Հառաչանք. Կապանյան նոթագրություն

Հառաչանք. Կապանյան նոթագրություն

Մի օր Նիկոլը Կապան քաղաքում
Ոտքը կախ գցել, հեքիաթ էր պատմում,
Թե բա ՍԴ-ի Հրոն Թովմասյան,
Խնդրել է որ գա իրեն տեսության:

Նրան հարցրին՝ իսկ փաստեր ունե՞ս…
Փաստն էլ հո ղո՞ւշ չէ՝ ջեբիցդ հանես,
-Արա ո՞նց չունեմ,- պարծեցավ տղեն,
-Ու դեռ կգտնեն, թե որ լավ պեղեն…

Լուրը Կապանից թռավ դավադիր,
Թե վարչապետը այսպես է խոսել,
Հրայրն էլ կուլ չի գնաց թավադին.
-Թող գա մի տեսնենք՝ էդ ո՞վ է տեսել։

   
Աղաչանք արինք, պաղատանք արինք. 
-Ա՛յ Հրայր, ասինք, ետ քա՛շվի, հեռի՛,
Բեր ձեռը վեր կալ, անեծք չար բանին...
Բայց ի՞նչ հասկացնես իրավաբանին։

-Չէ՜ որ չէ՛, ասավ, ջահել Դավթի պես
Գընաց դիք կանգնեց գեղի մեյդանում.
-Էս դատաստանը, էս թավադն, էս ես,
Թող գա մի տեսնենք ինձ ինչ է անում։

Եկան իրարու, խոսք խոսքի հասավ, 
Հրոն մի քանի կոշտ խոսքեր ասավ.
Դե մարդիկ երբոր կռիվ են անում,
Մեջտեղ փըլավ չեն իրար բաժանում։

Մեր վարչապետն էլ, աստված է օրհնել,
Էսպես մի բան էր պակաս նըրան էլ.
Մեկի պոչը միշտ մեկելի տակին,
Եկավ տաքացած՝ գրիչը ձեռքին.

-Էս դու չե՞ս տվել, ի՞նչ փաստ ես ուզում,
Մանրուքներից է կոռուպցիան հյուսվում.
Գրի՞չ ես տվել, թե մի պարկ կաղին,
Պիտ հարցաքննեմ քո բաջանաղին...

Մեր մեջ մի քանի ծեր մարդ ընտրեցինք,
Գնացինք Նիկոլի ոտը խընդիրքով,
Պատիվներ տվինք, ավել խընդրեցինք՝
Բանը վերջացնի գեղական կարգով։

Ախպե՛ր, ասեցինք, ի՞նչ արիք իրար,
Խոսք եք կռվացրել, արին հո չարիք.
Դու շառով տըվիր, դառար մասխարա,
Դու էլ վերջացրու, բոլ էլավ, հերիք։

Սա ոտը դրեց վերի թարեքին.
Թե պիտ թոշակի գնա, որ ներենք...
Ամոթ է, ասինք, աստըծու տակին,
Էն ջահել տղին թոշակի ղրկե՞նք...

Ինչ արինք՝ չարինք, չեկավ հավատի,
Գընաց «Ֆեյսբուքում» թազա բան գրեց,
Թե՝ ինքըս թավադ, թավադի որդի,
ՍԴ-ի Հրոն ինձ ուշունց տըվեց...

Սուդիցը մի մարդ եկավ քննություն, 
Էծի մորուքով, աստղը ճակատին,
Եկավ, վեր եկավ, մըտավ քյոխվի տուն՝
Թե բա Հրայրին բերեք, որ դատեմ:


Հրայրն էլ եկավ, կիրթ ու ժպտերես,
Էդ դատավորի առաջին կանգնեց՝
Համ օրենք գիտի, համ կարգ, համ լեզուն,
Դե ասեք, տեսնեմ, դուք ի՞նչ եք ուզում:

Քննություն արին սրանք բառադի,
Թե՝ ի՞նչպես ուշունց կըտաս թավադին. 
Բաց արին տեսան գըրած զակոնում, 
Թե Թովմասյանը Սիբիր է գընում...

Հայոց աշխարհը մի պահ քարացավ,
Հետո մի քրքիջ հանկարծ բարձրացավ՝

Դարձել է աշխարքն, ա՛խպեր, առ ու փախ,
Գրիչը  փաստ է, ու ջուրը՝ արին,
Ոչ ամոթ ունի ուժեղը, ոչ վախ,
Վայը եկել է տարել տըկարին...

Էհ, էլ ի՞նչ պատմեմ, էլ բան չմնաց,
Քյոխվեն իր հանար «Ֆեյսբուքում» թառած,
Շարունակում է թվեր նկարել
Ու «մեղավորաց» գործերը կարել...

Հ.Գ.
Երեկ իրիկուն էդ կողքիդ սընից 
Կախ էին արած երեք հըրացան.
Տղեք են՝ փախած տանից, դիվանից,
Եկան ու ծեգին էլ ետ հեռացան...


Փոխադրությունը՝ Էդիկ Անդրեասյանի