Փարիզն ու Թեհրանը «թշնամիներ են»․ Բաքվի արձագանքը՝ Սենատի բանաձևին

Փարիզն ու Թեհրանը «թշնամիներ են»․ Բաքվի արձագանքը՝ Սենատի բանաձևին

«Նման իրավիճակ Ֆրանսիայի դիրքորոշման հետ կապված նկատվում էր նաև Հայրենական պատերազմի մեկնարկից առաջ։ Բայց այդ փաստաթղթի ազդեցության ոլորտը սահմանափակվեց միայն Սենատով»։ Այս մասին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ասել է պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատի կողմից նոյեմբերի 15-ին ընդունած հայտնի բանաձևը, որով աջակցություն է հայտնվում Հայաստանին ու Արցախին, ինչպես նաև դատապարտվում ադրբեջանական ագրեսիան։

Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը չի հասկանում, որ Սենատի այս որոշումը չի բխում հայերին պաշտպանելու ցանկությունից.

«Դա գալիս է Հարավային Կովկասում իր աշխարհաքաղաքական շահերը ներկայացնելու՝ Ֆրանսիայի ցանկությունից։ Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության տակ Ֆրանսիայի ստորագրությունը չկար։ 44-օրյա պատերազմի արդյունքները պատմության մեջ պահպանվել են որպես Ադրբեջանի հաջողություն համաշխարհային պատմության մեջ և որպես Մինսկի խմբի ձախողում։ Նրանք այսօր նման քայլերի են դիմում իրենց իսկ անհաջողության պատճառով։ 
Երկարատև խաղաղությունը չի բխում որոշ երկրների շահերից: Մեր ֆրանսիացի գործընկերները պետք է հաշվի առնեն, որ Հարավային Կովկասն արդեն 2 տարի ապրում է նոր իրողություններով»։

Ադրբեջանցի մեկ այլ պատգամավոր՝ Ռամին Մամեդովն առաջարկել է ի պատասխան Սենատի բանաձևի՝ երկրի խորհրդարանում լսումներ անցկացնել «ալժիրցիների ցեղասպանության» հարցով, իսկ նրա գործընկերներից՝ Ֆազաիլ Աղամալին կոչ է արել փաստաթուղթ ընդունել ընդդեմ Իրանի և Ֆրանսիայի․ «Առաջարկում են վաղը ևեթ քննարկել Իրանի և Ֆրանսիայի թշնամական վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ և ընդունել համապատասխան փաստաթուղթ խորհրդարանի մակարդակով»։