Կուշտ փորով գոյատեւող ստրուկի հոգեբանությամբ

Կուշտ փորով գոյատեւող ստրուկի հոգեբանությամբ

Սարսուռ ապրեցի, երբ օրերս Ստամբուլ-Երեւան ինքնաթիռի առաջին չվերթով Երեւան ժամանած՝ ալեխառն մորուսով, պատկառելի դեմքով մի ստամբուլահայ հեռուստաէկրանից բարբաջեց. «Ժամանակն է, որ մենք եղեռնը մոռանանք...», ու բարեկամանալու կոչ հնչեցրեց:

Սարսուռ ապրեցի՝ հիշելով, թե ինչպես Լուսնթագ տատս, երկու ձեռքը վեր պարզած, աղիողորմ անիծում էր. «Տունդ քանդվի, թուրք, ինչ մերը դու քանդեցիր»: Փոքր երեխա, անկողնու մեջ ականջներս սրած, մտածում էի՝ իմ բարի, լավ տատիկն էս ինչո՞ւ է այսպես անիծում: Հետո մեր հարեւան Խանում տատն էր գալիս, քչփչում էին, ու մեկ էլ երկուսով էին ձեռքերը վեր պարզած անիծում. «Տունդ քանդվի, թուրք, ինչ մերը դու քանդեցիր»: Նրանք իրենց գլխին եկածը չէին պատմում, միայն տարիներ անց, երբ երեխայի հետաքրքրությամբ մորս խնդրեցի, որ հարցիս պատասխանի, ասաց. «Խանում տատի ամբողջ գերդաստանը 1915-ին Մուշում կոտորել են, իսկ ինքը՝ միակ երեխայի հետ, հրաշքով է փրկվել ու ոտաբոբիկ Տաճկահայաստանից մեզ մոտ հասել, իսկ իմ հարազատ Լուսնթագ տատի յոթ եղբորը 1918 թվականին Ջաջուռի ձորում բոլոր տղամարդկանց հետ սրախողխող էին արել»:

Հիմա դու ինձ քարոզում ես, որ «եղեռնը մոռանա՞մ», ի՞նչը մոռանամ... Իսկ դու գիտե՞ս, որ կուշտ փորով գոյատեւող ստրուկն է անցյալը մոռանում: Նրանք հիշողությունը կորցնելով՝ մանկուրտ են դառնում: Ես չեմ կարող քո «լեզվով» խոսել, հասկանալ քեզ, Աստված չանի, անգամ ցանկության դեպքում։ 

Երկրիդ դեկավար Էրդողանը գիտե՞ս ինչու է սիրում կրկնել, որ Ստամբուլում 50 հազարից ավելի հայ է ապրում: Դու նրան երբեք չես հասկանա: Չես հասկանա, որովհետեւ «երկնքից իջած» մատաղացու պատանդ ես նրա համար... Ցանկացած պահի ոնց ուզենա, այնպես էլ կվարվի, վկա՝ Հրանտ Դինքի ճակատագիրը: Իսկ եթե կարծում ես, թե դարի հետ նաեւ Թուրքիան է փոխվել, չարաչար սխալվում ես: 

1909 թվականի երիտթուրքերի հեղափոխությունը ողջունող տասնյակ հազարավոր հայեր քո նման համիդյան ջարդերի մոռացության ու բարեկամության կոչեր էին հնչեցնում: Ասում էին՝ սուլթան Համիդը տապալվեց, վերջ՝ հայն ու թուրքն ազատ ու հավասար եղբայրներ են դարձել: Դրանից ուղիղ 6 տարի անց՝ 1915-ին, թուրքական յաթաղանը Բոսֆորի ափերն ու Դեր Զորի անապատները 1,5 միլիոն նահատակների արյամբ ներկեց: 

Կուշտ փորով մոլորված... հայրենակից, ես ինչպե՞ս հավատամ  ուղղորդված մոռացության քո հաշտության կոչին, երբ 44-օրյա պատերազմից հետո երկրիդ ղեկավար Էրդողանն ի լուր աշխարհի հայտարարեց, որ «Էնվերի հոգին փառավորվեց»: Գիտես, չէ՞, որ Էնվերի... Այն Էնվերի, ով մյուս երկուսի հետ հայերի բնաջնջման հրեշավոր պետական ծրագիրը մշակեց, մի ամբողջ ժողովրդի իր բնօրրանում սրի քաշեցին՝ հայտարարելով. «Մի հայ պիտի թողնել, այն էլ՝ թանգարանում»: Հիմա քո լոլոներին ո՞նց հավատամ:

1919 թվականի թուրքական զինվորական դատարանի հունիսի 5-ի վճռով եղերագործներին մահապատժի դատապարտեցին: Եվ ի՞նչ... Աշխարհի «աչքերին» թոզ փչեցին, եւ 21 դատապարտվածներից միայն մեկի վճիռն իրականացվեց, այն էլ՝ Աթաթուրքի վրա մահափորձ կատարելու համար: Իսկ  ոճրագործներին, այդ թվում՝ Թալեաթ, Էնվեր, Ջեմալ եռյակին, մյուսների հետ երկրից փախցրին, ասելով՝ գնացեք մալթաներում առոք-փառոք ապրեք:

Հիմա դու ասում ես՝ եղեռնը մոռանանք: Հրեաները քո չափ խելք չունե՞ն, որ ամեն տարի մոլորակով մեկ հոլոքոստի օր են նշում, այն էլ այն դեպքում, երբ  քաղաքակիրթ Գերմանիան իր մեղքն ամբողջովին ընդունել ու քավել է եւ մինչեւ այսօր հատուցում է։ Նրանք քաջ գիտակցում են, որ հոլոքոստի մոռացությունն իր մեջ կրկնման վտանգ է պարունակում: Իսկ ժամանակակից Թուրքիան յաթաղանն իր կրտսեր եղբորն է փոխանցել, ով նույն ձեռագրով 88-ին Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում հարյուր հազարավոր հայերի ջարդեց ու տեղահանեց: Հիմա քո միջոցով խաղաղասիրական ու բարեկամության ընդհանուր կոչեր է հնչեցնում: Սա արդեն վերջի սկիզբը կարող է դառնալ, Հայաստանի աջարացման կամ վիլայեթ դարձնելու վերջի սկիզբը: Դու դա չես կարող հասկանալ, որովհետեւ դու էն գլխից, ստրուկի հոգեբանությամբ, արդեն իսկ իրենց մեջ ես:
Երեկ կրկնակի ցավ ապրեցի, երբ պաշտոնատար մի անձ հայտարարեց, որ թուրքերն արդեն կադաստրով Հայաստանում օրինականացված բազմաթիվ անշարժ գույք են ձեռք բերել: Կարծում եմ՝ ոչ առանց քո նմանների միջնորդության ու օժանդակության: Դու այն տեսակն ես, որը ջրով լեցուն ամբարտակը կամաց-կամաց քանդելով, նույնիսկ քո կամքից անկախ, կարող է ճանապարհ բացել ու պատառոտելով, իր ճանապարհին եղած-չեղածն ավերելով, կքշի, կտանի...
Դու ստրուկի հոգեբանությամբ գոյատեւելու այն տեսակն ես, որի առաջն առնելն այսօր է պետք, այլապես վաղն ուշ կլինի։

Ռոբերտ Մաթոսյան