«Զատիկի» նախկին սանը դանակահարություններ է կատարել, բայց դեպքերը չեն գրանցվել

«Զատիկի» նախկին սանը դանակահարություններ է կատարել, բայց դեպքերը չեն գրանցվել

Մայիսի 1-ին արյունալի հանցագործություն է կատարվել մի հաստատությունում, որտեղ երբեք քրեական որեւէ դեպք չէր արձանագրվել՝ «Զատիկ» մանկատանը: Այսօր այս հաստատությունը կոչվում է Երեխաների աջակցության կենտրոն: 

Մայիսի մեկի երեկոյան «Զատիկի» նախկին սաներից Կարեն Առաքելյանը դանակով հարվածել է մեկ այլ երեխայի՝ 17 տարեկան Վ. Դ․-ին, որն «աջ ազդրի, ձախ բազկի, կրծքավանդակի հետին հատվածի կտրած-ծակած վերքով» Միքայելյանի անվան հիվանդանոց էր տեղափոխվել: Տղայի առողջությանն այսօր վտանգ չի սպառնում։ Բայց դեպքի օրը նրան անմիջապես տարել էին վերակենդանացման բաժանմունք։ Նա ծանր վիճակում էր: Չէր կարողանում ո՛չ շնչել, ո՛չ խոսել: 

Անվտանգության աշխատակիցը հեռացված է աշխատանքից

Ոստիկանությունը նույն օրը հաղորդեց, որ Վ. Դ.-ին դանակահարած 19-ամյա Կարեն Առաքելյանն ինքնակամ ներկայացել է բաժին: Տարօրինակն այն է, որ դանակահարությունը տեղի է ունեցել անվտանգության աշխատակցի աչքի առաջ: Նա չի կարողացել կանխել երիտասարդի գործողությունները եւ այժմ ազատված է աշխատանքից: 
Մեր տեղեկություններով, հաջորդ օրը հիվանդանոց է տեղափոխվել մեկ այլ երեխա, որը նույնպես վնասվածքներ ուներ: Ինչպես պարզվեց, նույն միջադեպի հետեւանքով: Նա սկզբում կարողացել է թաքցնել իր հետ կատարվածը: «Զատիկի» աշխատակիցները շտապօգնություն են կանչել միայն հաջորդ օրը: 

Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը «Հրապարակին» հայտնեց, որ գործը երեկ՝ մայիսի 12-ին, վարույթ է ստացվել, իսկ ոստիկանության լրատվության պատասխանատուներից Էդգար Ջանոյանն ասաց, որ հարուցվել է քրգործ՝ ՔՕ 112 հոդվածի 1 մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: 

Ինչպե՞ս պատահեց դեպքը

Մանրամասները պարզեցինք «Զատիկի» տնօրեն Սիրանուշ Անտոնյանից, որը կենտրոնը ղեկավարում է անցյալ տարվա հուլիսից: 

Տնօրենը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ դանակահարողը «Զատիկի» նախկին սաներից է եղել։ Նրա հետ զրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ: 

- Տիկին Անտոնյան, Դուք պարզեցի՞ք, թե ինչ է տեղի ունեցել: 

- Այդ երեխան, որն իրականացրել է դանակահարությունը, մեր նախկին սաներից է, իրավախախտ է եղել, խնդիրներ է ունեցել օրենքի հետ, գողություններ է իրականացրել եւ այլն: Դանակահարությունների փորձեր նախկինում էլ է արել՝ ծնողի է հետեւից, ուսից խփել, երեխայի ոտքի է խփել, աշխատակցի է խփել: Բայց բողոք չի եղել, եւ այդ դեպքերը հետեւանք չեն ունեցել: 

- Նա նախկինում դատված չի՞ եղել: 

