Նիկոլի համար եվրոպական պաշտոնյաները վաղուց «եվրայոնջաներ» չեն

Նիկոլի համար եվրոպական պաշտոնյաները վաղուց «եվրայոնջաներ» չեն

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել. «Կարեւոր է երկու կողմերի բնակչությանը պատրաստել երկարատեւ եւ կայուն խաղաղության: Այս առումով կարեւոր է հանրությանը ճիշտ ուղերձներ հղելը, այսպիսի զգայուն իրավիճակում հանրային ցանկացած խոսք լսում եւ հետեւություններ են անում նաեւ մյուս կողմում»: Մեջբերված խոսքի առաջին մասն առաջին հայացքից խիստ տեղին դատողություն է: Մեզ հիշեցնում է մերժված Սերժի օրոք եվրոպական պաշտոնյաների անընդհատ կրկնվող միտքը: Այն օրերին դա կյանքի իրավունք ուներ, որովհետեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով խոսվում էր երկկողմանի զիջումների անհրաժեշտության մասին:

Այսօր այդ դատողությունը ժամանակավրեպ եւ ըստ այդմ՝ անիմաստ: Որովհետեւ ժողովուրդներին նախապատրաստում են, երբ խոսք է գնում փոխադարձ զիջումների մասին: «Արցախը Հայաստան է եւ վերջ» գոռացող Փաշինյան Նիկոլի օրոք եւ նրա ջանքերով մեզ բաժին հասավ խայտառակ պարտությունը: Մեր հասարակության մեծամասնությանն արդեն ոչինչ նախապատրաստել պետք չէ: Դա արդեն արել է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Պարտված հանրության՝ պատերազմի նկատմամբ վախը նա սարքել է զենք եւ այն օգտագործում է ընդդեմ սեփական երկրի  անվտանգության: Սյունիքի մարզի Սեւ լճերի առումով «լճափի 30 տոկոսի համար կռիվ չէինք անելու» կամ Գեղարքունիքի մարզի «անբնակ տարածքների համար կռիվ չէինք անելու» տրամաբանությամբ: 

Ինչ մնում է Ադրբեջանի նախագահին, ապա ո՞րն է լինելու նրա կողմից կայուն խաղաղությանը բնակչությանը պատրաստելու խնդիրը: Հաղթած երկրի բնակչության ի՞նչը պետք է նախապատրաստվի, եթե այդ երկրի ղեկավարը Փաշինյան Նիկոլից ստանում է այն, ինչ պայմանավորվել էր: Եվ նույնիսկ այն, ինչն ուղղակի մտածել եւ դեռ չէր էլ հասցրել այդ միտքը հասցնել Նիկոլին: Հետաքրքիր է՝ ասվածը չի՞ հասկանում Շառլ Միշելը: Իհարկե, հասկանում է, չհասկանար՝ այդ պաշտոնին հաստատ չէր լինի: Իսկ եթե հասկանալով հանդերձ ասվում է նման խոսք, ապա դա նշանակում է, որ ա) մեզ հիմարի տեղ է դնում, բ) Նիկոլի չեղած պատիվն է փորձում փրկել, գ) մեսիջ է հղում Իլհամին, որը թքած ունի դրա վրա (երկրորդ մասը): Կարծում եմ, որ Շառլ Միշելը հասկանում է նաեւ, որ պարտադրված խաղաղությունը սովորաբար երկարատեւ եւ կայուն չի լինում: Իսկ այսօր մեզ հենց այդպիսի խաղաղություն է հրամցվում: Քանի որ դրան ձգտում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Իսկ ձգտում է, քանի որ միայն այդ տարբերակում կարող է պահպանել իր իշխանությունը: Իսկ իշխանությունն էլ պետք է պահպանել, որպեսզի չկանգնի դատաստանի առջեւ: Դա, բնականաբար, հասկանում է նաեւ եվրոպացի պաշտոնյան, բայց իրեն դնում է չհասկացողի տեղ, որովհետեւ այսօր նրան դա անհրաժեշտ է քաղաքական դրդապատճառներով: 

Ժամանակին ընդդիմադիր Փաշինյան Նիկոլը հաճույք էր ստանում եվրոպական պաշտոնյաներին «եվրայոնջաներ» անվանելով: «Մերժված» նախկինների օրոք վերջիններս աշխատում էին նրանց հետ՝ դրանով աջակցություն ցույց տալով նրանց իշխանությանը: Իսկ ընդդիմադիր Նիկոլի թշնամու բարեկամը պետք է, բնականաբար, լիներ թշնամի իրեն: Իսկ թշնամուն անվանարկելը բնական մարդկային վարքագիծ է: Բայց վաղուց արդեն դերերը փոխված են՝ Նիկոլը վարչապետ է, եւ եվրոպական պաշտոնյաներն էլ «եվրայոնջաներ» չեն: Հատկապես որ 2018 թվականի մայիսից Հայաստանում ձեւավորված է «ժողովրդավարության բաստիոն», իսկ ժողովրդավարության ակունքները եվրոպական ծագում ունեն: Հատկապես որ, ինչպես ասվում է Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ ուղերձում, միջազգային հանրությունը (կարդա՝ եվրոպացիներն ու ամերիկացիները) պարտավոր է, Փաշինյանի կարծիքով, ջանքեր գործադրել 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրմանը եւ թույլ չտալ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը։ Փաստորեն, նախկինում Փաշինյանի կողմից «եվրայոնջաներ» անվանվածները պարտավոր են Հայաստանի փոխարեն խոչընդոտել արցախահայերին իրենց պապենական տարածքներից հեռացնելու՝ Բաքվի ջանքերին: