Թոփ բուհը երկրի, քաղաքացու խնդիրները լուծող բուհն է

Թոփ բուհը երկրի, քաղաքացու խնդիրները լուծող բուհն է

Ամիսներ առաջ իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստվում են գնալ բուհերի խոշորացման եւ որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, եւ ընթացք տվեցին պրոցեսին։ Ընդհանուր առմամբ, կա հնարավոր 3 տարբերակ․ առաջինը՝ պահպանել կառավարման այն համակարգը, ինչը կա այս պահին, եւ դանդաղ էվոլյուցիոն ճանապարհով փոփոխություններ իրականացնել ինչպես բուհերում, այնպես էլ գիտահետազոտական ինստիտուտներում՝ ձգտելով դրանց ինտեգրման աստիճանը բարձրացնել։ 2-րդ տարբերակը բոլոր գիտահետազոտական ինստիտուտները բուհերին կցելն է, դրանք բուհերի կազմում ներառելը, որին կողմ է իշխանությունը, եւ 3-րդ տարբերակը գիտահետազոտական, գիտաուսումնական, գիտաարտադրական ցանցերի ստեղծումն է՝ Եվրոպայում բավականաչափ տարածված սխեմաների կիրառմամբ։ ԳԱԱ-ում քննարկվում է նաեւ 4-րդ տարբերակը, որի էությունն այն է, որ մեր բուհերն առնվազն իրենց գիտական մասի ղեկավարումը հանձնեն Գիտությունների ազգային ակադեմիային։  

Կրթության փորձագետ Վիկտոր Մարտիրոսյանը, անդրադառնալով ինստիտուտները բուհերին միացնելու իշխանության տարբերակին, մասնավորապես նկատեց. «Ելնելով նրանից, որ ուսանողության թիվը պակասում է, եւ բուհերը ֆինանսական առումով խնդիրներ ունեն, եթե ակադեմիական ինստիտուտները տանես բուհեր, դա լրացուցիչ բեռ է դառնալու։ Առանց այն էլ ինքը չի կարողանում իր խնդիրները լուծի, միջոցներ չունի՝ իր դասախոսական կազմին նորմալ վճարելու, ուսանողների տարրական կարիքները հոգալու, բազա ստեղծելու, այդքանից հետո դու ուզում ես բուհերի վրա տանել*-դնել ակադեմիական ինստիտուտներ պահելու ծանր բե՞ռը։ Բնական է, որ այդ բուհերը ոչ թե չեն ուզենալու, այլ չեն կարողանալու պահել այդ բեռը, եւ ակադեմիական ինստիտուտները վաղը, մյուս օրը կդառնան մի փոքրիկ լաբորատորիայի նման բան, իսկ մի քանի տարի հետո էլ կվերանան-կգնան: Այլ կերպ ասած՝ պարալիզացվելու է աշխատանքը, բուհն իր վրա պետք է բեռ վերցնի, որն ի վիճակի է եւ ի զորու է կրել։ Թղթի վրա դա շատ գեղեցիկ ծրագիր է։ Ես եղել եմ 50-ից ավելի միայն ամերիկյան բուհերում, տեսել եմ այդ ուսանողական քաղաքները, դրանց, այսպես ասած, գիտական ինստիտուտները բուհերի ներսում, բայց այդ ամենն արվել է տարիների ընթացքում՝ որոշակի միջոցներ դնելով։ Կոպիտ ասած՝ ի՞նչ օժիտ է տալու կառավարությունն այդ ակադեմիական բուհերին, որ տանում է դեպի ուսումնական հաստատություններ, ֆինանսավորո՞ւմ է տալու, ի՞նչ․ սա է ամբողջ խնդիրը։ Էլի եմ ասում՝ թղթի վրա կարելի է այդ ամբողջը շատ լավ պատկերացնել, շատ լավ օրինակներ բերել, բայց այսօր ի՞նչ է դա տալու համալսարանին, պոլիտեխնիկին կամ մյուս բուհերին, որ ուզում են միավորել»։