- Ոչ, գողությունների դեպքերով դեռ քննություն է իրականացվում: Մինչ այդ էլ նա իրավախախտ վարքագծի պատճառով հայտնվել է մեզ մոտ: Նա բարդ երեխա էր, հայրը սպանել է նրա մորը: Հայրը ՔԿՀ-ում է, իրեն էլ տեղափոխել են մեզ մոտ, քանի որ նա մշտական բնակության վայր չի ունեցել: Այնպես է ստացվել, որ իմ՝ պաշտոնի նշանակվելուց հետո ես օրինականացրել եմ նրա այստեղ մնալը ու որոշել եմ իր հետ աշխատանք տանել, որպեսզի նա շտկվի: Նրա մոտ ահագին դրական փոփոխություններ կային: Երբ նա արդեն չափահաս դարձավ, դուրս գրվեց «Զատիկից»: Մնում էր հորաքրոջ տանը, հետո՝ մորաքրոջ տանը: Նա տուն ուներ մնալու: Ամեն դեպքում, մենք փորձել ենք նրա համար աշխատանք գտնել: Նա պետք է գնար բանակ, բայց քանի որ նրա դեմ գործեր էին քննվում, նրան չզորակոչեցին: Իր համար շատ բաներ են արվել: 

- Փաստորեն, այդ տղայի մուտքն արդեն արգելվա՞ծ էր մանկատուն: 

- Այո: Նա գողություն էր արել իմ գալուց մեկ ամիս հետո: Գողացել էր մեքենայի խլացուցիչը: Դրանից հետո պահակային ծառայությունը փոխեցինք անվտանգության ծառայության, դոմոֆոն տեղադրեցինք, դռների վրա պլոմբներ են դրվել, իմ հրամաններով կարգավորվել են բոլորի պարտականությունները: Այդտեղ մինչ այդ նման կանոնակարգումներ չեն եղել: Անվտանգության աշխատակիցների պարտականություններում էլ կետ է մտցվել, որ անպայման օտար անձանց ինքնությունը ճշտեն, նրանց մուտքը թույլ տան միայն տնօրենի թույլտվությամբ: Նաեւ՝ որ արտակարգ դրության պայմաններում դրսից անձանց մուտքն արգելված է: Այդ տղայի հետ կապված՝ հատուկ ցուցում էլ է  եղել: Հիմա թե ինքն ինչպես է համոզել անվտանգության աշխատակցին՝ վախեցրել է, թե ինչ է արել, համոզել է, որ անվտանգության աշխատակիցն իրեն թույլ է տվել բարձրանալ վերեւ, եւ այդ աշխատակցի ներկայությամբ էլ, փաստորեն, այդ ցավալի դեպքը եղել է: Հիմա նրա հետ պայմանագիրը խզվում է: Աշխատակիցները՝ դայակներն ու մանկավարժները, նկատողություններ են ստացել:  

- Իսկ վեճի պատճառն ի՞նչն է եղել: 

- Հազար ու մի վարկածներ են շրջում, բայց քանի որ քննություն է իրականացվում, ոստիկանությունը, քննչական մարմինները թող որոշեն: 

- Ճի՞շտ է, որ Դուք նախկինում աշխատել եք ոստիկանությունում: 

- Ավելի ճիշտ՝ ոստիկանությանը պատկանող երեխաների զարգացման կենտրոնում եմ աշխատել:

- Տիկին Անտոնյան, դեպքի հաջորդ օրը եւս մի երեխա է բացահայտվել վնասվածքներով: Ինչպե՞ս է դա պատահել: 

- Ոչ, այդպես չի եղել: Կասկածներ են եղել, որ կարող է վնաս է հասցվել այդ երեխային, բայց հետո բժշկական փորձաքննությունը պարզել է, որ ոչ մի խնդիր չի եղել այդ երեխայի հետ: Ուղղակի նա այնտեղ է եղել, որ իր ինքնազգացողությունը վատացել է, մենք էլ որոշեցինք դիմել շտապօգնություն: 

- Բայց մյուս օ՞րը որոշեցիք: Նա մյուս օրն է, չէ՞, տեղափոխվել: 

- Մյուս օրը մենք նրան շտապօգնությամբ տեղափոխեցինք հիվանդանոց, որովհետեւ սրտխառնոց ուներ, բայց պարզվեց, որ ոչ մի բան չկար: 

