Թունելի վերջում լույս երեւում է, բայց, գրողը տանի, թունելը չի վերջանում

Թունելի վերջում լույս երեւում է, բայց, գրողը տանի, թունելը չի վերջանում

Եթե Աստված ինձ բարոյական ուժ է տվել,
ուրեմն էլ ի՞նչ կարող է ինձ հետ անել թշնամին։

Կոմֆուցիոս

Ինչպես հայտնվեցինք թակարդում

Տարեցները կհիշեն, որ 88-ի երկրաշարժից հետո Հայաստան ժամանած տխրահռչակ Գորբաչովին` փլատակների վրա մարդիկ Արցախի հետ կապված հարցեր էին տալիս, եւ էս դեգեներատը, զարմանքից ապշած, չէր հասկանում, թե ինչպես կարող է դաժան ողբերգության մեջ մարդը խոսել «ինչ-որ» Արցախից։

Մեր իրականության մեջ, թերեւս, ամենամեծ բլեֆը «Ղարաբաղ» կոմիտեի պատմությունն է՝ տաղանդավոր աճպարար Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Ճիշտ է, Կոմիտեն շրջադարձային դեր խաղաց Հայաստանի եւ Արցախի կյանքում, միավորեց բոլորիս մեկ նվիրական նպատակի շուրջ, բայց․․․ խոսենք այս բայց-ից։ Հետագայում Կոմիտեի շատ անդամներ վարկաբեկվեցին (բացառությամբ՝ սկզբունքային Ռաֆայել Ղազարյանի), եւ պարզվեց, որ արցախյան հարցն ընդամենը ցատկահարթակ էր՝ պաշտոնի եւ թալանի համար։ Հենց սրանք հիմք դրեցին հանրության կողմից սիրված, հեղինակություն վայելող անհատներին (սկսած Սիլվա Կապուտիկյանից) սեւացնելու ճղճիմ գործելաոճին։ Չխնայեցին անգամ Վազգեն Առաջին կաթողիկոսին, ով, ի դեպ, ի պաշտպանություն Արցախի, մի խումբ մտավորականների հետ հացադուլ էր հայտարարել Մոսկվայում։ Մարդ(Լեւոն Տեր-Պետրոսյան), ով ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է համարում ու արցախյան մեծ պատերազմից հետո եւ այժմ էլ պատրաստ է նույն Արցախը զոհաբերել, որ սերգոջանները լավ ապրեն, այսօր առոք-փառոք իր շքեղ առանձնատանը «վաստակած» հանգիստն է վայելում եւ երբեմն, իրեն հատուկ ինքնամեծար-արքայավայել հայտնությամբ, «երջանկացնում» է մեզ՝ իր ջուր պղտորող մտքի ցոլանքներով (դժվար է առարկել ուղղախոսությամբ հայտնի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին․ «Լեւոնիզմի վրա եթե վաղուց գերեզմանաքար դրած լինեինք, այսօր հայրենիքն այսքան փոքր, իսկ Եռաբլուրն այսքան մեծ չէր լինի»)։ Այո, էս մարդը մսխեց արցախյան պատերազմում հազարավոր զոհերի գնով նվաճած փառավոր հաղթանակը։ Մեր բանակի կայացման մեջ մեծագույն ներդրում ունեցած գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը վրդովված ասում է. «.․․եւ ովքեր էին Ադրբեջանի հետ բանակցողները.․․»։ Տեսեք՝ ինչպես է օգտագործում իր շանսը Ալիեւը։ Իսկ էս խաղաղասերի համար նախընտրելին ընդամենը հրադադարն էր։

Նրան փոխարինած Ռոբերտ Քոչարյանը քաղաքական եւ իրավական գնահատական չտվեց նախորդ համակարգին՝ թերեւս կանխատեսելով բումերանգի անխուսափելիությունը (նույն տրամաբանությամբ գործեց նաեւ Սերժ Սարգսյանը)։ Եվ ամենաթողության արագություն վերցրած թափանիվն իներցիայով շարունակեց ավերիչ ընթացքը։ Քաղաքական հաշվեհարդարները չվերացան, զոռբայությունը չպակասեց, իրավական համակարգը մինչ օրս էլ զանգերի գերին է։
Սերժ Սարգսյանն իշխանության չեկավ՝ Հայաստանն օրենքի, արդարության երկիր դարձնելու առաքելությամբ։ Հասարակությանը հյուծող, դեգրադացնող արատածին մետաստազները տարածվեցին ամենուր։ Սուտն ու կեղծիքը, կաշառքն ու հովանավորչությունը շարունակեցին ծաղկել։

Վերջապես հայտնվեց երկարատեւ սպասված «փրկիչը»։ Անբարոյականության վերելքն աննախադեպ չափեր ընդունեց, ու եղավ անխուսափելին՝ հայտնվեցինք ճահճափոսում, եւ ինչքան շատ ենք աջ ու ձախ խփվում, այնքան խորն ենք թաղվում։

Ի սկզբանե էր բանը

Այս տարվա հունվարի 10-ին «տարօրինակ» զուգադիպությամբ Երեւանում ու Բաքվում հարցազրույց էին տալիս Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը, ինչը նման էր հանձնում-ընդունում առօրեական գործընթացի։ Մեկը խաղում էր կտրիճ մաչոյի, մյուսը՝ սրա պահանջներն արդարացնողի դերը։ Ուրիշներին թողնելով վերլուծելու այս եւ այն կողմից հնչած սկանդալային հայտարարությունները՝ ուշադրություն հրավիրեմ առյուծ կտրած Իլհամի այն հոխորտանքին, որ տեղահանված ադրբեջանցիները պետք է վերադառնան հայաստանյան իրենց նախկին բնակավայրերը։ Մի՛ քմծիծաղեք, սա ցնդաբանություն համարելուց առաջ մտաբերեք նրա խոսքի եւ գործի միջեւ եղած հետեւողական կապը։ Նա, որպես կանոն, իր խաղաքարտերը չի թաքցնում (իհարկե, գիտենալով, թե ում հետ գործ ունի.․․)։

Արցախյան առաջին պատերազմից հետո ինքս ինձ հարցնում էի՝ ազերիներն աննկատ էքսպանսիայի էին ենթարկել համարյա ողջ Հայաստանը, բազմանում էին ճագարի փութաջանությամբ, բարեբեր հողերն իրենցով էին արել, ոչ մեկին չոռ ասող չկար, էլ ինչների՞ն էր պետք պատերազմը։ Որեւէ մեկի մտքով անցե՞լ է, թե ինչպես կարող էր Հայաստանում այդքան ադրբեջանական անվանումներով գյուղեր, նույնիսկ շրջաններ լինել (է՛լ Դոստլու, է՛լ Ղամարլու, է՛լ զահրումարլու.․․)։ Մինչ օրս էլ Քարվաճառը մեզ համար, չգիտես ինչու, Քելբաջար է։ Այսօրվա Սախարովի հրապարակն Ազիզբեկովի անունով էր կոչվում։ Մեր բնակչության զգալի մասը ռադիոընդունիչներով, իսկ ջահելները՝ փողոցում շրջելիս, «Սպիդոլաներով» դրանց մուղամներն էին լսում։

Ինձ համար ինչ-որ տեղ հասկանալի է՝ «ժողովուրդների անխախտ բարեկամության» մասին սովետի քարոզն իր սեւ գործն արել էր, բայց ինչո՞ւ էինք մենք այդչափ «կաթոլիկ».․․ Երգարվեստում ունենալով այնպիսի ադամանդներ, ինչպիսին Օֆելյա Համբարձումյանն էր, Հովհաննես Բադալյանը (ո՞ր մեկին ասես), ինչո՞ւ էինք գժվում Զեյնաբ Խանլարովայի կլկլոցի համար։