Կրթության փորձագետի կարծիքով՝ առաջնահերթ, գիտության հանդեպ մեր ստրատեգիան պետք է վերանայվի․ «Այսինքն՝ որո՞նք են մեր այսօրվա առաջնահերթությունները, ճշգրտեն, թե ի՞նչ գիտական ուղղություններ կան, որոնք անհրաժեշտ են, օրինակ հայագիտությունը, դրանով, մեզնից բացի, էլ ոչ մեկը չի զբաղվելու։ 2-րդ․ ի՞նչ գիտական ուղղություններ կան, որոնք պետք են տնտեսությանը, պաշտպանությանը, գիտության զարգացմանը, ինտեգրմանը, եւ ի՞նչ ուղղություններ կան, որոնք կարող են լինել միջպետական համագործակցության շրջանակներում, ասենք՝ համագործակցելով այլ բուհերի, խոշոր գիտական կենտրոնների հետ, եթե դու ի վիճակի չես այսօր որոշակի բազա ստեղծել։ Գոնե այս 3 ուղղությունները պետք է մշակեն, որպեսզի մենք տեսնենք, թե հեռանկարում ինչ ենք անում, վերացնո՞ւմ ենք ինչ-որ գիտական ուղղություններ, չէ՞ որ մենք շատ մեծ ռիսկի ենք գնում։ Ակադեմիական ինստիտուտ ունենալ՝ նշանակում է առաջին հերթին ունենալ ակադեմիական խոշոր կադրային բանակ։ Եթե այդ անցումների ընթացքում պետք է այդ մնացորդն էլ ոչնչացնենք, ուրեմն մենք գնում-իջնում ենք 20-30-ական թվականներ, երբ դրսից էինք մասնագետներ հրավիրում, հավաքում աշխարհի տարբեր կողմերից գիտնականների, որպեսզի գային, ու այստեղ որոշակի բազա ստեղծվեր, իսկ դա տեւեց մի ամբողջ 20 տարի, մինչեւ ստեղծվեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան։ Սա շատ լուրջ խնդիր է, բայց այնքան հեշտ են մտածում՝ սա կբերեն կմիացնեն սրան, այս շենքը կազատվի եւ այլն։ Սա երկրի ճակատագրի հետ կապված խնդիր է։ Ո՞ւր մնաց մեր մեծախոսությունը, որ գիտական ժողովուրդ ենք»։

Թե ինչ կտա համակարգին, եթե բուհերի այս կամ այն ֆակուլտետները միավորվեն գիտահետազոտական ճյուղային ինստիտուտներին, Վ․ Մարտիրոսյանը նկատում է․ «Այսպիսի փորձառություն իրենք ունեն, ակադեմիայում մագիստրոսական ծրագիր է գործում, պետք է նայել նաեւ դրանց, տեսնել, թե որն է տարբերությունը, դա որակական ինչ խնդիր է լուծում»։
Այս իշխանությունների «իդեա ֆիքսը» դարձել է մինչեւ 2030-ը 4-5 թոփ բուհ ունենալ՝ աշխարհի լավագույն 500 բուհերի ցանկում, դրա համար արդյոք կա՞ն նախադրյալներ։

«Նախ, ի՞նչ է նշանակում թոփ բուհ, եւ ինչքանո՞վ է դա անհրաժեշտ Հայաստանին։ Բնական է, մենք կուզեինք, որ մեր բոլոր բուհերը լինեին թոփ բուհեր, բայց մեր բուհերն առաջին հերթին մեր կարիքները, խնդիրները հոգալու համար են։ Եթե մեր կարիքները մեր բուհերը կհոգան առանց այդ «թոփ» մակդիրի, նշանակում է՝ մեր բուհերը հենց այն են, ինչ մեզ պետք են։ Եթե դրանից առաջ կգնան՝ փառք ու պատիվ իրենց եւ երջանկություն մեզ։ Կեղծ կատեգորիա է այդ «թոփ բուհ» կոչվածը, բուհը պետք է լուծի քո երկրի եւ քո քաղաքացու կրթական, մասնագիտացման խնդիրները։ Ինչ խոսք, կարեւոր է, որ լինեն առաջիններում, բայց այս պարագայում պետք է նշենք՝ քանի՞ տարի է արդեն՝ բուհական ռեֆորմ է գնում, արդեն 20 տարի է՝ բարձրագույն կրթության օրենքն ընդունվել է, ինտեգրման գաղափարը լրիվ գրվել է, Բոլոնիայի գործընթացները դրվել են, օրենսդրական բոլոր հիմքերը ստեղծվել են, որակի գնահատման կենտրոն է ստեղծվել։ Այս ամբողջի արդյունքում ի՞նչ ենք ունեցել եւ դրա վրա ի՞նչ ենք ավելացնելու, որ ունենանք այդ թոփ բուհերը»,- ասում է Վ․ Մարտիրոսյանն ու ընդգծում, որ թոփ բուհ ունենալուն պետք է հասնել ոչ թե երազանքի, այլ  աշխատանքի ճանապարհով։

«Պետք է լինի մի պարզ գիտակցում, որ բուհը նաեւ կյանքի, հասարակական հարաբերությունների արտացոլանքն է, ի՞նչ հարաբերություններ, տնտեսություն ունե՞ս, որ այսօր այդպես մեծ-մեծ խոսում ես՝ թոփ բուհ ունենալու։ Չի կարելի այդ կեղծ կատեգորիաներով, գաղափարներով հանրությանն այդքան կերակրել։ Ինձ համար թոփ բուհն իմ երկրի, իմ քաղաքացու խնդիրները լուծող բուհն է, եթե մտածում են արտասահմանից սովորողներ բերելու մասին, դա լրիվ ուրիշ բան է։ Բժշկականը թոփ բուհ չէ, բայց ունի բավականին ուսանողներ դրսից, սա էլ մի ուրիշ ուղղությամբ է տանում՝ տարածաշրջանի կրթական կարիքներն ուսումնասիրել, տվյալ կարգի բուհերի վրա ներդրումներ անել, բարձրացնել որակական ավելի բարձր մակարդակի։ Ամենեւին պարտադիր չէ, որ բոլոր բուհերը Հարվարդ կամ Քեմբրիջ լինեն, որ դրսից ուսանողներ գան։

Իսկ այս կարգի միավորմանը ես դեմ եմ, որովհետեւ դա լինելու է մեխնիկական միավորում, եւ ավելի շատ լինելու է որոշակի բուհերի ոչնչացում, ու եթե շարունակում են պնդել Բրյուսով-մանկավարժական-ֆիզկուլտ միավորման վրա, հաստատ դրանով մանկավարժականին լավություն չեն անում»։

Թե՛ բուհերի, թե՛ ակադեմիական ինստիտուտների միավորման հարցը, ըստ Վ․ Մարտիրոսյանի, նախորդ 3 նախագահների օրոք էլ բարձրացվել է․ «Գրեթե 90-ականներից այս հարցը գալիս է, երբ մենք կտրվեցինք միութենական բազաներից, երբ միութենական պատվերները մեր ակադեմիական բուհերի պարագայում կրճատվեցին, այդ հարցը կար՝ ի՞նչ ենք պահում եւ ինչո՞ւ ենք պահում․ տարբեր մոտեցումներ են եղել։ Բոլոր նախագահներն էլ փորձել են ինչ-որ բան անել, բայց բոլորն էլ մտածել են, որ հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ չհանեն։ Պետք է նախ լավ ուսումնասիրություն կատարվի, եւ կարողանան ասել՝ այս-այս գիտահետազոտական ինստիտուտները, օրինակ, պետք է մնան, բուհեր կան, որոնց պարագայում մենք ուղղակի անհրաժեշտաբար դրա կարիքն ունենք։ Սա ոչ թե մեր ցանկությունն է, այլ, նորից եմ ասում՝ որեւէ բուհ այսօր ակադեմիական ինստիտուտ պահելու հզորություն չունի»։