Նկատենք, որ տնօրենի պատասխանը հակասում է ոստիկանության պաշտոնական հաղորդագրությանը, որը տարածվել էր մայիսի 7-ին: Այնտեղ ասված է. «Դեպքի հաջորդ օրը՝ մայիսի 2-ին, ժամը 14։40-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կրկին մարմնական վնասվածքով բուժօգնության տեղափոխված պատանու վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Տուժածի մոտ ախտորոշվել էր գանգուղեղային տրավմա։ Պարզվեց, որ նա վնասվածքը ստացել է նույն վիճաբանության ժամանակ. ոստիկանություն ներկայացած երիտասարդն էր ոտքերով խփել ու մարմնական վնասվածք պատճառել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»։

Կարենին՝ որպես բարդ դեպքի, ճանաչել են շատերը

Դանակահարող երիտասարդը՝ Կարեն Առաքելյանը, որպես բարդ դեպք, հայտնի էր նույնիսկ սոցապնախարարության աշխատակիցներին: Նախկին աշխատակիցներից մեկը «Հրապարակին» պատմեց, որ «Զատիկի» աշխատակիցները շատ են աշխատել Կարեն Առաքելյանի հետ, փորձել են նրան ճիշտ ուղու վրա կանգնեցնել, սակայն չի հաջողվել: «Այդ պատանին ընտանիքում էր տեսել դաժանություն: Իսկ դա հանելը մարդու միջից դժվար է շատ»,- ասաց նախկին պաշտոնյան: Ինչո՞ւ այդպես պատահեց: «Մի տեղ բացթողում եղել է՝ դա կլինի մասնագիտական, թե հոգեբանական աշխատանքի մեջ: Միգուցե այդ կենտրոնն իր ուժերը գերագնահատել է: Որովհետեւ նման երեխաներին նախկինում խիստ ռեժիմներում էին պահել, հիմա մենք դրան կողմ չենք, բայց փաստ է, որ կան երեխաներ, որոնց պետք է պահել ուժեղացված հաստատություններում: Պետք է շատ պրոֆեսիոնալ լինել նման հարցերում եւ պատասխանատվություն կարողանալ կրել սեփական սխալների համար»,- ասաց նախկին աշխատակիցը, որն իրավախախտ երեխաների հետ աշխատանքի մեծ փորձ ունի: 

«Զատիկ» մանկատան նախկին տնօրեն Աշոտ Մնացականյանը նույնպես ճանաչել է Կարեն Առաքելյանին: «Նա բարդ, բացառիկ բարդ երեխա է եղել: Ինչ-որ ձեւով կարողացել ենք համատեղ ապրել: Բայց Քրիստոսի 12 աշակերտներից մեկը Հուդան է եղել, եւ բացարձակ որակ ու կարողություն՝ բոլորի հետ աշխատելու, ոչ մեկին տրված չէ՝ աշխատանքի մեջ չունենալ գարշապար: Այս դեպքում ես՝ ինքս, չեմ կարողացել լուծել այս խնդիրը եւ ներկա տնօրենին էլ չեմ կարող մեղադրել: Ես՝ ինքս, չեմ լուծել այդ խնդիրը: Փաստորեն, միշտ կան անսպասելի դեպքեր, երբ դու անզոր ես»,- խոստովանեց Մնացականյանը: Գուցե ճի՞շտ էր իրավախախտ երեխաներին առանձին կիսափակ հաստատությունում պահելը: Այսօր այս կարգը վերացվեց, եւ գուցե սա՞ է պատճառը, որ նման դեպքերը հնարավոր դարձան: Աշոտ Մնացականյանը մեր հարցին պատասխանեց. «Այո: «Զատիկն» այսօր, դժբախտաբար, դառնում է այդպիսի մի կառույց, որտեղ բարդ դեպքեր են գալիս, բայց որի նախաստեղծ կերպն այդպես մտածված չի եղել»: