Ինչո՞ւ հիմա

Ինչո՞ւ հիմա

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական հետապնդմանը, նշում է. «Քանի որ գործն ինձ է վերաբերվում, ապա տեսականորեն, իմ գնահատականը տվյալ պարագայում կարող էր սուբյեկտիվ լինել։ Բայց դա այն դեպքում, եթե Հայաստանում չմոլեգներ բռնապետական հակումներ ունեցող մեկ անձի կամքը։ Հայաստանում, արդեն 5 տարուց ավելի է, որ քրեական գործերի հարուցումը, կամ՝ չհարուցումը, կախված է այդ անձի ցանկությունից, որը զավթել է վարչապետի պաշտոնը և մաս առ մաս դավաճանաբար վաճառում է հայրենիքը։

Այնպես որ, կասկածից դուրս է, որ այսպես կոչված, քննչական մարմիններն, ինքնուրույն չեն գործել, այլ կատարել են իրենց տիրոջ հրահանգը։ Ինչ վերաբերում է գրառման բովանդակությանը, ապա և իմ հոդվածներում, և այլ գրառումներում ես շատ ավելի կոշտ եմ արտահայտվել , ինչպես վարչապետ կոչեցյալի, այնպես էլ նրա կամակատարների հանդեպ։ Նշենք նաև, որ գրառումը կատարվել է շուրջ 1,5 ամիս առաջ։ Հարց է առաջանում, ինչու՞ հիմա։
Իմ կարծիքով, վարչապետ կոչեցյալը վաղուց էր որոշել ինձ մեղադրանք առաջադրել և սպասում էր հարմար առիթի։ Եվ այդ առիթը, համոզված եմ՝ իմ  բաց նամակն էր, ուղղված արևմտյան երկրների դեսպաններին։ Սա կատաղեցրել է վարչապետ կոչեցյալին և նա համոզված է եղել, որ նույն դեսպանները կողջունեն իր արարքը»:

Հիշեցնենք, որ երեկ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ֆեյսբուքում իբրև բռնության կոչեր անելու համար: