Հիասթափվածների երկիր Հայաստանս

Հիասթափվածների երկիր Հայաստանս

Օրինաչափ է, որ բնությունը երբեմն-երբեմն պատժում է մարդուն՝ իր հանդեպ գործած զանցանքների ու հանցանքների համար։ Հիմա էլ կորոնավիրուս կոչվածն է աշխարհն իրար խառնել։ Աջ ու ահյակ հնձում է։ Հարուստ ու աղքատ, ծեր ու մանուկ, հիմար ու խելոք չի հարցնում։ Բոլորին քշել է իրենց տները։ Չի ներում հատկապես մեծամիտներին․․․

Շատ է խոսվել մեր «դուխավիկ» իշխանավորների՝ վիրուսի հանդեպ անլուրջ, հեգնական վերաբերմունքի մասին։ Եթե մեր ամենագետ վարչապետը «շան տեղ դներ», արաղի ու պինցետի տեռորով չահաբեկեր նրան ու ետ կանգներ հանցավոր քարոզարշավից, եթե բժիշկներին թեւ ու թիկունք լինելու փոխարեն նրանց նախարարը չխարխլեր առողջապահական համակարգը՝ օպտիմալացում կոչվածով (մենք նույնիսկ գլխավոր համաճարակաբան չունենք), վիրուսն անվտանգ չհամարեր (հետո էլ խուճապահար փաստեր, որ վարակը վերահսկողությունից դուրս է եկել), անկասկած, այլ պատկեր կունենայինք։

Կորոնավիրուսն աշխարհին ի ցույց դրեց, որ մեր ժամանակների իսկական հերոսը բժիշկն է, բուժանձնակազմը։ Մարդկությունն այսօր երախտագիտությամբ ծափահարում է նրանց, ովքեր փրկելով ուրիշներին՝ զոհվում են նաեւ։ Օդում հարցականներ են, անորոշություն։ Օգնության է  հասնում մեր լայվամոլ վարչապետը։ Մեկիկ-մեկիկ ներկայացնում է իր իշխանությունից հիասթափված խմբերին՝ սերժականներ, օլիգարխներ, ռուսամետներ, արեւմտամետներ, եկեղեցականներ, սփյուռք, իրքայլականներ․․․ Տակը մնաց․․․ իրենից արդեն ակնկալիք չունեցող «սիրելի ժողովուրդը»։ Վերջում հոգնում է, խոսքը դառնում անհավես, ու երբ քաղաքացիներիս ուղղում է այնքան բաղձալի՝ «սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ» ձեռքառնոցին, ակամա հիշում ես «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի՝ հարցաքննության ընթացքում ննջող Շերենցին․․․

Օրեր են, կմթնեն, անց կկենան

Կարդում եմ, գրում, մեկ-մեկ էլ քթիս տակ դնդնում Ջիվանու «Ձախորդ օրերը»։ Երբեք այսչափ հեռուստացույց չեմ դիտել։ Էլի եթերը գրավել է վարչապետը։ «Հիասթափվածները» սերիալի երկրորդ մասն է «խոդի գցել»։ Խոսում է եռանդով, երբեմն-երբեմն ժպտալով ու ինքնագոհ ծիծաղելով։ Փոխում եմ ալիքը։ Հնդկական ֆիլմ է։ Խոշոր պլանով՝ տխուր, հիացած, արտասվող դեմքեր։ Հետո նույնը՝ արդեն այլ «ռակուրսներով»։ Ի՜նչ բարեբախտություն․ վերջում պարզվում է, որ հարսիկը փեսայի խորթ մայրը չէ։ Մյուս ալիքով հայտնի Մկոն եւ ուրիշներն են՝ հումորային ծրագրով։ Հաջորդ ալիքով համանման մի խումբ է՝ նույն առաքելությամբ։ Եվ եթե «տակից» ուղեկցող ծափ ու ծիծաղ չլսես, չես «բռնի» հումորի պահը։ Լուրերից իմանում եմ, որ Թրամփի երկիրը վիրուսով վարակվածների եւ մահացածների թվով առաջինն է աշխարհում։ Չինաստանն ու Թայվանը հաղթել են վիրուսին։ Մեզ մոտ վարակվածների թիվը մոտենում է 3 հազարին։ Իսկ ես վարակված չե՞մ։

- Չէ,- հանգստացնում եմ ինձ,- պրն Ծառուկյանն ասում էր, որ բարի մարդկանց չի կպչում էս վիրուսը։ Իսկ ես կարծես թե չար մարդ չեմ, ուրեմն, անհանգստանալու բան չունեմ։ Հիշում եմ ԿԳՄՍ նախարարի՝ մեզ նվիրած թովիչ ժպիտը՝ հո չե՞ք փռշտում։  

- Բերանդ խերով բաց արա, շեֆ ջան,- ուշացած արդարանում եմ ես,- վերջին անգամ հեղափոխության օրն եմ հարգելի պատճառով փռշտացել։

Իրար ետեւից փոխում եմ ալիքները։ Մի տեղ Խաչիկյանը միս է խորովում, մի ուրիշ տեղ Գլումովի «Մամայի եփածն ուրիշ է» հաղորդման հյուրերն են ինքնամոռաց «տժժում»՝ մե գոռոց, մե բոռոց։ Ուրիշ թեմա չկա՞։ Հայտնվում ենք Մամուլյանի «Արարատյան խոհանոց»-ում։ Սա վերջը չէ։ Ունենք նաեւ «Համի ուժը», «Ինչ եփել այսօր», «Քաղցած սպասում են» (այստեղ էլ են մանղալի շուրջ հավաքվել՝ ձեռքի հետ «փիլիսոփայելով»)․․․ Եվ այսպես ամեն օր՝ ստամոքսի կտտանք պատճառելով հազարավոր սոված ընտանիքների։ Եվ զավեշտը՝ չեն մոռանում «բարի ախորժակ» մաղթել բոլորիս։
Շարունակենք փոխել ալիքները։ Հայրենական սերիալներ են։ Խանդի անհեթեթ տեսարաններ, «լաչառ» աղջիկներ, գողական կամ սեթեւեթող ջահելներ, լացուկոծ, «գոլդ» համարներով սուպերավտոներ (նույնիսկ ապրիլի 24-ի երեկոյան «Սիրուն Սոնա» էր «գնում»)։ Ահա եւ, ինչպես հաղորդավարը չի ալարում կրկնել, «երկրի թիվ 1 թոկ-շոուն» է՝ «Կիսաբաց լուսամուտները»։ Չէ, սրան չեմ դիմանա․․․ Շրջանցելով թռչկոտող «աստղերի» սիրատոչոր երգերը (սիրտս՝ սրտիդ, շունչս՝ շնչիդ եւ այլն)՝ ասեմ, որ դիտարժան էին «Օրախնդիր», «Աշխարհի հայերը», «Փոքրիկ մեծեր» եւ «Մեծ փոքրիկներ» եւ էլի մի քանի հաղորդումները։

Մյուս ալիքներով կա՛մ Փաշինյանն է խոսում, կա՛մ նրա մասին են խոսում։ Զարմանում ես՝ որտե՞ղ է նա ձեռք բերել ֆինանսական, տնտեսագիտական, բժշկական, գյուղատնտեսական, իրավաբանական (չթվարկեմ) հիմնարար գիտելիքներ, երբ, խոսքը մեր մեջ, նույնիսկ լիարժեք բուհական կրթություն չունի, երբ բանակային նորմալ ծառայություն չանցած մարդն ինչ-որ պահի (Աստված չանի) կարող է ռազմական գործողություններ ղեկավարել (Օտյանն ի՞նչ գիտեր, որ 2018-ի ապրիլ է լինելու, եւ վերցրեց ու գրեց «Ընկեր Փանջունին»․․․)։
Ի՞նչ ասես, վարակի այս աղետալի օրերին անգամ նա չի փոխում իր «խաղացանկը»։ Էլի 7 երգը՝ «վնգստացող», «վեշերները հավաքող» դատավորների, «կորոնավիրուսային» ՍԴ-ի, նախկին թալանչիների, դավադիրների եւ այլոց մասին։ Արդեն ձանձրալի է դառնում։ Բայց, սպասեք, նորություն էլ կա։ Պարզվում է՝ Ցեղասպանության միջոցառումները կազմակերպելիս նախկինները (մեղա՜, մեղա՜) չեն խորշել «ատկատներից»։ Եվ մյուսը՝ չգիտես ինչու, «սամասուդ» չեն արել թալանչիների նկատմամբ։

Սա, ինչպես ասում են, արդեն վերջն է։ Մարդը դիվային հաճույք է ստանում իր աստանդական մտքերից։

Հիմա գանք նրա մասին խոսողներին։ Այն տպավորությունն է, որ Փաշինյանի թիմը վախենում է եթերից, բանավեճից, որովհետեւ ինչ ասում են՝ դառնում է ծաղրի թեմա (օրինակ՝ նրա պատգամավոր աներորդին միամիտ պողոսներիս համոզում էր, որ իրենք ոչ թե պարգեւավճար են ստանում, այլ՝ հավելավճար, ինչը որքան սուտ է, նույնչափ եւ ճիշտ․․․)։
Իսկ Փաշինյանի ու իր թիմի վրա քար նետողների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, էլ չենք խոսում ՀՀԿ-ի պրոֆեսիոնալ «շեփորահարների» մասին (վերջիններին ինչպե՞ս հասկացնես, որ իրենց ապօրինի ու երախտամոռ զավակն է այս համակարգը)։ Հաճախակի եթերում հայտնվող Դ․ Շահնազարյանը, Գ․ Իսագուլյանը, Մ․ Մինասյանը, Գ․ Եղիազարյանը, Վ․ Ավետիսյանը (շատ են) Փաշինյանին մեղադրում են նույնիսկ պետական դավաճանության մեջ, իսկ ինքը մուշ-մուշ քնել է սապատավորի ականջում։
                            
«Մուտանտներն» ու «զոմբիները»

Վերջերս, երկար լռությունից հետո, Ալվարդ Պետրոսյանն ինքնատիպ գրողական հնարքներով գովերգում էր 2 նախկին նախագահներին։ Նրանց ոչ մի զանցանք չհիշեց, հերոսներ են եւ վերջ։ ԱԺ-ում մեծ մասը մուտանտներ են, չէ՛, զոմբիներ, եւ կապ չունեն այս երկրի հետ։ Համարյա նույնը կրկնեց Քոչարյանի նախկին խորհրդական, մեր տաղանդավոր բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։
Հարց․ այդ «զոմբիներից» շատերը ո՞ր իշխանության օրոք են խուսափել զինվորական ծառայությունից, ո՞ր դպրոցներն ու բուհերն են նրանց դարձրել զոմբի։ Չե՞ք կարծում, որ դուք էլ մեղքի ձեր բաժինն ունեք նրանց բուծելու հարցում: Նրանք Վեներայից  հո այսօր վայր չընկա՞ն։ Ներեցեք, հարգելի գրողներ, բայց ես երկրի, պետականության կորստի հեռանկարով մտահոգ մտավորականի ցավ չզգացի ձեր խոսքում, մերօրյա Պյուռոսին դարձի բերելու, ազգային համերաշխության հրամայականի կոչող հեղինակավոր, ազդու խոսքը չլսեցի։ Ինչքա՜ն է զգացվում Թումանյան մարդ տեսակի կարիքն այս օրերին․․․

Ամենանախկիններից Արա Սահակյանը գտնում է, որ Վանո Սիրադեղյանին «կորցնելու» հարցում բոլորս ենք մեղավոր։ Կոնկրետ ես ընդունում եմ իմ մեղքը, որ մոտ 10 հոդվածներով (այդ թվում՝ սպանություններ) մեղադրվող մարդու համար մատս մատիս չտվեցի՝ հայրենիքից չփախչելու հարցում։ Ի դեպ, այս խնդրի շուրջ խոսելիս, ի պատիվ Ալվարդ Պետրոսյանի, նա ասում է՝ այն դժնդակ տարիներին հայրս գիտեր, որ հանիրավի ձերբակալվելու է, բայց արտերկրից վերադարձավ հայրենիք․․․

Հակիրճ լուրեր

Թրամփը մեղադրում է Չինաստանին, Բելառուսում «Բատկան» շաբաթօրյակ է անցկացնում, Փաշինյանը պատրաստվում է կոտրել կորոնավիրուսի ողնաշարը, երգչուհի Վերա Բրեժնեւան մորեմերկ նստել է պատուհանագոգին եւ մարդկանց հորդորում է մնալ տանը, «Քաղաքացու օրը» «ջրվել» է, Փաշինյանն իր «կոնդակով» հայրենասեր մարդկանց կոչ է անում օգնել իրենց հարեւաններին՝ կոմունալ վճարումների հարցում։
Մարզական։ Նախնական մենամարտերում դժվարությամբ հաղթահարելով Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպումները՝ եզրափակիչում Ալեն Սիմոնյանը գլխի դիպուկ հարվածով կոտրել է ադեկվատցի Արթուր Դանիելյանի քիթը եւ երախտիքի խոսք հղել իր երկրպագուներին՝ բարոյական աջակցության համար։ 
Սասունն ասելիք չունի՞ Լավրովին
Լրագրող աղջիկը Սասուն Միքայելյանին խնդրում է մեկնաբանել Լավրովի հայտնի հայտարարությունը։ «Հարցազրույց չեմ տալիս»,- «չորում» է քաղաքական գործիչը (թե չէ՝ Լավրովի պորտը տեղն էր դնելու) եւ ձեռքերը մեջքին հանգուցած՝ Անդրանիկ Քոչարյանի հետ ինքնագոհ հեռանում։

Դե արի ու մի ասա՝ հարկատուիս հաշվին միլիոններով փող ես ստանում, որ ձեռքերդ մեջքիդ դրած ճեմե՞ս ԱԺ միջանցքներում, վախենաս ինքնուրույն միտք հայտնել։ Ախր, ի՞նչ ասի ԵԿՄ նախագահը, ով արցախյան հաղթանակը ստորադասում է հեղափոխություն կոչվածին։ Նույնիսկ վարչապետը չի համարձակվում անդրադառնալ Լավրովի հայտարարությանը՝ խղճուկ եւ զավեշտալի բառախաղերով խուսափելով կոնկրետ պատասխանից։
Իսկ արտգործնախարարի խոսքից սատանան գլուխ չի հանի։ «Կլասիկ» դիվանագետի կերպար՝ ասել ամեն ինչ եւ՝ ոչինչ։ Այդպես էլ ոչ ոք չհասկացավ Լավրովի հայտարարության նրա մեկնաբանությունը։ «Մեր դաշնակցային ջերմ հարաբերությունները․․․»։ Այս ոճով։ Իսկ մենք ուզում ենք, որ Սասունը կարծիք հայտնի։ Նույն Սասունը, ով Երկրապահի օրը նշանավորեց, ինչպես պատիվ կբերեր այդ կառույցի առաջնորդին, ԱԺ-ում քաջաբար հարձակվելով «հոպար» Էդմոն Մարուքյանի վրա։

«Վեշերը»  հավաքելու ժամանակը

Հայտնի չէ, թե որքան կտեւի այս համընդհանուր աղետը, դեռ որքան մարդ վարակի զոհ կդառնա։ Ակնհայտ է մի բան, որ կորոնա կոչվածը նաեւ թեստավորում է մեր արժեհամակարգը; Ինչո՞ւ է վարչապետը վստահ, որ, օրինակ ես, հիասթափված չեմ իրենից։ Հիասթափեցնելու հերթն իմն է։ Չթաքցնեմ, ես էլ ակնկալիքներ ունեի նրանից։ Չէ, պաշտոն, արտոնություն եւ նման բաները թող մնան իրեն եւ դեռ կուրորեն իրեն հավատացողներին։ Մոլորյալս կարծում էր, թե իր նախորդների անփառունակ վերջաբանը դաս կլինի իրեն, որ կգիտակցի հազարամյակների փորձություն անցած, այսօր էլ բարդագույն մարտահրավերների դեմ-հանդիման կանգնած ժողովրդի առաջնորդ լինելու բացառիկ առաքելության բեռն իր դալուկ ուսերին վերցնելու պատասխանատվությունը։ Փաշինյանը մինչ օրս մոլորության մեջ է, թե հայ ազգը Նիկոլի սիրույն է փշրել իր «շղթաները»։ Ցավոք, ձի նստելով՝ նա մոռացավ Աստծուն։ Խոստացավ քանդել բոլոր բարիկադները, բայց չինական պարիսպ կառուցեց իր եւ նախորդների, իր եւ ժողովրդի, իր եւ միջազգային հանրության միջեւ։ Ցավոք, անհույս են դարձի գալու կոչերը։ Ժամանակն է՝ տղամարդավարի խոստովանելու, որ իրենից վարչապետ չստացվեց․․․Իր երկիրը սիրող մարդը կա՛նի այդ քայլը։

ՀԳ․ Ես տկարամիտ չեմ, որ հավատամ, թե իշխանական վայելքները համտեսած վարչապետն ինչ-որ հրաշքով կլսի հորդորս, բայց նա ի վերջո պետք է հասկանա (կամ իրեն պետք է հասկացնել), որ մեր հայրենիքն անտեր որբի գլուխ չէ․․․

Սիմոն Հակոբյան