Ինչու կազմակերպվեց «Համեր» օպերացիան, եւ ինչպես այն օգտագործվեց

Ինչու կազմակերպվեց «Համեր» օպերացիան, եւ ինչպես այն օգտագործվեց

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ, հետաքրքիր հետեւությունների տեղիք է տալիս: Իոաննիսյանը Հայաստանի իշխանությանը, ըստ էության, մեղադրում է առնվազն ոստիկանությունում ճորտատիրական համակարգ ստեղծելու մեջ, որտեղ ոստիկանը չի ծառայում օրենքին, այլ ծառայում է վերադասի քմահաճույքներին, ոստիկանությունում մարդկանց ընդունում եւ կոչումներ են շնորհում ոչ թե ըստ արժանիքների, այլ ԽԾԲ-ով, ոստիկաններն աչք են փակում այլ ոստիկանների եւ ուժային կառույցների կողմից իրականացվող ՃՏԽ-ի նկատմամբ, փաստացի՝ օրենքները վերաբերում են միայն շարքային անպաշտպան քաղաքացիներին, ոստիկանությունը եւ ընդհանրապես՝ իրավապահ մարմինները չեն պայքարում հանցավորության դեմ եւ նույնիսկ հանցագործություն նկատելիս աչք են փակում, հանցագործին մեջքով շրջվում: Արդյոք Իոաննիսյանը հասկացել ու զղջո՞ւմ է, որ գրեթե 5 տարի պաշտպանել եւ աջակցել է մի ռեժիմի, որը նման արատների կրող է, թե՞ ուղղակի իր հոգեզավակը համարվող պարեկային ծառայությունից է հրաժարվում, որ սրանից հետո պարեկայինում ինչ կատարվի, «ես դրա տերը չեմ, դրա պատասխանատուն չեմ»: Հակված եմ երկրորդ տարբերակին՝ Իոաննիսյանը չի դադարի գործող ռեժիմի բացահայտ եւ քողարկված աջակիցը լինելուց, անգամ եթե հրաժարվում է պարեկային ոստիկանության նկատմամբ պատասխանատվությունից:

Իոաննիսյանի գրառումը նաեւ այլ շերտ ունի. պարեկային ոստիկանության ղեկավարն ազատվեց աշխատանքից օրեր առաջ Հանրապետության հրապարակում «Համեր» օպերացիայի ժամանակ պարեկների դրսեւորած ոչ ագրեսիվ պահվածքի պատճառով: Պարեկները չպայթեցրին «Համերը», ժանրի կանոններով՝ վարորդին ծեծի չենթարկեցին ու ասֆալտի վրա արյունլվա չարեցին, ինչպես կանեին ոստիկանության հատուկ ջոկատայինները: Իոաննիսյանի ասածն այն է, որ պարեկների կիրթ եւ զուսպ պահվածքն օգտագործվեց ծառայության պետի ազատման համար: Ստացվում է, որ «Համեր» օպերացիան ընդամենը առիթ էր՝ պարեկային ծառայության պետից ազատվելու համար, իսկ պատճառներն ավելի խորքային էին: Իսկ գուցե «Համեր» օպերացիան ինքնաբուխ չէր, կազմակերպվել էր հենց պետին աշխատանքից ազատելու համար: Չէին կարող, չէ՞, հենց այնպես վերցնել ու ազատել Արթուր Ումրշատյանին, ով, ի դեպ, ուներ Իոաննիսյանի նման հենարան: Դրա համար պետք էր ազդեցիկ հիմնավորում՝ պարեկային ոստիկանությունը չի արդարացնում սպասելիքները, չի կատարում իր առջեւ դրված խնդիրները:

Երբ համացանցում նայում էի «Համերի» արկածները Հանրապետության հրապարակում, ապշեցի վարորդի պրոֆեսիոնալիզմով, նա այնպես պրոֆեսիոնալ էր վարում մեքենան, որ հնարավորինս քիչ մեքենաների վնասի, որ որեւէ ոստիկանի կյանքին չսպառնա: Հետո գրեցին, որ նա եղել է թմրանյութի ազդեցության տակ, ինչ-որ կերպ պետք էր բացատրել վարորդի քայլը: Թմրանյութի ազդեցության տակ լինել՝ նշանակում է հաշիվ չտալ սեփական գործողությունների համար:

Իշխանությունն ուզում էր ասել, որ «Համերի» վարորդ ուղղակի անջատված, ինչ-որ գործողություններ է արել, բայց ինչո՞ւ հենց Հանրապետության հրապարակում, ինչո՞ւ է Արարատի մարզից հասել Երեւան, հրապարակ եւ նոր սկսել անկանոն մեքենա վարել: Ինչո՞ւ Արարատից մինչեւ Երեւան որեւէ վթարի կամ պատահարի պատճառ չի դարձել, չլինի՞ թե թմրանյութը միայն Հանրապետության հրապարակում է ազդել, թե՞ նա հենց հրապարակում է թմրանյութ օգտագործել: Իսկ գուցե ոչ մի թմրանյութ էլ չի օգտագործել, եղել է սթափ եւ կառավարել է իր գործողությունները, գործել է նախապես պլանավորված սցենարով: «Համերի»՝ Հանրապետության հրապարակում հայտնվելու եւ նման աժիոտաժ ստեղծելու Դանիել Իոաննիսյանի բացատրությունը կիսատ է: Նա պատկերավոր բացատրել է, թե ինչ է տեղի ունենալու պարեկային ծառայությունում նոր ղեկավարի նշանակումից հետո: Բայց ոչ միայն: 

Ես առնվազն երկու տասնյակ երկրի մայրաքաղաքներում եմ եղել ու տեսել եմ, թե ինչպիսի տեսք ունեն այդ երկրների կենտրոնական հրապարակները: Իմ տեսած երկրներից եւ ոչ մեկի կենտրոնական հրապարակը չի հիշեցնում ոստիկանական զորամաս՝ բաց երկնքի տակ, մասսամբ՝ ոստիկանական մեքենաների սրահ: Հատուկ հաշվել եմ Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենքի շրջակայքում կայանված ոստիկանական տարբերանշաններով մեքենաների թիվը` երկու տասնյակից ավելի, ընդ որում մի մասը՝ միկրոավտոբուսներ: Կառավարության շենքի պահպանությունն իրականացնում է 200-ին մոտ ոստիկան: Երբեք չի եղել, որ Հանրապետության հրապարակում այսքան թվով ոստիկաններ լինեն, նրանց քանակը գերազանցում է քաղաքացիական բնակչությանը: Կառավարության շենքն իր վանդակաճաղերով ավելի շատ սկսել է նմանվել գաղութի կամ համակենտրոնացված ճամբարի, որովհետեւ ճաղերը դրված են ներսից, իբրեւ թե շենքի ընդհանուր տեսքը չփչացնելու համար, բայց կողքից նայողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ դրանք դրված են ոչ թե շենքն արտաքին միջամտությունից պաշտպանելու, այլ ներսում գտնվողների փախուստը կանխելու, ազատ աշխարհ դուրս գալու հնարավորությունից զրկելու համար: Որ շենքում գտնվողները մշտապես գիտակցեն, որ գտնվում են փաշինյանական կալանավայրում:

«Համեր» օպերացիան Փաշինյանին օգնում է արդարացնելու, թե ինչու է Հանրապետության հրապարակում կենտրոնացրել ոստիկանության տարբեր ծառայությունների այդքան մեծ թվով ներկայացուցիչների: Չի կարող նա ասել, որ անվերջ անհանգստանում է իր անվտանգության համար եւ այդ անհանգստությունը մեղմում է պատուհանից դուրս նայելով եւ հրապարակում հարյուրավոր ոստիկաններ տեսնելով: Որքան շատ ոստիկան, այնքան պաշտպանված ու այնքան ավելի ապահով: Փաստացի Հայաստանում ոստիկանությունը գոյություն ունի ոչ թե հասարակական անվտանգության ապահովման, այլ Փաշինյանի ներքին վախերն առժամանակ չեզոքացնելու համար: Այնպես որ, «Համեր» օպերացիան կարելի է գնահատել արդյունավետ՝ այն ծառայեց իր նպատակին:

Ավետիս Բաբաջանյան