Քաղաքապետարանը «չորով» խոչընդոտում է շինարարություններին

Քաղաքապետարանը «չորով» խոչընդոտում է շինարարություններին
Արշակ Մխիթարյան

Երեւանի քաղաքապետարանը, իսկ ավելի ստույգ՝ քաղաքային նոր իշխանությունները՝ Հայկ Մարությանի եւ մի քանի այլ պաշտոնյաների գլխավորությամբ, իսկական գլխացավանք են դարձել ներդրողների, կառուցապատողների, գործարար աշխարհի տարբեր ներկայացուցիչների համար։ Նրանք, հակառակ Նիկոլ Փաշինյանի հայտարարած սկզբունքներին, փոխանակ օգնեն, շարունակ խոչընդոտներ են հարուցում, քաշքշուկներ առաջացնում այն անձանց համար, որոնք պատրաստվում են քաղաքում ներդրում անել ու, ասենք, շինարարություն սկսել կամ որեւէ բան կառուցել։ Հատկապես դժգոհությունը մեծ է Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանից, որը, ասում են, տարօրինակ վարքագիծ է դրսեւորում, երբ նրան դիմում են կառուցապատման թույլտվություն ստանալու համար։ Մեսչյանը «չորով» մերժում է կառուցապատողներին՝ շինարարության համար նրանց թույլտվություն չտրամադրելով։ Մերժումներն էլ հիմնականում լինում են առանց տրամաբանական հիմնավորումների։

Այս խնդրի առաջ է կանգնել ոչ միայն հասարակ մի խանութ, այլեւ բազմաբնակարան շենք կառուցողները, որոնց Մեսչյանը շինթույլտվություն չի տալիս՝ ասելով, թե հարկերի քանակը շատ է, շենքը բարձր է, քաղաքին չի սազում եւ այլն։

Օրինակ՝ Փակ շուկայի հետեւի մասում ներդրողներից մեկը, որը, մեր տեղեկություններով, նախկին պատգամավոր Արշակ Մխիթարյանն է՝ Բռլյանտի Արշակը, տեւական ժամանակ է՝ ուզում է բազմահարկ շենք կառուցել, բայց քաղաքապետարանից թույլտվություն չեն տրամադրում։ Արթուր Մեսչյանի հետ զրուցել չհաջողվեց, քանզի նա մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում։

Փոխարենը զրուցեցինք Արշակ Մխիթարյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ կառուցապատողը, իրականում, ինքը չէ, այլ իրեն հարազատ մարդ, սակայն ինքը տեղյակ է ամեն ինչից, ու պատմեց, թե ինչ խնդիրներ են հարուցել քաղաքապետարանից։

«Այո, ճիշտ եք լսել, որ պրոբլեմներ են առաջացնում՝ հիմնականում հարկայնության հետ կապված։ Հաշվի չեն առնում, որ դա բիզնես-ծրագիր է, մեկ-երկու հարկ ավելից է կախված՝ կառուցապատողն էդտեղ եկամուտ կստանա՞, թե՞ չի ստանա։ Էսօր քաղաքի հատկապես կենտրոնում հողի արժեքը շատ բարձր է, իրենք չեն կարողանում կառուցապատողի վիճակի մեջ մտնել, էդ կառուցումը, շինարարությունը, ռիսկերը, էդ ամեն ինչը հաշվի չեն առնում, եւ այսօր մեծ ռիսկ է շինարարական բիզնես անելը իրենց տված էդ չափերից ելնելով»,- ասաց պարոն Մխիթարյանը, որը կենտրոնում բազմաբնակարան շենք է կառուցել դեռ տարիներ առաջ։

- Իսկ Դուք ինչպե՞ս եք տեսնում լուծումը։

- Ես տեսնում եմ, որ գոնե բիզնես-ծրագիրը, որ ներկայացնում են, հաշվի առնեն էդ հարկայնության խնդիրը, որ մարդիկ էդքան հարկ ոչ թե ուզում են գերշահույթ ստանալու համար, այլ մի քանի հարկ ավել են ուզում՝ չվնասվելու, իրենց ռիսկերը նվազեցնելու համար։

- Իսկ իրենք քանի՞ հարկ են թույլ տալիս, չափանիշը ո՞րն է։

- Գիտե՞ք ոնց, դու դիմում ես, որ 15 հարկ լինի, ասում են՝ չէ, 10 հարկից ավել չի լինի։ Կամ՝ դիմում ես 12 հարկի համար, ասում են՝ չէ, 8-ից ավել չի լինի։ Էսպիսի ինչ-որ քաղաքականություն են մշակել, որ հատկապես կենտրոնում հարկայնությունը նվազեցնել, հողամասի համար կառուցապատման տոկոսը փոքրացնել, էս ամեն ինչից ելնելով՝ ստացվում է, որ բիզնես-ծրագիրն անհետաքրքիր է դառնում։

- Հիմա կոնկրետ Ձեր մտերիմը, որ դիմել է շենք կառուցելու համար, իրեն ի՞նչ են ասել, քանի՞ հարկ էր ուզում կառուցել, եւ ինչո՞ւ են  մերժել։

- Գիտե՞ք ինչ, ժամանակին էդտեղ, նախկինում 18 հարկի ԱՊԶ (արխիտեկտուրնո-պրոյեկտնոյե զադանիե՝ քաղաքաշինական առաջադրանք՝ Վ․ Մ․) է եղել, երբ որ ԱՊԶ-ի ժամկետը լրացել է, եւ դիմել են, որ ժամկետը երկարացնեն, մերժել են։ Դրանից հետո ասել են, որ պակաս հարկերով ներկայացնեն։ Ներկայացվել է 13 հարկ, էլի չեն համաձայնել, իջեցրել-հասցրել են 8 հարկի։ Էս պահին 8 հարկի մասին է խոսքը։ Բայց որ դրան նայում ես որպես բիզնեսի, դա դառնում է արդեն անհետաքրքիր ու ռիսկային։ Շուկայի տատանումներից ելնելով, շատ-շատ հանգամանքներց ելնելով՝ այդ բիզնես-ծրագիրը դառնում է ռիսկային։ Հաշվի չի առնվում, որ մենք կիսապատերազմական վիճակում ենք, սահմանում մի թեթեւ իրարանցում՝ մեզ մոտ շուկան փլուզվում է միանգամից։ Ոչ մի բան հաշվի չեն առնում։ Իսկ մենք ինչի՞ համար ենք մի քանի հարկ ուզում, ոչ թե որ գերշահույթ ստանանք, այլ մեր ռիսկերն ենք փոքրացնում դրանով։

- Իսկ 8 հարկով համաձայնե՞լ է Ձեր մտերիմը, եւ քաղաքապետարանը պատրա՞ստ է թույլտվություն տալ։

- Այո, 8 հարկի համար նախնական համաձայնություն տրված է։