Մի դեպք հիշեցի։ 80-ականներն էին։ «Գարուն» ամսագրի նախկին խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանի հետ վերադառնում էինք Խոր Վիրապից (հետագայում նա գրեց «Արարատյան երկիր» վիպակը)։ Մտանք «Հայկական խոհանոց» կոչվող մի ռեստորան։ Ամեն ինչ, ինչպես ջահելները կասեն, օքեյ էր, երբ հանկարծ երաժիշտներն ադրբեջանական ինչ-որ մուղամ զլեցին։ Մերուժը Մերուժ չէր լինի, եթե կուլ տար անպատվությունը։ «Որեւէ մեկը պատվիրե՞լ է էդ երգը»,- հարցրեց։ «Չէ»,- անվրդով ասաց նրանցից մեկը։ «Բա ո՞ւմ համար եք կոկորդներդ պատռում»,- նա կատաղել էր։ Բանը չհասավ տուրուդմփոցի, բայց երաժիշտներն այդպես էլ չհասկացան, թե որն էր իրենց մեղքը։ Ու հիմա կրտսեր Ալիեւն ուզում է ուղղել հոր՝ Հեյդարի սխալը՝ «խաղաղ» ճանապարհով գրավել տեր չունեցող Հայաստանը։

Նիկոլի «առեղծվածը»

Փողոցե փողոց ընկած ջահելների խումբը բղավում էր՝ ելք կա՞, ու իրենք էլ պատասխանում էին՝ կա՛ ելք։ Եվ երկիրը վարակվեց անհասկանալի վիրուսով։ «Համաճարակի» դեմն առնող չկար։ Զարմանալի հեշտությամբ Սերժից ազատվեցինք ու․․․ «ելքի» խերը տեսանք։ Հազարամյակների փորձություններ անցած հայ տեսակն այսօր կանգնած է լինել-չլինելու դիլեմայի առաջ։
«Ժողովուրդն իմաստուն է»,- հարթակներից «վարակվածներին» շողոքորթում էին ջահել բջերը, նույնը կրկնում էր նաեւ ընդդիմություն ասվածը։ Եվ հիպնոսված «իմաստուն» ժողովուրդը խորը քուն մտավ.․․ «Ժողովրդին կարելի է հնազանդ դարձնել, բայց իմաստուն՝ երբեք»,- համոզված է Կոմֆուցիոսը, եւ դժվար է չհամաձայնել նրա հետ։ Օրինակնե՞ր՝ խնդրեմ։ Սեփական ժողովրդի հանդեպ բռնաճնշումներով, գնդակահարություններով հայտնի Ստալինի անունը տալով՝ հարյուր հազարավոր զինվորներ եւ սպաներ անհավանական սխրանքներ էին գործում՝ նացիստական Գերմանիայի դեմ պատերազմում։ Եվ երբ Չարենցի բնութագրմամբ՝ «նեղճակատ կինտոն» մահացավ, միլիոնավոր սովետական մարդիկ անկեղծորեն սգում էին իրենց դահճի կորուստը։ Իսկ քաղաքական խրտվիլակ Բրեժնեւին 17 տարի շարունակ քծնում ու փառաբանում էին մեր ու մանուկ, գիտնական ու կթվոր.․․ Արժե՞ շարունակել:

Ոչ ոք չի հասկանում Նիկոլի «անսասանության» առեղծվածը։ Էլ՝ որ դրսի ուժերի հովանոցի տակ է, որ երկիրն աճուրդի հանելով է պահում աթոռը, էլ․․․ Չբացառելով տասնյակ վարկածները, խոստովանենք նաեւ, որ նա ոսկերչական ճշգրտությամբ կարողանում է (նույնիսկ զավեշտի հասնող արդարացումներով) միշտ ջրից չոր դուրս գալ։ Եթե պետք է՝ ցուցարարներին դաժան ծեծի է ենթարկում, բանտերը լցնում, պետք է՝ թույլ է տալիս, որ Բաղրամյան պողոտայում վրաններ խփեն-«տնավորվեն»։ Հաշվարկը պարզ է՝ մաշել ընդվզման ալիքը, հուսահատեցնել մարդկանց, համակերպել ցավոտ իրողությունների հետ։ Ի՜նչ հունար պիտի ունենա մարդը, որ իր հրաժարականը պահանջող ակադեմիային, եկեղեցուն, մտավորական կոչված զանգվածին, նախագահին, սփյուռքին, նույնիսկ ԳՇ-ին, բոլորին իրենց «տեղը նստեցնի»։ Նա կարողացավ կոտրել ամենազոր թվացող Գագիկ Ծառուկյանին, ով երդվել էր «մինչեւ վերջ գնալ»՝ նույնիսկ ունեցվածքը կորցնելու գնով։ Բայց նա ժամանակին հասկացավ (ճիշտը՝ հասկացրին), որ իր խոսքը կարող է եւ գործ չլինել, եւ ընտրակեղծիքի հետ կապված նրա քրգործն անմիջապես հօդս ցնդեց։ Ճնշումներից ու բանտարկությունից հետո, փառք Աստծո, նա արագ վերադարձավ տիրակալի իր նախկին քայլվածքին.․․ Հիմա от и до վայելում է վարչապետի բարեհաճությունը (նույնիսկ կորոնավիրուսի պատճառով նրա «Շանգրիլա» խաղատան կրած ահռելի վնասը ժողովրդի հաշվին փոխհատուցվեց)։

Ինչ ուզում ես, ասա՝ «հալալ» ա Նիկոլին.․․ 

Նա միանձնյա, երկրի համար ճակատագրական որոշումներ է կայացնում․ «Մենք կողմ ենք Թուրքիայի հետ սահմանի բացմանը», «Հայաստանն ընդունում է Ադրբեջանի առաջ քաշած պայմանները» եւ այլն։ «Մենքն» ու «Հայաստանը», իհարկե, ինքն է։ Ասում է վստահ, անառարկելի տոնով, որովհետեւ ընդդիմության ատամները մեկ առ մեկ հաշվել է, որովհետեւ գիտե՝ հասարակությունը մարսելու խնդիր չունի․․․

Ոչ ոք այդպես էլ հարց չտվեց Նիկոլին՝ լավ, էդ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որ աջ ու ձախ, ըստ ամսաթվերի տարածքներ պիտի հանձնեիր, ինչո՞ւ մոռացար մեր գերիների վերադարձի կոնկրետ ժամկետը նշել։ Ինչո՞ւ ազերի գերիներին, նույնիսկ մարդասպաններին, հապճեպ նվիրեցիր թշնամուն։ Եվ հետո՝ ի՞նչ երաշխիք ունեիր, որ մեկ տարի առաջ մեր տղաներին հորդորում էիր՝ մեկ-երկու ամիս էլ համբերել։

Ուզենք թե ոչ, պետք է ընդունել, որ Նիկոլը տաղանդավոր, կասեի՝ հանճարեղ «ֆռռացնող» է։ Մտեք պատմության խորխորատները եւ չեք պեղի նրան արժանի որեւէ մրցակցի։ Զարմանալին այն է, որ դրսում նա դառնում է անճարակ ու խոցելի։ Հիշողությանս մեջ դաջվել է Ալիեւի հետ նրա մյունխենյան հանդիպումը (դեռ 44-օրյան չէր եղել)։ Նստել էր՝ ձախ ուսը կախ, ընկողմանած ու իր տկար անգլերենով պատմում էր Տիգրան Մեծից, իսկ ազերի ԱԳ նախարար Մեմեդյարովը քահ-քահ ծիծաղում էր՝ թքած ունենալով դիվանագետի իր կոչման վրա։ Նիկոլին շատերն են քարկոծել, բայց անսպասելի էր ԼՏՊ-ի՝ նրան (ինչպես ընդունված է ասել՝ իր հոգեզավակին) ուղղված «ազգադավ պատուհաս» գնահատականը։ Այդ օրը ձախ ոտքի վրա՞ էր արթնացել, թե՞ էլի ինչ-որ բան գիտեր.․․
Ենթավերնագիրը բնավ էլ չի ենթադրում, թե ես հավակնել եմ բացահայտել Նիկոլի «առեղծվածը»։ Կարծում եմ, մեզ՝ ավագ սերնդիս, վիճակված չէ դրա վկան լինել։

Շարունակելի
Սիմոն Հակոբյան