Ադրբեջանը միշտ քարտեզներ է գծում` Հայաստանի հաշվին․ այդ տարածքներն իրենցը չեն

Ադրբեջանը միշտ քարտեզներ է գծում` Հայաստանի հաշվին․ այդ տարածքներն իրենցը չեն

Թշնամի պետությունը լկտիաբար առաջ է գալիս` իր սահմաններն ընդլայնելով, փոխարենը Հայաստանում «խաղաղասիրական» քարոզով են զբաղված: Եվ անգամ Ազգային անվտանգության ծառայությունն է դրան մասնակցում՝ երեկ ԱԱԾ-ն մի անորոշ ու տարտամ հայտարարություն էր տարածել, որը խիստ վտանգավոր է մեր երկրի համար։ Այնտեղ ակնարկել էին ինչ-որ ադրբեջանական քարտեզների մասին: Հաղորդագրության մեջ ասվում է` «Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել եւ իրականացրել ինժեներական աշխատանքներ»:

Հայկական կողմի պաշտոնական հայտարարությամբ հինգ կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր առաջ է եկել եւ ոչ մեր զինուժը, ոչ մեր իշխանությունը ոչինչ չի ձեռնարկում դրա դեմ: Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Այս և այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ:

- Ադրբեջանը Սյունիքում տարածքներ է զավթում: ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածում, նշելով, որ տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ:

- Կարդացի ԱԱԾ-ի հայտարարությունը, և անկեղծ ասած, այն ոչ մի միտք չտվեց: Ինչ էին ուզում ասել, ուզում էին ասել, որ Հայաստանը ոչինչ չի՞ արել: Այսինքն, եթե վաղն էլ Սյունիք մտնեն` գրավեն, մենք էլի ոչինչ չենք անի, որպեսզի էսկալացիա չսկսվի:

- Իսկ ի՞նչ քարտեզների մասին է խոսքը:

-Ադրբեջանի գծած քարտեզների մասին է խոսքը: Իհարկե, Ադրբեջանը միշտ էլ քարտեզներ է գծում` Հայաստանի հաշվին: Ինչ ուզում, գծում են, ամեն օր մի նոր քարտեզ են գծում ու մեծացնում իրենց սահմանը: Դրանք նոր քարտեզներ են, նոր գծված: Այդ տարածքներն իրենցը չեն, իրենք պետք է դուրս գան այդտեղից: Սահմաններից են խոսում, բայց դրանք մեր սահմաններն են: Ես ինքս ունեմ այդ բոլոր քարտեզները:

- Առաջներում խոսվում էր Տավուշի ու Քյարքիի անկլավների մասին, բայց փաստորեն Ադրբեջանի ախորժակը մեծանում է օր օրի, հիմա էլ Սյունիքում են «անկլավներ» հայտնաբերել:

- Խոսում են անկլավներից, ասում՝ այդտեղ 200 տարի ադրբեջանցիներ են ապրել, ուրեմն դրանք ադրբեջանական անկլավներ են: Դե եթե այդպես է՝ Ղարաբաղում էլ հայերն ապրել են 2000 տարի: Ուրեմն ողջ Ղարաբաղը հայկական անկլավ է: Պահանջի դեմ պետք է ներկայացնել պահանջ, որ Ադրբեջանը չշարունակի: Սյունիքում ոչ մի անկլավ էլ չկա, Ադրբեջանն ուղղակի առաջ է եկել, գրավել տարածքները: Մենք մեկ տարի շարունակ ճանապարհ կառուցելու ժամանակ ունեինք, բայց այն չենք կառուցել: Ճանապարհը Տեղ գյուղից մինչև Ադրբեջանի սահման պետք է լիներ, սակայն ոչինչ չի արվել: Մի ճանապարհ կա, որն Ադրբեջանի միջով է անցնում, դա էլ նորից Ադրբեջանը գրավել է:

- Այս պահին մեր ձեռքի տակ ի՞նչ քարտեզներ կան, որոնք կարելի է կիրառել:

- Մենք ունենք 1991-ին գծած քարտեզները: Դրանք զինվորական շտաբի գծած քարտեզներն են: Այնտեղ կան նաև Ադրբեջանի տարածքները: Եթե այդ քարտեզները գծած չլինենին, հետխորհրդային որևէ երկիր սահման չէր ունենա, անգամ Ռուսաստանը սահման չէր ունենա:

- Իսկ ինչո՞ւ այդ քարտեզների մասին այսօր չի խոսվում, ինչո՞ւ են խոսում Ադրբեջանի սահմանների մասին:

- Պետք է այդ հարցին պատասխանեն իշխանությունները: Մենք ունենք 1991-ին հաստատված քարտեզներ, մենք ընդունել ենք Ադրբեջանի սահմանները, Ադրբեջանն էլ մեր սահմաններն է ընդունել: Այսօր այդ քարտեզները դրված են Պաշտպանության նախարարությունում: