Մարզական լրագրողի հուշերից

Մարզական լրագրողի հուշերից

Մեղավոր էին ծխողները

Երեւանի Աբովյան փողոցի միջնամասի պուրակում գործող Ամառային թատրոնի բեմը մի անգամ վերածվել  էր ռինգի` այնտեղ էր անցկացվում բռնցքամարտի ազգային հերթական առաջնությունը։ Կաշվե ձեռնոցի վարպետները միշտ էլ առանձին հարգանք են վայելել այն բանի համար, որ մրցումների ընթացքում երբեմն ծագող վիճելի հարցերը, որպես կանոն, լուծում էին ջենթլմենական մակարդակով. կողմերը երբեք քմահաճություն չէին դրսեւորում, իրենց թույլ չէին տալիս դիմելու այնպիսի միջոցների, ինչպիսիք ընդունված են գործի դնել միայն ռինգում։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ այս անգամ, զարմանալիորեն բոլոր նորմերից դուրս էր... Բանն այն է, որ երբ ավարտվեց մենամարտերից մեկը, եւ հայտարարվեց հաղթողի անունը, ռինգի շուրջ ասես սեւ ամպեր կուտակվեցին։ Նախ, անսպասելի իրարանցում ու քաշքշուկ սկսվեց, ապա` գոռգոռոցներ՝ մարտավկա-մարզիչների մասնակցությամբ, իսկ հետո՝ հայհոյախառն  վիրավորանքներ երկու կողմից, ինչը շուտով վերածվեց տուրուդմփոցի, օդում սկսեցին թափահարել մրցավարների աթոռները... Մի խոսքով, հանդիսականների առջեւ բացվել էր ահավոր մի տեսարան։ Դժվար էր երբեւէ նման տեսարան պատկերացնել հանրապետական մակարդակի որեւէ մրցասպարեզում։ Բայց ամենազավեշտալին այն պահն էր, երբ այդ չնախատեսված «ռաունդի» ամենաթեժ պահին, կռիվ-ղալմաղալը փորձեց «լռեցնել» հաղորդավարի զայրացած հորդորը.
- Ընկերնե՛ր, դահլիճում մի ծխեք...

Յաշինը շփոթվեց

Որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի քարտուղարի պարտականությունները կատարող (հասարակական կարգով)՝ 80-ականներին առիթ եմ ունեցել հանդես գալ տարբեր համամիութենական քննարկումներում։ ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայի մոսկովյան նիստի ժամանակ, որին ներկա էին օլիմպիական խաղերի եւ Եվրոպայի չեմպիոններ Ն. Սիմոնյանը, Լ. Յաշինը, Վ․ Կոլոսկովը, Ա. Պարամոնովը, Վ. Իվանովը եւ ուրիշներ, տեղի ունեցավ մի զվարճալի դեպք։ Երբ, որպես Հայաստանի պատվիրակ, ավարտեցի զեկուցումս, հերթը հասավ հարցերին։ Առաջինը խոսք խնդրեց ժամանակին աշխարհի թիվ 1 դարպասապահի  պատվավոր անվանն արժանացած Լեւ Յաշինը. 
- Դուք խոսեցիք ձեզ մոտ կանոնավոր կերպով կազմակերպվող հուշամրցաշարերի  մասին, ինձ անկեղծորեն զարմացրեց այն, որ, չգիտես ինչու, մոռացության եք մատնել Ալեքպեր Մամեդովին (ժամանակին այդ բաքվեցին հանդես է եկել նաեւ Մոսկվայի «Դինամոյում», որի  դարպասապահը հենց ինքը՝ լեգենդար Յաշինն էր)։
Հարցն անսպասելի ու տարօրինակ էր եւ նիստի  մյուս մասնակիցների շրջանում առաջացրեց անթաքույց քմծիծաղ ու զարմանք։ 
-  Լեւ Իվանովիչ, ախր, ես ներկայացնում եմ Հայաստանը, ի՞նչ կապ ունի այստեղ Մամեդովը,- եղավ իմ արձագանքը։ 
Յաշինն ուշքի եկավ, արագ կողմնորոշվեց եւ, ձեռքերը վեր բարձրացնելով, հասկացրեց, որ շփոթել է...

Ուրախ հարսանիք

Սովետների տարիներին ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաներ էին անցկացվում՝ 4 տարին մեկ, ամռանը, բոլոր 15 հանրապետությունների, ինչպես նաեւ Մոսկվա, Լենինգրադ քաղաքների  հավաքականների մասնակցությամբ։ Շուրջ 2 շաբաթ գլխավոր մայրաքաղաքի գրեթե բոլոր խոշոր ասպարեզներում անցկացվող մրցումներն աչքի էին ընկնում բավականին սուր եւ անհաշտ մրցավեճով։ Ժամանած պատվիրակությունները տեղավորվում էին մոսկովյան բուհերի հանրակացարաններում, իսկ ղեկավարները եւ մրցումները լուսաբանող լրագրողները՝ 5 հազար տեղանոց «Ռոսիա» հսկա հյուրանոցում, որը գտնվում էր  Կարմիր հրապարակից ոչ հեռու։ 1967 թվականին հերթական սպարտակիադան նվիրվեց Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին։ Ամեն երեկո, գործերն ավարտելուց հետո մենք՝ հայաստանցիներս, հավաքվում էինք հյուրանոցի ռեստորանում, սուրճ խմում, կարծիքներ փոխանակում օրվա գլխավոր իրադարձությունների մասին։

Եվ ահա մի օր, երբ վերստին 3-4 սեղան էինք զբաղեցրել, հանկարծ ուրախ աղմուկով ներս խուժեց մի մեծ խումբ։ Սպիտակ համազգեստով սիրունատես մի օրիորդ ու նրան ուղեկցող երիտասարդները տեղ զբաղեցրին դահլիճի գլխամասում, դժվար չէր հասկանալ, որ հարսանյաց հանդես է։ Իսկապես, շատ շուտով սկսվեցին բաժակաճառեր, ապա ահել ու ջահել՝ աշխույժ երաժշտության ներքո, պարերով տարվեցին, տեսարանը բավականին գրավիչ էր։ Իսկ գեղեցիկ հարսնացուն բոլորից շատ գերել էր «մերոնցից» մեկին. որքան հիշում եմ՝ Ժորային։
- Էս ի՜նչ հրաշք աղջիկ է, չեմ դիմանում, ի՞նչ եք ասում՝ չգնա՞մ ես էլ պարի հրավիրեմ դիցուհուն... 
Թվում էր, թե պարզապես կատակ է անում։ Բայց պարզվեց՝ ի՜նչ կատակ, ի՜նչ բան։ Ասաց ու այս թոհուբոհի մեջ վստահ քայլերով շարժվեց դեպի հարսանյաց հանդեսի գլխավոր դերակատարների սեղանը։ Մենք, քար կտրած, հետեւում էինք նրան։ Ինչ ասաց ժպիտը դեմքին, իհարկե, չլսեցինք, սակայն հարսնացուն, ստանալով  սեղանի շուրջ նստածների համաձայնությունը, համարձակ վեր կացավ եւ, առանց այլեւայլության, ձեռքը մեկնեց անծանոթ հյուրին...
Թե ինչ էին միմյանց ականջին փսփսում պարող նորահայտ ծանոթները, գիտեին միայն իրենք։ Բայց երբ լռեց հուզիչ մեղեդին, մեր «պատվիրակը», ինչպես հարիր է իսկական ջենթլմենին, իր զույգին ուղեկցեց մինչեւ սեղանը, գլուխն ակնածանքով խոնարհեց եւ շտապեց դեպի մեզ։ Մենք, կարկամած, դեռ չէինք հասցրել տեղի ունեցածի հետ կապված հարցեր տալ իրեն, երբ դիմեց հյուրանոցի իր սենյակում բնակվող ընկերոջը. 
- Բանալին կտա՞ս։

Սենյակի բանալին ստացավ ու մեր նվաղած հայացքների ներքո չքացավ՝ շտապելով դեպի վերելակ։ Բոլորս կասկածների մեջ ընկանք։ Ուշքի չէինք եկել, երբ տեղի ունեցավ է՛լ ավելի տարօրինակ բան․ տառացիորեն 4-5 րոպե անց մեր զբաղեցրած սեղաններն արագ շրջանցելով՝ նույն ուղին բռնեց նաեւ... անզուգական հարսնացուն։ Շատ էր շտապում՝ երեւի «նշելու» մեծ իրադարձությունը՝ հեղափոխության կեսդարյա հոբելյանը...

Անմոռաց արձակուրդ

Այս արկածային պատմությունը, ճիշտ է, մի փոքր մարզական չէ, բայց, կարծում եմ, արժանի է հիշատակման։ Ջահել էի, 27-28 տարեկան, որոշեցի աշնանային արձակուրդս անցկացնել իմ ծննդավայրում՝ Բաթումիում։ Թեեւ արդեն հոկտեմբերն էր, եւ արեւայրուքի մասին երազելն անտեղի էր։ Լողափ ավելի հաճախ միայնակ էի գնում։ Տեղի ընկերներս համաձայն էին միանալ ինձ սոսկ մի պարագայում՝ երբ ծովն իսկապես ալեկոծված էր լինում։ Նրանք մեծ բավականություն էին ստանում, երբ կարողանում էին ճիշտ պահին սուզվել 4-5 մետր բարձրությամբ փրփրաբաշ ալիքներին ընդառաջ եւ հայտնվել դրանց ետեւում։ Այդ անգամ ծովը խաղաղ էր, լողացողները հատուկենտ էին։

Այդուհանդերձ, հաճելի ժամանակ անցկացրի եւ պատրաստվում էի մարզական թեթեւ համազգեստս հագնել ու բռնել տունդարձի ճանապարհը, երբ ծովի կողմից լսեցի՝ «Помогите, помогите!» կանացի աղիողորմ ճիչը։ Տեսա, թե ինչպես էր մերթ ձեռքերը հուսահատ թափահարելով հայտնվում ջրի երեսին, փրկություն աղերսում, ապա անհետանում, կուլ գնում ծովին եւ հաջորդ պահին նորից հայտնվում։ Մի խոսքով, ակնհայտորեն վերջին ճիգերը գործադրելով՝ պայքարում էր։
Անհրաժեշտ էր առանց վայրկյան իսկ կորցնելու օգնության հասնել, մանավանդ որ տարածությունն ափից շատ հեռու չէր՝ մոտ 20 մետր, շուրջբոլորն էլ ուրիշ մարդ չկար։ Ինձ նետեցի ծովն ու արագ լողալով՝ մոտեցա կնոջը։ Մոտեցա ու մի պահ կանգ առա, ասես հուշող մի ձայն ասում էր՝ «Զգույշ եղիր»։ Մտածեցի, որ ռիսկային է նման իրադրությունում կիպ մոտենալ խեղդվողին՝ նա, բնականաբար, նետվելու էր դեպի ինձ եւ կարող էր ինձ էլ տանել ջրի հատակը։ Բայց երկար մտածելու ժամանակ չկար՝ իսկույն սուզվեցի եւ հայտնվեցի կնոջ թիկունքում։ Թեթեւ ընկղմվելով, ապա 2 ձեռքով հպվելով, կներեք, խեղդվողի հետույքին, սկսեցի նրան հրել վեր ու առաջ, վեր ու առաջ․․․

Նման դժվարին 7-8 փորձերից հետո նկատեցի, որ մոտեցել ենք ափին, տիկինն էլ, որ 40-45 տարեկան կլիներ, ոտքերով արդեն դիպել էր ծովի հատակին՝ այդ էին վկայում նրա չռված աչքերը։ Իսկ երբ, վերջապես, դուրս եկանք ջրից, համոզվեցի, որ, փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ։ Իսկ մի քանի վայրկյան անց, այ քեզ բան, պարզվեց, որ փրկված կինը, դու մի ասա, հայուհի է, երեւանցի, անունն էլ, եթե հիշողությունս չի դավաճանում (քիչ բան չէ՝ 60 տարի է անցել), Կարինե էր։ Այդ իմանալով՝ ակամա, արտակարգ ու անասելի բերկրանք ապրեցի։ Իսկ արտասովոր ծանոթությունը շարունակություն ստացավ Երեւանում։

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