստանի դատարանների վրա մեծ ճնշում կա իշխանությունների կողմից, որովհետեւ այն, ինչ այսօր կատարվեց՝ ընդամենը կարծիք արտահայտելու համար հայտնվել բանտում, եւ այսօր էլ երկարացնել կալանքը․․․, չեմ կարող ոչ մի դրական բան ասել Հայաստանի դատական համակարգի մասին։ Նման բան կարող է պատահել ձեր՝ լրագրողներիդ հետ, որովհետեւ լրագրողները նրա համար են, որպեսզի արտահայտեն իրենց ազատ կամքը, սա նաեւ ձեզ է վերաբերում, որ եթե դուք փորձեք ազատ կամքի դրսեւորումով ասել այն, ինչ դուք եք մտածում, ապա սա կարող է եւ ձեզ հետ պատահել, իսկ սա նշանակում է ոչ թե դեմոկրատիա, այլ՝ բռնապետություն»,- մեզ հետ զրույցում իր տպավորությունները փոխանցեց իտալացի գործիչը։

Ալֆրեդո Վելիանտիին հարցրինք՝ եթե Իտալիայի ժողովուրդը կամ որեւէ քաղաքացի երկրի իշխանություններին «դավաճան» անվանի կամ նման որեւէ բան, ապա իշխանություններն ինչպե՞ս կդրսեւորեն իրենց, կկալանավորե՞ն այդ մարդուն։ «Իտալիայում բացառվում է նման երեւույթ, դա կլինի Իտալիայի վերջը, մեր դեմոկրատիայի, մեր հանրապետության վերջը կլինի, եթե ինչ-որ մեկը կարծիք արտահայտելու համար հայտնվի նման իրավիճակի մեջ։ Մենք շարունակում ենք հենց հիմա էլ պայքարել Իտալիայի իշխանությունների դեմ, որովհետեւ դեմոկրատ երկրներում դա է ձեւը։ Մենք շաբաթ օրը Իտալիայում դուրս ենք գալու փողոց եւ պայքարելու ենք մեր Իտալիայի դեմոկրատիայի համար։ Բացառվում է, որ Իտալիայում նման երեւույթ լինի»։

Իտալացի գործչին հարցրինք նաեւ, թե կողքից նայելով Հայաստանին՝ ի՞նչ կարծիքի է․ Հայաստանն այս իշխանությունների օրոք ի՞նչ ճակատագրի պետք է արժանանա։ «Ցավով պետք է նշեմ, որ վերջին իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում, բացասաբար են անդրադարձել ժողովրդի վրա, որովհետեւ չի կարող Հայաստանն այսպիսի պարտված իրավիճակով վերջանալ ու կորչել։ Պետք է ինչ-որ մի նոր անձի օրինակ, որպեսզի հնարավոր լինի դուրս գալ այս իրավիճակից: Դա կլինի ոչ թե այս պարտված իշխանությունների, այլ մեկ ուրիշ անձի օրինակով: Հայաստանին նոր առաջնորդ է պետք, որ կարողանա այլ օրինակ ցույց տալ, այս պարտված իշխանություններով չի կարող Հայաստանն առաջ գնալ»։