Առաջին անգամ կանցկացվի «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն

Առաջին անգամ կանցկացվի «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի եւ «ԱԿՏ» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ կիրականացվի «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթ, եւ կբացվի ցուցահանդես, որը սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 31-ի ժամը 11։00-17։00-ն բաց կլինի հանրության համար։

«Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ եւ անցկացվում է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100 ամյակի միջոցառումների շրջանակում:

Սեպտեմբերի 28-ին, ժամը 17։00-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում կազդարարվի փառատոնի մեկնարկը, եւ կբացվի ցուցահանդեսը։
Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 29-ին, ժամը 15։30-ից Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Փոքր բեմում ժյուրիի անդամներ Միշալ Բատորին (Ֆրանսիա), Սերգեյ Սերովը (Ռուսաստան), Էբրահիմ Հաղիղին (Իրան) կներկայանան դասախոսություններով: Մուտքն ազատ է։

Տեղեկացնենք, որ փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել 29 երկրի 177 հեղինակ՝ 406 աշխատանքով։ Նախազատման արդյունքում մրցութային փուլ է անցել 21 երկրի 70 հեղինակի 95 աշխատանք, որոնք կներկայացվեն ցուցահանդեսի շրջանակում եւ կգնահատվեն միջազգային ժյուրիի կողմից։

«Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթի նպատակն է՝ հայ արվեստասեր հանրությանը ծանոթացնել թատերական պաստառների միջազգային արդի միտումներին, նպաստել պաստառների հանդեպ հետաքրքրության բարձրացմանը, երկխոսության կամուրջ դառնալ հայ եւ արտերկրի արվեստագետների միջեւ։

Փառատոնի նախազատման հանձնաժողովում ընդգրկված են գրաֆիկ դիզայներ, արվեստագետ, «ԱԿՏ» մշակութային ՀԿ նախագահ Էդիկ Պողոսյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյանը, գրաֆիկ դիզայներ Գարեգին Մարտիրոսյանը, լուսանկարիչ Վահան Ստեփանյանը։