«Հրապարակ»․ Հա, հեսա Թուրքիայի տնտեսությանն ենք հասնում, բան չի մնացել

«Հրապարակ»․ Հա, հեսա Թուրքիայի տնտեսությանն ենք հասնում, բան չի մնացել

Երեկ ԱԺ էին այցելել ՔՊ-ի ամենաանհասանելի պաշտոնյաներից երկուսը՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Առաջինը եկել էր բյուջե զեկուցելու, երկրորդը՝ զինծառայողների ատեստավորման նախագիծը ներկայացնելու։ Զօրուգիշեր ժողովրդավարությունից, բաց ու թափանցիկ աշխատաոճից ճամարտակող կուսակցության երկու կարկառուն ներկայացուցիչները, սակայն, նիստից հետո, բառի բուն իմաստով, ճողոպրեցին լրագրողներից՝ թաքնվելով իրենց թիկնազորի կազմած վահանի հետեւում։ Ադրբեջանն ամեն օր Հայաստանին նոր պահանջներ է ներկայացնում՝ հետ կանգնելով իր պայմանավորվածություններից, բանակցային ճակատում անորոշություն է, թշնամին էլ կիլոմետրերով մխրճվել է Հայաստանի սուվերեն տարածքում ու դուրս չի գալիս, եւ այդ երկու գերատեսչությունների ղեկավարները գալիս են ԱԺ ու հարկ չեն համարում լրագրողների միջոցով հանրությանը գոնե երկու բառ տեղեկատվություն հաղորդել, թե ինչ է կատարվում դիվանագիտական ու ռազմական ճակատում։ Նրանք նախընտրում են ԱԺ-ում «թիթեռ նկարել», բայց հանրությանը հաշվետու չլինել։
Ի դեպ, երեկ իրենց հարազատ կուսակցությունում՝ «ամենաժողովրդավար» ՔՊ-ում, նաեւ հերթական խայտառակությունն էր տեղի ունեցել։

Մենք գրել էինք, թե ինչպես են կուսակցության վարչության ընտրությունները կեղծվել, եւ ինչպես է հետո վերահաշվարկ կատարվել, ինչի արդյունքում վարչության կազմը հնարավոր է փոփոխություն կրի՝ Հայկ Կոնջորյանն ու Համբարձում Մաթեւոսյանը դուրս մնան վարչության կազմից, նրանց փոխարեն վարչության անդամ դառնան Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը։ ՔՊ-ականներն այս թեմայով երեկ ոչինչ չունեին ասելու։ Նրանցից մեկն անտեղյակ էր, մյուսը՝ Վահագն Ալեքսանյանը, միջանցքում քթի տակ մրթմրթալով փորձում էր հերքել, թե «ոչ մի վերահաշվարկ էլ տեղի չի ունեցել», չնայած հետո Տիգրան Ավինյանը հաստատեց, որ կուսակցականներից ոմանց պահանջով տեղի է ունեցել վերահաշվարկ՝ փաստացի ի ցույց դնելով Ալեքսանյանի ստախոսությունը։ Մեկ այլ ՔՊ-ական էլ խոստանում էր, որ շուտով կուսակցությունը հայտարարություն կտարածի ու բոլոր հարցերին «սպառիչ պատասխան կտա»։

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը եւս «տեղյակ» չէր, թե ինչ սկանդալային գործընթացներ են տեղի ունեցել հարազատ կուսակցությունում։ «Չեմ կարող ասել՝ վերահաշվարկի արդյունքներն ինչ է եղել, բացարձակ էդ ուղղությամբ դեռեւս չեմ հետաքրքրվել, որովհետեւ հենց նոր ժամանեցի Գորիսից»,- ասաց Խաչատրյանը, ում, այս թեմայից զատ, նաեւ սահմանային իրավիճակից մի քանի հարց ուղղեցինք, որից նա սկսեց փրփրել ու նյարդայնանալ։
Մեր դիտարկմանը, թե ստացվում է՝ ՔՊ-ում նույնիսկ իրենց ներքին ընտրությունն են կեղծում, Խաչատրյանը հակադարձեց․ «ՔՊ-ում չի կարա բան կեղծվի, կարա անճշտություն լինի, բայց որ հաստատ բոլոր տեսակի անճշտությունները եւ թերությունները վերհանվելու են եւ պարզաբանվելու են, դրանում կասկած չունեմ։ Բայց էս պահին ձեռնպահ կմնամ, իրականում տեղյակ չեմ վերահաշվարկի արդյունքներից։ Տեղեկանամ-պրծնեմ՝ անպայման կասեմ»։

- Իսկ ինչպե՞ս եղավ, որ Նիկոլ Փաշինյանը որոշեց ՔՊ վարչության նախագահ դառնալ, նա նախկինում դեմ էր կուսակցապետությանը, ասում էր՝ հույս ունի, որ կուսակցությունն իրեն չի առաջադրի վարչության նախագահի պաշտոնում։

- Դե, էս անգամ առաջադրել ենք եւ գտել ենք, որ ճիշտն էդ ա։

- Այսինքն՝ այս անգամ էլ սկզբունքներից հետ կանգնեցիք։

- Չէ, դա ինքն ընդառաջ գնաց մեր ցանկությանը։

- Իսկ դուք չգիտեի՞ք, որ ձեր քաղաքական առաջնորդը դեմ է նման բաներին, ինչո՞ւ գնացիք այդ ճանապարհով։

- Ինչի՞ նման։ Կուսակցապետություն չկա էստեղ։

- Մի ժամանակ ՀՀԿ-ն էր այդպես անում։

- Չէ, ՀՀԿ-ի հետ ի՞նչ կապ ունի։

- Լավ, իսկ Ջերմուկի հատվածում, ի վերջո, թշնամին քանի՞ կմ է առաջ եկել։

- Չեմ կարող ասել։

- Բայց առաջ եկել են, ճի՞շտ է։

- Հա, եկել են, բա ի՞նչ են արել։

- Իսկ ինչո՞ւ դուրս չենք վռնդում մեր սուվերեն տարածք ներխուժած ոսոխին։

- Ամեն օր էդ մասին խոսում եմ, հիմա ես պետք ա քեզ բացատրե՞մ՝ ինչու չենք վռնդում, ինչու պատերազմական գործողություններ չենք սկսում, ինչու լայնածավալ պատերազմ չենք սկսում Ադրբեջանի դեմ։

- Ոչ, իրենք են սկսում մեր դեմ։ Մենք կարո՞ղ ենք գոնե պատժիչ գործողություն ձեռնարկել։

- Այսինքն՝ լայնամասշտաբ պատժի՞չ։

- Ոչ։

- Բա ի՞նչ։ Ալիեւը պետք ա ասի՝ կներեք, հա՞․․․

- Այսինքն՝ այդ պահին մեր ուժերը չե՞ն բավականացրել, որպեսզի թույլ չտանք ներխուժել մեր տարածք։

- Այո, մեր ուժերն անհավասար են եւ չեն բավականացնում, եւ սա ՀՀ ցանկացած քաղաքացի գիտի, որ մեր ուժերն անհավասարաչափ են՝ այս պահի դրությամբ։

- Իսկ քանակապե՞ս միայն, թե՞ զինտեխնիկայով էլ։

- Ամեն ինչով, ե՛ւ տնտեսապես, ե՛ւ զենք-զինամթերքով, ե՛ւ ամեն ինչով։

- Բա ասում եք՝ մեր տնտեսության վիճակը լավ է։

- Հա, բայց մեր տնտեսությունը նավթ չունի։ Այո, մեր տնտեսությունը՝ համեմատաբար մեր նախկին տնտեսության, շատ լավ է, բայց համեմատած Ադրբեջանի եւ Թուրքիայի տնտեսության, պա՞րզ չի, որ շատ թույլ է։

- Իսկ եթե լավ է, էդ լավի հաշվին ինչո՞ւ զենք չի գնվում, գումարները չեն ուղղվում մեր պաշտպանությանը։

- Լավ, էլի, ասում ա՝ տնտեսությունը զարգացել ա, հա, հեսա Թուրքիայի տնտեսությանն ենք հասնում, բան չի մնացել։