«Հրապարակ». Գերասիմ Վարդանյանի մանդատի հարցը բուռն վեճերի առիթ է դարձել

«Հրապարակ». Գերասիմ Վարդանյանի մանդատի հարցը բուռն վեճերի առիթ է դարձել

Փոքր երկիր ենք, որտեղ մեկի՝ մանդատ ստանալու, մեկ ուրիշի՝ մանդատից հրաժարվելու թեման կարող է հուզումներ առաջացնել։ Մենք տեղեկացանք, որ Հայ հեղափոխական դաշնակցությունում մինչ Քոչարյան կրտսերի մանդատ ստանալը թեժ քննարկումներ են ընթացել այս թեմայով: ՀՅԴ-ն եւ ԱԺ-ում ներկայացված դաշնակցականները սկզբունքորեն կողմ են եղել, որ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանը, մանդատ ստանա, եւ եթե իրավական առումով չեն կարողանում մարդու անմեղությունն ապացուցել եւ բերդից հանել, ապա այս եղանակով նա կազատվի: Սակայն մանդատից հրաժարվողների թվում է եղել նաեւ ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը, ով նույնպես այս իշխանությունների թիրախում է եւ կարող է առաջիկայում հայտնվել բանտում։

Որպեսզի Լեւոն Քոչարյանը մանդատ ստանար, պետք է 3 հոգի հրաժարվեին մանդատներից, մեկն Արմեն Չարչյանն էր, երկրորդը՝ հոգեբան Միհրդատ Մադաթյանը, երրորդը` ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը, ով ի վերջո հայտարարություն տարածեց, թե հրաժարվում է մանդատից, քանի որ ՀՅԴ ԳՄ անդամ է եւ «աշխատանքային ու կազմակերպական ծանրաբեռնվածություն» ունի, ինչպես նաեւ՝ «որոշ այլ հանգամանքներ» կան, ուստի իր խորհրդարանական գործունեությունը նպատակահարմար չի համարում։

Իրականում, ՀՅԴ-ում օրեր շարունակ տարբեր ֆորմատներով քննարկումներ են ընթացել, փորձել են Գերասիմ Վարդանյանին բերել ԱԺ եւ հորդորել են, որ խմբակցության անդամներից որեւէ մեկը վայր դնի մանդատը, որ Գերասիմը նույնպես «ապահովագրված» լինի մանդատով եւ այս անօրեն իշխանությունների հերթական զոհը չդառնա: Իսկ երիտդաշնակցականի նկատմամբ քաղաքական հետապնդումները նոր չեն, նա մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` զանգվածային անկարգությունների եւ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու գործով: Անցած տարվա մայիսից մինչեւ նոյեմբերը նա կալանքի տակ էր, ազատ արձակվեց 60 մլն դրամ գրավի դիմաց։ Պարբերաբար նա հայտնվում է իրավապահների ուշադրության ներքո՝ քաղաքական գրեթե բոլոր ակցիաներին իր ակտիվ մասնակցության պատճառով։ Վարդանյանի վրա կարված գործն առաջիկայում մտնելու է վճռորոշ փուլ, եւ մանդատի թեման ծագել է, քանի որ կուսակցությունում մտավախություն ունեն, որ նրան փորձելու են կալանավորել: Քննարկումների ժամանակ առաջարկվել է, որ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավորներից որեւէ մեկը հրաժարվի մանդատից` խոսքը պասիվ պատգամավորների մասին է, որպեսզի մանդատ ստանան ե՛ւ Գերասիմը, ե՛ւ Լեւոն Քոչարյանը։ 

Մեր տեղեկություններով՝ դիտարկվել է երկու թեկնածություն՝ ՀՅԴ-ականներ Արգիշտի Գեւորգյանի եւ Արփինե Վարդանյանի, որոնց ծպտունն այս խորհրդարանում, կարելի է ասել, չի լսվել, նրանք, բառի բուն իմաստով, միայն ֆիզիկական ներկայություն են ապահովում խմբակցությունում, ուստի կարող էին այդ ներկայությունն ուրիշ վայրում ապահովել` աջակցելով իրենց ընկերոջը։ Նույնիսկ առաջարկել են` եթե աշխատավարձն է խնդիրը, մանդատը ստացողն իր աշխատավարձը կփոխանցի հրաժարվողին: Սակայն նշված անձինք կտրականապես հրաժարվել են մանդատը վայր դնելուց: Ոմանք սա բացատրում են նրանով, որ Իշխան Սաղաթելյանի դեմ պայքարող ՀՅԴ թեւը` Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ, կառավարում է որոշ պրոցեսներ, եւ քանի որ այս գաղափարը փորձել է Սաղաթելյանը կյանքի կոչել, եւ Գերասիմ Վարդանյանն էլ նրա հետ մտերիմ է, որոշել են խանգարել այս մտահղացմանը եւ Գերասիմի՝ խորհրդարան գալուն: Մեզ պատմեցին, որ քննարկումների ժամանակ այնքան տհաճ մթնոլորտ է ձեւավորվել, որ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ հանրային կապերի պատասխանատու Քրիստինե Վարդանյանն է պատրաստակամություն հայտնել՝ զիջել իր մանդատը Գերասիմ Վարդանյանին, սակայն մերժվել է հիմնավորմամբ, քանի որ Քրիստինեն ամենաարդյունավետ պատգամավորներից է։

Քրիստինեն մեր հարցին այսպես պատասխանեց. «Իհարկե, յուրաքանչյուր դաշնակցականի դեպքում քննարկվում է մանդատ ստանալու հարցը, բայց հաշվի է առնվում տվյալ մարդու կարծիքը։ Ուստի այն, ինչ Գերասիմը հրապարակել է որպես հայտարարություն, քննարկումների վերջնարդյունքը եղել է այդ հայտարարությունը»: Իսկ  մինչեւ վերջնարդյունքը եղե՞լ են կարծիքներ, որ ճիշտ կլինի Գերասիմ Վարդանյանին եւս «ապահովագրել» մանդատով։ «Քննարկումները ենթադրում են տարբեր կարծիքներ․․․ այն վերջնարդյունքը, որ ունեցել ենք, Գերասիմը հրապարակել է, դա նաեւ քննարկումների արդյունք է, որտեղ նաեւ իր անձնական որոշումն է արտացոլված»։
Իսկ եղե՞լ են առաջարկներ, որ պասիվ պատգամավորներն իրենց մանդատից հրաժարվեն՝ փոխանցելով Գերասիմին։ «Էլի եմ ասում՝ քննարկումները ենթադրում են կարծիքների հնչեցում… ես տեղյակ չեմ նման առաջարկներից»։
Իսկ Դուք անձամբ առաջարկե՞լ եք՝ հրաժարվել մանդատից։ «Եկեք այդ հարցը թողնենք, որովհետեւ դա մամուլի քննարկման թեմա կամ Գերասիմի համար հրաժարվել-չհրաժարվելու հարց չէ: Մարտավարության վերաբերյալ քննարկումներ եղել են, ես կարծիք արտահայտել եմ ոչ միայն այս հարցի շրջանակներում… Ի վերջո, իմ անձնական կարծիքով՝ մանդատի հարցն ուռճացված է, որ այն մեզ պաշտպանում է, որովհետեւ այն ընդամենը մի քայլ է բաժանում անազատության մեջ գտնվելուց, հաջորդ պահին մեզնից յուրաքանչյուրը կարող է լինել»։