Ադրբեջանին պետք էր հասկանալ, թե կարո՞ղ է մարսել Հայաստանի տարածքի վրա հարձակումը

Ադրբեջանին պետք էր հասկանալ, թե կարո՞ղ է մարսել Հայաստանի տարածքի վրա հարձակումը

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

- Թեպետ այժմ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանդարտ է, վերջին օրերին նոր զոհեր և վիրավորներ չունենք, սակայն տագնապն ու խուճապային տրամադրությունները չեն պակասում: Տպավորություն է, թե ամեն վայրկյան կա նոր պատերազմի վտանգ: Խոսվում է այն մասին, որ եթե առաջիկայում Հայաստանն ու Ադրբեջանը չգան ընդհանուր հայտարարի, իսկ ավելի կոնկրետ, եթե Հայաստանն Ադրբեջանին չտա այն, ինչ նա է ցանկանում, կարող են նոր ռազմական գործողություններ սկսվել:

- Նոր ստորագրվելիք փաստաթղթի նախապատրաստման մասին դեռ բրյուսելյան հանդիպումներից պարզ դարձավ: Այդ մասին արվեց պաշտոնական հայտարարություն, որ կողմերն ունեն մեկ ամիս ժամանակ փաստաթղթի բովանդակությունն ավարտին հասցնելու համար: Այժմ այդ տեքստի վրա մեծ աշխատանք է տարվում: Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում հանրությանը փորձում էին ամեն գնով համոզել, թե ոչ մի փաստաթուղթ էլ գոյություն չունի, սակայն բոլորս արդեն պաշտոնապես միջազգային մոդերատորներից տեղեկացել ենք, որ նոր փաստաթղթի վրա աշխատանքներ են տարվում, այսօր էլ այն համաձայնեցվում է արտաքին գործերի նախարարների մակարդակով: Անշուշտ, պատրաստվում են ինչ-որ մի հերթական փաստաթղթի տակ ստորագրել, իսկ ահա դրա բովանդակության վերաբերյալ կան տարատեսակ վարկածներ, բայց հաշվի առնելով, որ Նիկոլին մոտ կանգնած «Հայկական ժաանակ»-ի հավաստի, սակայն անանուն աղբյուրները որոշակի փակագծեր են բացել և հենց ինքը` Նիկոլն էլ Ազգային ժողովի իր ելույթների ժամանակ որոշակի փակագծեր բացեց, ակնհայտ է, որ Հայաստանը կատարելու է Ադրբեջանի բոլոր պարտադրանքները:

- Շատ է քննարկվում Սյունիքի միջանցքի հարցը, սակայն իշխանությունները, մասնավորապես` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ չկա որևէ միջանցքի հարց:

- Արդեն երկու տարի է, ինչ փաստացի միջանցքի հարցը քննարկվում է: Ադրբեջանը պահանջում է, որ Սյունիքի միջանցքը ստանա նույն այն իրավական կարգավիճակը, որը եղել է Լաչինի միջանցքի դեպքում, սակայն մենք գիտենք, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ նոյեմբերի 9-ի փաստաթղթում հստակ գրված է, այնինչ Զանգեզուրի միջանցքի հարցը որևէ փաստաթղթում չկա, կա կոմունիկացիաների բացման հարց, սակայն Ադրբեջանն արդեն երկու տարի է ինչ սպառնում է և ուժ է կիրառում, որպեսզի հայկական կողմին պարտադրի զիջումների գնալ այս հարցում և համաձայնել իրենց տրամադրել Զանգեզուրի միջանցք ասվածը:

- Ստացվում է, որ Հայաստանը հլու հնազանդ կատարում է և կատարելու է Ադրբեջանի բոլոր պահանջները: Այդ դեպքում հարց է առաջանում. ինչո՞ւ կրկին ռազմական գործողություններ, զոհեր ու կորուստներ….

- Հիմնական նպատակը հայ հասարակության վրա հոգեբանական ճնշում գործադրելն է: Հնարավորինս ցանկանում են ճնշել հասարակությանը, որպեսզի ցանկացած բովանդակության փաստաթուղթ ստորագրվելուն պես ցասում չառաջանա: Սա հիմնական նպատակն է, սակայն կա այլ նպատակ: Ադրբեջանական կողմը ցանկանում է ստուգել միջազգային հանրության արձագանքը, որովհետև սա հարձակում էր արդեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա, ընդ որում աշխարհի ուշադրությունն այսօր կենտրոնացած է Ուկրաինայի վրա: Այսպիսով, Ադբեջանին պետք էր հասկանալ, թե կարո՞ղ է մարսել Հայաստանի տարածքի վրա հարձակումը, միջազգային հանրությունը կանցնի՞ կոնկրետ գործողությունների, թե՞ ոչ: Այս պահի դրությամբ մենք միայն ինչ-որ խմբերի այցելությունների մասին ենք լսում, ուրիշ ոչինչ: Չի խոսվում ադրբեջանական զորքը Հայաստանի սուվերեն տարածքից դուրս բերելու մասին:

- Պրահայում քառակողմ հանդիպում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի, Մակրոնի, Շառլ Միշելի և Ալիևի հետ, այնուհետ առանձին հանդիպում` նաև Էրդողանի հետ: Ի՞նչ սպասել այդ հանդիպումներից:

- Կարծում եմ, որ այդ հանդիպումները դիրքորոշումների հստակեցման համար էր, քանի դեռ նոր փաստաթղթեր են նախատեսվում ստորագրել: Ադրբեջանի համար շատ կարևոր էր կորզել, թե ինչ տարածքային ամբողջականության ճանաչման թեզ է շրջանառվում, անկախ նրանից, թե դրա բովանդակային բացվածքն ինչքանով է Արցախին վերաբերում: Ադրբեջանական քարոզչամեքենան միջազգային հանրությանը դա մատուցեց որպես հաղթանակ` արձանագրելով, որ իրենք Արցախի հարցում այլևս բանակցային սեղանի շուրջ չեն նստելու և որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ: Այս մասին մենք նաև լսեցինք իշխող թիմի որոշ ներկայացուցիչներից:

- Այդ հանդիպումից հետո շատ է խոսվում, որ պետք է առաջնորդվեն 1991 թվականի քարտեզներով, սակայն մենք գիտենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատում և սահմանագծում չի իրականացվել: Ի՞նչ է սա նշանակում….

- Քարտեզների հարցը մնում է բաց. ամեն մեկն իր տարբերակի մասին է խոսում: Դեռևս հստակ չէ, թե սահմանազատումն ու սահանագծումը կոնկրետ որ քարտեզներով է իրականացվում: Ադրբեջանն ուզում է 20-ականների քարտեզով առաջնորդվել, Ռուսաստանը խոսում է 70-ականների քարտեզի մասին, սակայն թե ինչ քարտեզ է առաջարկում Հայաստանը, մենք այդ մասին չգիտենք ոչինչ, փոխարենը գիտենք, որ առաջնորդվելու են Ալմա Աթայի հռչակագրով, սակայն թե արդյունքում ինչ տեղի կունենա, պարզ չէ: